| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            22-ամյա Լևոն Հունանյանը մահացել է աշխատատարածքում. «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում օդափոխության նախագծում կատարող երիտասարդը նույն ընկերության երրորդ մասնաշենքի արեւային լուսավորությունն ապահովող օրգանական ապակուց թմբաձեւ երդիկի կոտրվելու պատճառով 11մ բարձրությունից ընկել է հատակին, կորցրել գիտակցությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Տղան աշխատելիս է եղել «Զևս ստուդիա» ընկերությունում, որն էլ աշխատանքներ է կատարել «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ»-ի տարածքում, որտեղ ստեղծվում է մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի, որի ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից:
Yerkir.am-ի հետ զրույցում Լևոնի հայրը` Դավիթ Հունանյանը պատմեց, որ իր որդին աշխատելիս է եղել առանց հանգստյան օրերի, և դեպքն էլ պատահել է հենց կիրակի օրը` այս տարվա ապրիլի 13-ին. «Իրենք բոլոր շաբաթ-կիրակիները կանչում էին աշխատանքի: Ամեն անգամ ես ջղայնանում էի, թե` ինչու ես գնում: Ասեցի` գոնե էսօր մի գնա, մարդիկ պիտի գան տուն, ասաց` էսօր վերջին օրն ա, գնում եմ ու վերջ, էլ չեմ գնալու, նախագծումը վերջացնում ենք»:
Բացի այն, որ աշխատանքի են կանչել առանց հանգստյան օրերի, Դավիթ Հունանյանի խոսքով, տղայի աշխատավայրում անվտանգության պայմաններն ապահովված չեն եղել. չեն եղել համապատասխան մետաղական բազրիքներ և վտանգավոր հատվածներում համապատասխան զգուշացումներ.
«Ես ինքս նախկինում լինելով անվտանգության ինժեներ, կարող եմ ասել, որ էդ շենքը վատթարագույն վիճակում էր գտնվում: 3-րդ մասնաշենքում երդիկներից և ոչ մեկը մետաղով փակված չէր, ինչպես մյուս մասնաշենքում էր»:
Դեպքի առնչությամբ ոստիկանության Կենտրոնի բաժնում քրեական գործ է հարուցվել` Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ: Նախաքննությունը փորձաքննությունների փուլում է:
Դավիթ Հունանյանն, ով արդեն իսկ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, մտահոգություններ ունի, որ նախաքննությունը ճիշտ հունով չի ընթանում, սակայն, ելնելով նախաքննության գաղտնիությունից և չցանկանալով խանգարել քննությանը, զերծ մնաց փաստեր հրապարակելուց:
Տղայի հոր համար զարմանալի է նաև այն, որ դեպքի վերաբերյալ որևէ հաղորդագրություն չի եղել ոչ ոստիկանության, ոչ էլ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: