կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-08 13:31
Տարածաշրջան

Մահացել է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրով Երևան եկած լրագրողը

Մահացել է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրով Երևան եկած լրագրողը

Հունվարի 7-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է լրագրող Գայե Ջոշարը՝ չհաղթահարելով 2014թ. դեկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքները. տեղեկացնում է Civilnet-ը:

 

«Գայե Ջոշարը 2014թ. նոյեմբերից Սիվիլիթաս հիմնադրամում ներգրավված էր որպես լրագրող և հետազոտող Թուրքիայից՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող փորձի փոխանակման նախագծով։ Նախագիծը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի բաղադրիչներից մեկն է։

 

Գայե Ջոշարի մահվան կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Հրանտ Դինք» հիմնադրամը։

 

«Մենք կորցրեցինք Գայե Ջոշարին, ով լրագրող էր, թարգմանիչ, մեր լավ ըկներն ու Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի հրավիրված մասնագետներից մեկը: Գայեն իր մահկանացուն կնքեց Հայատանում` Երևանում` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:

 

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում նոյեմբեր ամսից Գայե Ջոշարը բնակվում էր Երևանում և որպես լրագրող ներգրավված էր Սիվիլիթաս հիմնադրամում: 2014թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տասներկու օր շարունակ Գայեն գտնվում էր հիվնադանոցում և հեռացավ մեզանից հունվարի 7-ի վաղ առավոտյան:

 

Մենք ուզում ենք մեր երախտիքը հայտնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակազմին ու բժիշկներին` Գայեի կյանքի համար տարված պայքարում մասնագիտական աջակցություն ու բացառիկ ջանքեր ցուցաբերելու համար: Մենք լի ենք վշտով: Գեղեցիկ ժպիտով մեր ընկերը երբեք չի մոռացվի… Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գայեի ընտանիքին և նրա սիրելիներին: Գալիք օրերի ընթացքում, ընտանիքի որոշումից հետո, մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հոգեհանգստի արարողության վերաբերյալ»,- ասված է «Հրանտ Դինք» հիմնադրամի տարածած հայտարարությունում:

 

Սիվիլիթաս հիմնադրամը ևս խորապես վշտակցում է Գայեի հարազատներին, ընկերներին և գործընկերներին»,- կարդում ենք կայքում: