կարևոր
1201 դիտում, 2 ժամ առաջ - 2025-05-01 09:23
Հասարակություն

2 տարի պայքարեց` 5 ամիս հազիվ աշխատեց․ «Հրապարակ»

2 տարի պայքարեց` 5 ամիս հազիվ աշխատեց․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Գրել էինք, որ նախօրեին՝ ուշ երեկոյան, աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը։ Երեկ ՍԱՏՄ խոսնակը հաստատել է մեր լուրը՝ նշելով, որ դիմումը գրվել է ուշ երեկոյան եւ մանրամասներ չի հաղորդել, թե ինչու է նշանակումից մոտ կես տարի անց Դանիելյանը հեռանում կառույցից։ Նա ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն այդ կառույցի  ղեկավար դառնալու ցանկություն ուներ դեռեւս 2022 թվականից: Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է: ՍԱՏՄ-ում կարծում են, որ այս տանդեմն է «քանդել» նախորդ պետերի՝ Գեորգի Ավետիսյանի, Արմեն Հայրապետյանի ոտքի տակ եւ ամեն ինչ արել, որ Դանիելյանը նշանակվի։ ՍԱՏՄ խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Դանիելյանի ազատման պատճառների մասին ոչինչ ասել չի կարող:

Մեր աղբյուրները Արմեն Դանիելյանի ազատման պատճառների մասին ասում են, որ կառույցում իրականացված ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես` ծառայողական մեքենաների վառելիքի հետ կապված, եւ հնարավոր է՝ անգամ քրեական վարույթ նախաձեռնվի։ Սակայն տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Արմեն Դանիելյանը եղել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ, 2024 թվականի սկզբին Դանիելյանը կատարում էր սպանդանոցային ապահովման աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դանիելյանի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։