կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-15 16:36
Տնտեսական

Դրամն արժեզրկվել է այնքան, որքան 2009թ. ճգնաժամի ժամանակ

Դրամն արժեզրկվել է այնքան, որքան 2009թ. ճգնաժամի ժամանակ

Դոլարի թանկացումն արդեն մոտ է ռեկորդային համարվելուն: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ավարտին դոլարի վաճառքի գինը դարձել էր 475 դրամ: Նոր աշխատանքային շաբաթվա առաջին օրը դոլարի վաճառքի գինը առավոտյան 500, իսկ օրվա երկրորդ կեսին արդեն 505 դրամ էր, այսինքն` մեկ գիշերվա մեջ դոլարը թանկացավ 30 դրամով կամ մոտավորապես 7 տոկոսով:

 

Սակայն դոլարի գինն այս պահին այնքան էլ դեր չի խաղում դոլար ձեռք բերողների համար, քանի որ բանկերում և փոխանակման կետերում պարզապես հրաժարվում են դոլար վաճառել, իսկ վարկ ձեռք բերելը այս երկու շաբաթվա ընթացքում արդեն երազանք է դարձել: Տեղեկացնենք, որ yerkir.am -ին տված հարցազրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ հայտարարել էր, թե այս երկուշաբթի կամ երեքշաբթի դոլարը կկայունանա, սակայն վարչապետի խոսքերն այս պահի դրությամբ իրականություն չեն դառնում:

 

Այսպիսով` դրամի արժեզրկումը վերջին 2 շաբաթվա ընթացքում կազմում է արդեն 25 տոկոս, այսինքն` ուղիղ այնքան, որքան 2009-ի ճգնաժամի ժամանակ էր, տարբերությունն այն է, որ այն ժամանակ դրամի կտրուկ արժեզրկումը տեղի ունեցավ մեկ գիշերում, իսկ այս անգամ երկու շաբաթ պահանջվեց դրա համար:

 

Տարօրինակ է նաև այն, որ տնտեսագետները կանխատեսում էին, որ տարվա վերջում դոլարը կկայունանա, քանի որ արտերկրից վերադառնում են մեր հայրենակիցները, և արտարժույթի ծավալը պետք է մեծանար, մյուս կողմից` Կենտրոնական բանկի կողմից կատարվող` դոլարի ամենօրյա վաճառքը նույնպես պետք է որոշ չափով կանխեր դոլարի շարունակական վերելքը:

 

Սակայն այս պահի դրությամբ ոչ մի կանխատեսում և ոչ մի կիրառվող քայլ դեռևս չի կարողանում զսպել դրամի կտրուկ արժեզրկումը: Ի դեպ, Կենտրանական բանկն այսօր անցած շաբաթվա 6 միլիոն դոլարի փոխարեն վաճառել է 4 միլիոն դոլար` 494 միջին փոխարժեքով, սակայն չի բացառվում, որ վաղը կտրուկ ավելացնի վաճառվող դոլարի ծավալը: