կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-04 18:20
Քաղաքական

Վարչապետը եռյակի կողմից իշխանափոխության պահանջ չի լսել

Վարչապետը եռյակի կողմից իշխանափոխության պահանջ չի լսել

Ասօր լրագրողները ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցրեցին՝ երբ Ձեզ նշանակում էին, ասում էին, որ Դուք բոլորի կողմից ընդունված թեկնածու եք, շարունակո՞ւմ եք մնալ նույնքան ընդունելի: Նա պատասխանեց. «Բոլորի կողմից ընդունելի ո՞նց կարող եմ լինել: Բոլորի մեջ կլինեն մարդիկ, որ դեմ կլինեն: Չկա մի մարդ, որին բոլորը հարգեն, սիրեն: Իմ խնդիրը դրանով չի սկսվում եւ ավարտվում, որ բոլորն ինձ ընդունեն: Ինձ համար կարեւոր է գործի արդյունավետությունը: Ես կփորձեմ այնպիսի գործ ծավալել, որ ունենանք հաջողություն: Հիմա այս հաջողության գործընթացներում ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը, առաջարկը: Հիմա նույնը ասում եմ, դա ինձ համար մենաշնորհ չի, ես ուզում եմ բոլորի հետ քննարկել բաց, թափանցիկ, անկեղծ: Իմ խնդիրն է, որ մենք կարողանանք մեր կառավարությունով մեր երկրի, պետության համար մի բան անենք: Դա է իմ խնդիրը, ես որեւէ այլ խնդիր չունեմ լուծելու: Հաջողվում է»:



Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի քննադատությանը՝ ուղղված կառավարությանը՝ Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ Կարեն Կարապետյանն իրեն անձամբ չի քննադատել. «Քննադատություններ կլինեն բազմաթիվ»:


Հարցին, թե արդյո՞ք երկու քարի արանքում չէ, երբ իր հարազատները եռյակի թիմում իշխանափոխության են գնում, վարչապետը նախ ճշտեց. «Իմ բարեկամնե՞րը... Խնամին: Գիտե՞ս ինչ, բարեկամ ես համարում եմ` եղբայր, քույր: Հիմա ես պատասխանատվությո՞ւն եմ կրում, եթե նման բարեկամներ գնում են իշխանափոխության: Բայց որտե՞ղ են գնացել, ես չեմ տեսել: Իմ կարծիքով` չեն գնում իշխանափոխության»:


Նա ասաց, որ եռյակին միշտ առաջարկել է համագործակցություն. «Իմ խնդիրը չի սկսվում եւ ավարտվում` պրոբլեմներ ստեղծելով: Հակառակը` ես ուզում եմ բոլորով համատեղենք եւ խնդրին տանք լուծում: Ե՛վ դիմության, ե՛ւ ընդդիմության խնդիրը դա պետք է լինի այս երկրում: Անձնական շահերը դնենք մի կողմ, եթե խնդիր կա, մարտահրավեր, միասին լուծենք»:


Դիտարկմանը, որ իշխանության հետ երկխոսություն չեն ուզում, ասում են՝ իշխանության հետ ի՞նչ երկխոսություն, վարչապետը պատասխանեց. «Հենց դա է մեր պրոբլեմը: Բա իրենք ի՞նչ են ուզում, ուզում են մեր աթոռները տանք, գան, ղեկավարե՞ն: Թող գան, 2017-ին ներկայացնեն ծրագրեր, մեր հասարակությունը, որ ձայն տա իրենց, մեծամասնություն ունենան, նշանակեն վարչապետ, կառավարություն եւ իշխեն: Դա է միակ ուղին քաղաքակիրթ երկրներում: Հիմա ես այդպես եմ առաջարկում իրենց: Մենք ասում ենք՝ եկեք` միասին աշխատենք, միասին կառավարենք` նույնիսկ, կոալիցիա կազմենք»:

 

Մեր դիտարկմանը, որ կոալիցիայի համն արդեն տեսել են, վարչապետը պատասխանեց. «Իսկ ի՞նչ համ էր: Դե ի՞նչ անեմ, դրանում է՞լ եմ ես մեղավոր»: