Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ իշխանական երեք ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը»-ը, սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը, Երևանում կայանալիք մեծ հանրահավաքից առաջ, անցկացնելու են մարզային 8 հանրահավաք: Եվ չնայած հանրահավաքները մեկնարկելու են արդեն վաղը, սակայն այս երեք ուժերը խուսափում են տալ հիմնական հարցի պատասխանը` ո՞րն է դրանց նպատակը, ինչո՞ւ են մարդկանց հանում փողոց, և վերջապես` հանրահավաքների արդյունքում դրվելո՞ւ է ամբողջական իշխանափոխության պահանջ:
«Ժառանգություն» կուսակցությունը հակված է այդ հարցը բարձրացնելուն: ՀԱԿ-ը դեմ չէր լինի, սակայն այդ հարցում որոշում կայացնելու իրավունքն ամբողջությամբ թողել կամ զիջել է ԲՀԿ-ին: Իսկ վերջինս դրան գնալ չի ցանկանում: Երկու օր առաջ, անդրադառնալով «Ժառանգություն»-ում առկա այս տրամադրություններին և հանրահավաքում իշխանափոխության հարցը բարձրացնելու նպատակահարմարությանը, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել էր, թե եռյակը կազմակերպել է հանրահավաք միասնական օրակարգով, և հնարավոր չէ պատկերացնել, որ այդ պարագայում նախաձեռնող ուժերից յուրաքանչյուրն իրենը պնդի:
Այլ կերպ ասած` ԲՀԿ-ն գոնե այս պահի դրությամբ հայտարարում է, որ ամբողջական իշխանափոխության կամ գոնե նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը ո'չ հանրահավաքի, ո'չ էլ եռյակի առաջիկա ծրագրերում չկա: Պարզ է, որ հենց այնպես նախագահի հրաժարական չեն պահանջում: Դրա համար առնվազն հասունացած քաղաքական հիմք կամ մոտիվացված շարժառիթ է պետք:
Այդ հիմքը ստեղծում էր մի քանի ամիս առաջ ոչ իշխանական քառյակի կողմից իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջների չկատարման փաստը, որն առնվազն վարչապետի հրաժարականը պահանջելու բավարար նախադրյալներ է ստեղծում: Սակայն, արձանագրելով անգամ պահանջների մեծ մասի չկատարման փաստը, հանրահավաք հրավիրած ներկայիս ուժերից որևէ մեկը, կարծես, հակված չէ դա դարձնել վարչապետի կամ նախագահի հրաժարականի հիմք: Մյուս կողմից` երեք ուժերն էլ հայտարարել են, որ դեմ են Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, քանի որ համարում են, թե դրանով նա փորձում է երաշխավորել իր իշխանության վերարտադրումը ԱԺ նախագահի հավերժ պաշտոնում: Նման դիրքորոշումն առնվազն ենթադրում էր, որ եռյակի հիմնական խնդիրը պետք է լիներ դրա վիժեցումը: Եվ չնայած գործադրվող ճնշումներին` իշխանությունը ոչնչով ցույց չի տալիս, որ կարող է հրաժարվել սահմանադրական փոփոխություններն անցկացնելու իր մտադրությունից: Դրան խանգարելու միակ տրամաբանական տարբերակը պետք է համարվեր Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը: Սակայն անգամ այս հարցում ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը շտապել չեն ցանկանում: Այնպիսի տպավորություն է, թե ամբողջական կամ համակարգային իշխանափոխության խնդիրը մի այլանդակ բորոտ է, որին մոտենալը կամ ձեռք տալը մահացու վտանգ է պարունակում:
Հարց է առաջանում` ինչո՞ւ: Ինչո՞ւ է ԲՀԿ-ն համառորեն այդ հարցը հանում օրակարգից և պրոցեսները զարգացնում, ըստ էության, հերթական համապետական ընտրություններին գնալու հունով, եթե արդեն այս պահին առնվազն երկու չափազանց կարևոր կռվան ու հասունացած նախադրյալ ունի` այդ հարցը միանգամից լուծելու համար: Նման դիրքավորումն ինքնին ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն չի ցանկանում ոչինչ փոխել մինչև 2017-18թթ. ընտրությունները, այսինքն` խնդիր է դրել դրան մասնակցել միայն այն ընտրական համակարգով, որի շնորհիվ 23 տարի շարունակ իշխանափոխության փոխարեն ընդամենը տեղի է ունեցել իշխանության սահուն փոխանցում: Խնդիրը շատ պարզ է` ոչ թե նվաճել իշխանությունը, այլ ստանալ` որպես նվեր կամ որպես փոխանցումավազքի փայտիկ, այսինքն` համակարգն ինքնին չի փոխվում, փոխվում է միայն դրա գլուխը: Նման կուրս որդեգրելու համար ԲՀԿ-ն ունի երկու հիմնական պատճառ:
Առաջինը թաքնված է Սերժ Սարգսյանի` երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրական արգելքի մեջ, որը ստիպելու է գործող նախագահին առավելագույնս հոգ տանել իշխանությունը ժառանգորդին փոխանցելու մասին: ԲՀԿ-ի մաքսիմալ նպատակը, ըստ այդմ, Սերժ Սարգսյանին ստիպելն է իշխանության ամբողջականությունը պահպանելու, իր անձնական անվտանգությունն ապահովելու և գուցե պուտինյան սցենարով ռոտացիոն փոփոխության գնալու հետ կապված հին պայմանավորվածությունները պահպանելու միակ ռացիոնալ լուծումը տեսնել այդ ժառանգորդի դերը ԲՀԿ-ի լիդերին կամ նրա առաջարկած թեկնածուին վերապահելու մեջ:
Իսկ մինիմալ նպատակն է, առաջինի չհաջողելու դեպքում, գոնե ԲՀԿ-ի համար ընդունելի կոմպրոմիսային թեկնածուի վրա կանգ առնելը, որը ճանապարհ է իշխանությունը ՀՀԿ-ի հետ կիսելու, ապա «առնետավազքի» մեթոդոլոգիայով նաև աստիճանաբար նրանից վերցնելու համար: Այս տարբերակն, իհարկե, կարող է աշխատել նաև սահմանադրական հանրաքվեից հետո խորհրդարանական համակարգին անցնելու պարագայում, եթե մինչ այդ ընտրական համակարգը չփոխվի: Բայց ԲՀԿ-ն այդ տարբերակը մերժում է հատկապես այն պատճառով, որ, մի կողմից, իր խնդիրը ընտրական համակարգի փոփոխությունը չէ, իսկ մյուս կողմից` հասկանում է, որ գուցե ստիպված լինի բանակցությունների մեջ մտնել նման ընտրական համակարգի շնորհիվ խորհրդարանական մեծամասնությունը վերցնելու բոլոր շանսերն ունեցող ՀՀԿ լիդերի` Սերժ Սարգսյանի հետ: Իսկ թե ինչի են առ այսօր հանգեցրել այդպիսի բանակցությունները, հայտնի է բոլորին:
Երկրորդ պատճառն այն է, որ արտահերթ ընտրությունների տրամաբանությամբ առաջնորդվելիս զարգացումները կարող են ԲՀԿ-ի համար շատ անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Նման զարգացումները ծավալվելու են ոչ թե ընդամենը իշխանության գլխի փոփոխության համատեքստում, այսինքն` ոչ թե ԲՀԿ-ի նախանշած սցենարով, այլ արդեն համակարգային փոփոխության, և դա լինելու է համաժողովրդական շարժման արգասիք: Այսինքն` կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ընթացքից ԲՀԿ-ն ընդհանրապես կորցնի պրոցեսների նկատմամբ վերահսկողությունը և հանկարծ պարզի, որ որսորդից վերածվել է որսի հենց այն ուժերի կողմից, որոնց հիմա դիտարկում է որպես իր արբանյակներ: Առավել քան պարզ է, որ համակարգային իշխանափոխության պարագայում ԲՀԿ-ն, լինելով գործող համակարգի հոգեզավակը, նրա ամբողջ էության ու արժեհամակարգի կրողը, ընկնելու է այդ հեղեղի բերանը նույն կերպ, ինչպես գործող իշխանությունը:
Սա ի սկզբանե եղել է այն հիմնական ռազմավարական նպատակադրումը, որով առաջնորդվել է Լևոն Տեր-Պետրոսյանը` ԲՀԿ-ի հետ սկսելով այս յուրօրինակ սիրախաղը, և որով Գագիկ Ծառուկյանին ներշնչել է, թե, ի դեմս նրա, ժողովուրդը տեսնում է հայկական Իվանիշվիլիի: ՀԱԿ-ի, Տեր-Պետրոսյանի համար ԲՀԿ-ն և Ծառուկյանը պետք են մինչև այն պահը, երբ նրանց միջոցով հնարավոր կլինի հասնել բեկման` իշխանության տրոհման, թուլացման և քայքայման: Չի բացառվում, իհարկե, որ Ծառուկյանը հանրահավաքներից հետո ինչ-որ պահի, ի վերջո, որոշի դնել իշխանափոխության և հրաժարականի պահանջ: Դա տեղի կունենա միայն ծայրահեղ հուսահատության պարագայում և հավասարազոր կլինի վա-բանկ գնալուն:
Գևորգ Աղաբաբյան