կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 18:32
Իրավական

Բացահայտումներ բանկի կառավարիչ, դատախազ, քննիչ հանցավոր եռյակի գործունեության մասին

Բացահայտումներ բանկի կառավարիչ, դատախազ, քննիչ հանցավոր եռյակի գործունեության մասին

Կոտայքի մարզի դատախազի նախկին տեղակալ Յուրի Բաղյանի անունը տարբեր առիթներով շրջանառվել է մամուլում: Մասնավորապես` տեղեկություններ են տարածվել, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր անձանց հովանավորելու, ինչպես նաև բանկի կառավարչից կաշառք ստանալու միջոցով վերջինիս կատարած խարդախությունը կոծկելու վերաբերյալ:

 

Ուսումնասիրելով այս տեղեկությունները` Yerkir.am-ը հատկապես վերջին դեպքի վերաբերյալ ուշագրավ և հետաքրքրական մանրամասներ բացահայտեց: «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Հրազդանի մասնաճյուղի նախկին կառավարիչ Արմեն Մարտիրոսյանը դեռևս 2009-ին բանկային միավորման նախագահներ Հրաչ Մկրտչյանի, Գարիկ Տեր-Ավետիսյանի, Էդգար Սարգսյանի, Գարիկ Ներսիսյանի և ևս մեկ այլ անձի վստահությունը չարաշահելու եղանակով նրանց անձնական գույքը գրավադրելու կամ վարկային պատմության միջոցով նրանց անուններով 20 մլն դրամի չափով վարկեր է ձևակերպել, որոնք, սակայն,  չի մարել, ինչի արդյունքում բանկը դիմել է դատարան և գումարները բռնագանձել տուժած քաղաքացիներից:

 

Բանն այն է, որ նախկին կառավարիչը հիշյալ անձանց հետ գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ և նրանց խնդրել է իրեն օգնել` նշելով, որ առողջական խնդիրներ ունի: Սակայն մի քանի տարի անց, երբ պարզվել է, որ Մարտիրոսյանը մտադրություն չունի վերադարձնելու գումարները, 2013թ. փետրվարի 4-ին հիշյալ քաղաքացիները դիմել են գլխավոր դատախազին և ոստիկանություն, ինչից հետո Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը:

 

Հետաքրքրական է, որ բողոք ներկայացրած քաղաքացիները գործով ստացել են վկայի կարգավիճակ, իսկ անհասկանալի պատճառներով որպես տուժող է ճանաչվել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը: Սակայն իրականում բանկի՝ որպես առևտրային կազմակերպության, շահերին որևէ վնաս չի պատճառվել: Բացի այդ` բանկը վնասի փոխհատուցման պահանջով անգամ քաղհայց չի ներկայացրել: Բանն այն է, որ եթե գործով որպես տուժող ճանաչվեին ֆիզիկական անձինք, այսինքն` վերը նշված քաղաքացիները, ապա գործը խարդախության հատկանիշներ կստանար, ինչը քրեորեն պատժելի արարք է: Իսկ նման պարագայում նախկին կառավարիչը դժվար թե խուսափեր պատժի կրումից:

 

Սակայն Հրազդանի բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի և գործը հսկող դատախազ Յուրի Բաղյանի համատեղ գործունեության շնորհիվ բազմաթիվ թերություններով գործը առանձնացված մասով մտել է դատարան: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Ստեփանյանը շուրջ երկու ամիս այն քննելուց հետո վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճել է և Արմեն Մարտիրոսյանին ազատել քրեական պատասխանատվությունից: Հրաչ Մկրտչյանի, Գարիկ Տեր-Ավետիսյանի, Էդգար Սարգսյանի, Գարիկ Ներսիսյանին հասցված մոտ 7 մլն դրամի վնասը փոխհատուցվել է: Իսկ մնացած 13 մլն դրամը, որը Մարտիրոսյանը պատճառել է տուժած մեկ այլ անձի (անունը, որոշակի հանգամանքներից ելնելով, չենք նշում, սակայն դատախազությանն ուղարկված մեր հարցման մեջ կհրապարակենք), նա հրաժարվում է վերադարձնել: Հիշյալ քաղաքացին հանրապետությունում չէ, և, օգտվելով առիթից, նախկին կառավարիչը փորձել է կոծկել նրա վերաբերյալ գործը, ինչն իրականացնելու գործում նրան աջակցել են Յուրի Բաղյանն ու քննիչ Կարեն Գրիգորյանը:

 

Սակայն տուժած քաղաքացին վստահ է, որ եթե իր մասով գործը մտնի դատարան, ապա մի շարք վկաների, այդ թվում` բանկի ղեկավարության, աշխատակիցների, և այլ փաստերի շնորհիվ հնարավոր կլինի ապացուցել Մարտիրոսյանի մեղքը: Որոշ ժամանակ առաջ տեղեկություններ կային, որ հիշյալ գործը նախաքննական մարմինն ուսումնասիրում է, սակայն համաձայնեք` մեկ տարին բավական երկար ժամանակահատված է նման մակարդակի գործն ուսումնասիրելու համար, մանավանդ` մի մասով (4 քաղաքացիների) գործն արդեն մտել է դատարան և հանգուցալուծում ստացել:

 

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն`  Արմեն Մարտիրոսյանը Հրազդան քաղաքի բնակիչ Առաքելյան Լիլիայի անունով տունը, առանց վերջինիս իմացության,  գրավադրել է Հրազդանի «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկում և դրա դիմաց գումար վերցրել: Այս գործի վերաբերյալ ժամանակին նույնպես զարգացումներ եղել են, սակայն դատախազությունը դրա վրա էլ է աչք փակել: Հետաքրքրական է` ո՞րն է պատճառը, որ դատախազությունն ու նախաքննական մարմինն աչք են փակում Արմեն Մարտիրոսյանի գործունեության վրա, գուցե ինչ-որ կա՞պ ունեն նրա հետ: Ի դեպ, Հրազդանում տեղեկություններ են շրջանառվում, թե  նույն Մարտիրոսյանը կաշառել է դատախազին և քննիչին` գործը կոծկելու համար:

 

Yerkir.am-ը համապատասխան հարցում է ուղարկել ՀՀ դատախազություն և ոստիկանություն`պարզելու, թե ո՞ր փուլում է գտնվում նախկին կառավարչի` քաղաքացուն 13 մլն դրամի վնաս պատճառելու վերաբերյալ գործը, արդյո՞ք քրեական գործ հարուցվել է, և մեղադրյալներ ներգրավվե՞լ են, թե՞ ոչ:

 

Առաջիկայում հիշյալ կառույցներից պատասխաններ ստանալուց հետո, եթե հարկ լինի, մենք կհրապարակենք նաև Մարտիրոսյանի և Բաղյանի գործունեության արդյունքում քաղաքացիներին էական վնաս պատճառելու վերաբերյալ այլ դեպքեր ևս: