Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, թե, տեղեկանալով անհայտ անձանց կողմից բանանի ներկրմանը խոչընդոտելու մասին, ձեռնարկել է համապատասխան միջոցներ, «որի արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»։ ՊԵԿ-ը հարկ է համարել նաև «խստագույնս նախազգուշացնել»՝ զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրությունից, և տնտեսվարողներին հորդորել է նմանատիպ խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել:
ՊԵԿ-ի այս հաղորդագրությունը, իհարկե, ոգևորիչ է: Մինչև հիմա բանանի ներկրումը արհեստական, ոչ ֆորմալ մենաշնորհային բնույթ ուներ: Այդ շուկան գրեթե ամբողջությամբ պատկանում էր ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին, ով օֆշորային հայտնի սկանդալի մեջ հայտնվելուց հետո հրաժարական տվեց այս տարվա ապրիլին: ՊԵԿ-ի հաղորդագրության իմաստն այն է, որ բանանի ներկրման շուկան ոչ միայն այլևս մոնոպոլիզացված չէ, այլև իրական և պոտենցիալ այլընտրանքային ներկրողներին աջակցելու, տեսանելի ու անտեսանելի ճնշումներից ապահովագրելու հարցում ՊԵԿ-ն այնպիսի սկզբունքայնություն է դրսևորվում, որն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս:
Հոկտեմբերի 22-ին մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետը հայտարարել էր, որ ցանկացած տնտեսվարող անարգել կարող է դիմել անձամբ իրեն, եթե այլ շրջանակների կողմից իր գործունեությանը խոչընդոտելու փաստերի կառնչվի: Չի բացառվում, որ հաղորդագրության մեջ նշվող` առայժմ անհայտ տնտեսվարող սուբյեկտը հենց այդ խողովակով է բանանի ներկրման հետ կապված խնդիրը հասցրել կառավարությանն ու ՊԵԿ-ին և ստացել աջակցություն:
Իր առջև դրված խնդիրները լուծելու, հայաստանյան` անկում ապրող տնտեսությունում պոտենցիալ ներդրողների շահագրգռելու, տնտեսական ակտիվությունը բարձրացնելու տեսանկյունից` Կարեն Կարապետյանի համար ՊԵԿ-ը հենակետային նշանակություն ունի: Հենց այդ պատճառով նա ամեն ինչ արեց կոմիտեի պետի պաշտոնում իր համար ամենավստահելի մարդուն՝ Վարդան Հարությունյանին նշանակելու համար: Վարչապետի տված հանձնարարականների շրջանակում ՊԵԿ-ի գործունեությունից է կախված թե՛ անձամբ Կարապետյանի և նրա կաբինետի և թե՛ վարչապետի կողմից նախաձեռնված ներկայիս փոփոխությունների նկատմամբ հանրային վստահության մեծացման հեռանկարը: Եվ ՊԵԿ-ը ցուցադրում է, որ հասկանում է իր վրա դրված պատասխանատվության աստիճանը: Վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ-ի այս քաղաքական ուղեգիծը ամբողջությամբ համապատասխանում է նաև ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրով նախանշված՝ «ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը ակտիվ հակամենաշնորհային քաղաքականության գործադրմամբ երաշխավորելու» առաջնահերթությանը:
Եվ, այնուամենայնիվ, ՊԵԿ-ի հաղորդագրությունը բազմաթիվ անորոշություններ է պարունակում, որոնք, հենց այդ վստահության գործոնից ելնելով, հնարավոր չէ շրջանցել: Նախ` հայտնի չէ, թե ի՞նչ նոր ներկրողի և ներկրման ի՞նչ ծավալի մասին է խոսքը: Կոնկրետացումն այս պարագայում կարևոր է՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է ընդհանրապես խոսքը գնում շուկայում նոր խաղացողի ի հայտ գալու մասին, և որ շատ ավելի կարևոր է՝ որքանո՞վ, իսկապես, գործ ունենք արհեստական մենաշնորհի վերացման հետ. մի բան է, երբ ընկերությունը ներկրում է ներքին պահանջարկի, օրինակ, 30-50 տոկոսը բավարարող ծավալով ապրանք, մեկ այլ բան է, երբ խոսք գնում է սիմվոլիկ, մի քանի տոկոսի մասին: Բացի դրանից` գաղտնիք չէ, որ հասցեականությունը և կոնկրետությունը միշտ ավելի արժանահավատություն և վստահելիություն են ներշնչում, քան անորոշությունները:
Երկրորդ՝ ովքե՞ր են խոչընդոտ ստեղծող այդ «անհայտ անձինք», և կոնկրետ ի՞նչ գործողությունների տեսքով են խոչընդոտները դրսևորվել: Խոսքը վերաբերում է այդ շուկայում գործող` մոնոպոլ կարգավիճակ ունեցող կազմակերպությա՞նը, որը, բնականաբար, պետք է շահագրգռված լիներ մրցակիցների չեզոքացմամբ, թե՞ մաքսային ծառայության աշխատակիցներին, որոնք կարող էին կոռուպցիոն ակնկալիքներով արհեստական խնդիրներ հարուցել: Այսինքն՝ ՊԵԿ-ի մատնանշած` հարուցված խոչընդոտները քրեական հանցակազմ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե դրանք ապօրինի գործողություններ են եղել, ապա խոսք պետք է գնար ոչ թե ինչ-որ «միջոցառումների ձեռնարկման», այլ այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար իրավապահ մարմիններին դիմելու մասին: Հակառակ դեպքում` տպավորություն կարող է ստեղծվել, որ ՊԵԿ-ն այս հարցում գործում է կամայականորեն. ինքն է որոշում՝ որ սուբյեկտն ինչ չափով է խանգարում իր իրական կամ պոտենցիալ մրցակիցներին, խոչընդոտո՞ւմ է` առհասարակ, թե՞ ոչ, և արժանի՞ է քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվելու, թե՞ ոչ:
Նույնը վերաբերում է նաև ՊԵԿ-ի ցուցաբերած օժանդակությանը. ինչպե՞ս է այն դրսևորվել: Որովհետև եթե ամեն ինչ սկսում է կախված լինել պետական իրավասու մարմնի կողմից ցուցաբերվող աջակցությունից, կրկին մեծանում է հայեցողական, կամայական մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը: Եթե հիմա ՊԵԿ-ը բոլոր ներկրողների հանդեպ բարի է կամ բավարար հետևողականություն է ցուցաբերում` վարչապետի տված հանձնարարականը կատարելու առումով, գուցե և բոլոր տնտեսվարողները կամ ներկրողներն էլ օգտվեն նրա այդ աջակցությունից և «բարեկամեցողությունից»: Բայց եթե այդ մոտիվացնող, պարտադրող գործոնները վերանան, մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ կվերադառնա «ի շրջանս յուր» կամ գուցե ավելի այլանդակ դրսևորումներ ստանա: Այլ կերպ ասած՝ պետք է աշխատեն ոչ թե որևէ պետական կառույցի, տվյալ դեպքում` ՊԵԿ-ի` աջակցություն ցուցաբերելու «բարի կամքը», այլ օրենքի առջև բոլորի հավասարության և այդ հավասարությունը պետական կառավարման մարմնի, այդ թվում` նաև դատախազության, արդարադատության համակարգի կողմից անշեղ ապահովելու սկզբունքները: Այսինքն` այն դրական միտումները, որոնք արձանագրվում են հիմա, պետք է ոչ թե իրավիճակային լուծումներ լինեն կամ նման տպավորություն ստեղծեն գործարար շրջանակների մոտ, այլ անշրջելի ինստիտուցիոնալ բնույթ ստանան: Միայն այդ դեպքում կատարվող փոփոխությունները կարելի կլինի համարել պետականաշինության գործում արվող երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով հիմնարար ներդրում:
Գևորգ Դարբինյան