կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 11:39
Հասարակություն

Գների բարձրացումը համարժեք է փոխարժեքի տատանումներին. զեկուցեցին վարչապետին

Գների բարձրացումը համարժեք է  փոխարժեքի  տատանումներին. զեկուցեցին վարչապետին

Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետք է լսեն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ով պետք է զեկուցի գնաճի համատեքստում ապրանքների թանկացման մասին:

 

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր ՏՄՊՊՀ-ին` անցկացնել ուսունասիրություններ և զեկուցել ապրանքների գնաճի մասին:

 

«Խնդրեմ` զեկուցեք անհիմն թանկացումների ու չարաշահումների մասին»,- ասաց վարչապետը:

 

Արտակ Շաբոյանը նշեց, որ այս ընթացքում ուսումնասիրություններ են կատարել, հետևել խոշոր ընկերությունների վարքագծին, որպեսզի նրանք թույլ չտան հակամենաշնորհային չարաշահումներ: Հիմնականում ուսումնասիրել են առաջին անհրաժեշտության սնունդ ապրանքների գները` շաքարավազ, ձեթ, հավկիթ, հավի միս և այլն: Արտակ Շաբոյանի խոսքով` դրամն արժեզրկվել է 13 տոկոսով, ինչի հետևանքով թանկացել են որոշ ապրանքներ: Թանկացել են ինչպես ներմուծվող, այնպես էլ տեղական արտադրության որոշ ապրանքներ: «Տեսադաշտում է գտնվում կաթնամթերքի ոլորտը: Բնականաբար, դրամի արժեզրկումն ազդել է նաև կաթնամթերքի գնի վրա, քանի որ կաթնամթերքի մեջ օգտագործվող որոշ բաղադրիչներ ներմուծվում են: Բացի այդ` այս սեզոնին կաթի արտադրությունն է նվազում»,- ասաց նա:

 

Շաբոյանը նշեց, որ նույն ապրանքը կարող է տարբեր կերպ թանկանալ, օրինակ` կշռվող բրնձի մեկ կիլոգրամի գինը աճել է ընդամենը 4 տոկոսով, այնինչ` փաթեթավորված, մաքրված ու մշակված բրնձի արժեքը չորս անգամ ավելի է:

 

«Գնային թանկացումները տատանվում են 2-12 տոկոսի սահմաններում, այն դեպքում, երբ դրամի արժեզրկումը կազմել է 13 տոկոս: Այսինքն` կարելի է ասել, որ գների բարձրացումը համարժեք է փոխարժեքի տատանումներին և չի անցնում այդ տատանումների վերին շեմը»,- ասաց Արտակ Շաբոյանը:

 

Նա նշեց, որ բացառություն է կազմել հնդկաձավարի գնային փոփոխությունը, որովհետև այն ներմուծվում է հիմնականում Ռուսաստանից, որտեղ այս տարի հնդկաձավարի բերքը կրճատվել է 20 տոկոսով, ինչի հետեւանքով կտրուկ բարձրացել է հնդկաձավարի գինը: Շաբոյանը նշեց, որ Ռուսաստանի հակամենաշնորհային հանձնաժողովը նույնպես սկսել է ուսումնասիրություններ, և կան նաև վարույթներ:

 

«Ես կապվել եմ իմ ռուս գործընկերների հետ, որպեսզի համատեղ աշխատենք: Մենք շարունակելու ենք դիտարկումներ անցկացնել, հետևելու ենք խոշոր ընկերությունների վարքագծին, որ հակամրցակցային գործունեություն չարձանագրվի»,- ասաց Արտակ Շաբոյանը:

 

Վարչապետը հարցրեց. «Ներկայումս չկա՞ն չարաշահումներ»: Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Ներկայումս գների բարձրացումը համարժեք է փոխարժեքի տատանումներին, բայց մենք շարունակում ենք ուսումնասիրությունները, և չարաշահումներ թույլ տվողները խստորեն կպատժվեն»: