կարևոր
4288 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-16 22:32
Քաղաքական

Պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Արմեն Աշոտյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չարաշահման, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, եւ փողերի լվացման հատկանիշներով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16–ին, Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմեն Աշոտյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը։

«Թե ո՞ւմ փողերն է լվացել, ինչո՞ւ է լվացել, ո՞վ է այդ փողերը կեղտոտ դարձրել... սա ոչ թե իրավական նոնսենս չի, այլ նախնադարյան ինչ–որ մակարդակ է, որտեղ իրավունք ուներ նա, ով քար ուներ։ Ես չեմ կարող մեկնաբանել այս գործը, այն աղերս չունի քրեաիրավական գիտության հետ։ Այս որոշման իսկական հեղինակները ճիշտ կանեն իրենց  դիպլոմները վառեն եւ հողագործությամբ զբաղվեն, կարող է ավելի շատ օգուտ տան, չնայած կասկածում եմ։ Սա քաղաքական հետապնդում է»,– ասաց փաստաբանը։

Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում արգելել են լքել Հայաստանը, նշելով, որ  նա մեղադրյալ է ինչ–որ գործով։

Արմեն Աշոտյանը պետք է մեկներ Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին։

Իր նկատմամբ հնարավոր քրեական հետապնդում հարուցելու մասին Արմեն Աշոտյանը հայտնել էր դեռ նոյեմբերի 5–ին։ Նրա խոսքով` իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, սակայն ապարդյուն։