կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-27 13:44
Քաղաքական

Ականազերծված եռյակի մամուլը

Ականազերծված եռյակի մամուլը

Որպեսզի ոչիշխանական եռյակը կարողանա հասնել շոշափելի արդյունքների, իսկ ամենաշոշափելի արդյունքը, որքան հասկացանք, հոկտեմբերի 10-ին Երևանում մարդաշատ հանրահավաք գումարելն է, պետք է կարողանա նախևառաջ վերահսկել իր լրատվամիջոցների բերանները: Մեզ համար նորություն չէ, որ այդ լրատվամիջոցները զուրկ են երկու էշի գարի ջոկելու կարողությունից, սակայն պետք է նաև որ նրանք առնվազն չխոչընդոտեն եռյակի, այսպես կոչված, գաղափարների տարածման հույժ կարևոր գործընթացըին և ավել-պակաս դուրս չտան այն քաղաքական ուժերի հասցեին, որոնք համաձայն չեն, ցնդաբանություններ հնչեցնելով, շրջել Հայաստանով մեկ:

 

Եռյակը պետք է հասկանա, որ խոսքի ազատություն կոչվածը, առհասարակ, երկու սայր է ունենում, իսկ այդպիսի գործիքի հետ շփվելը որոշակի հմտություններ է պահանջում: Ի մասնավորի սա վերաբերում է նաև եռյակի խոսափողի դեր ստանձնած լրատվամիջոցների առաջ հաց գցողներին` կա'մ նորմալ կերակրեք դրանց, կա'մ այլ եղանակով հասկացրեք, եթե կարող եք, որ նրանց այդ վարքագիծը առաջինը հենց ձեզ է հարվածում: Ինչևէ: Ի՞նչ է նշանակում` «ականազերծված եռյակ» արտահայտությունը:

 

Դա նույն քառյակը չէ՞, արդյոք, առանց Դաշնակցության: Ողբամ ձեզ նման սակրավորներին: Քառյակի մաս կազմող ուժերը մեկ անգամ չէ, որ հստակ հայտարարել են կոնսենսուսով որոշումներ ընդունելու իրենց աշխատանքային սկզբունքի մասին: Հիմա ի՞նչ է պատահել, երբ Դաշնակցությունը, չհրաժարվելով իր գաղափարական և ծրագրային դրույթներից, չի պաշտպանում մյուս երեքի տեսակետը` սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Նորմալ մտածող մարդը, բնականաբար, Դաշնակցության քայլը կգնահատի որպես քառյակի հանդեպ ազնիվ կեցվածքի դրսևորում: Ականը չի ասում` ես ական եմ, դուրս եմ գալիս խաղից:  Ականը սպասում և պայթում է այն ժամանակ, երբ բոլորին թվում է, թե հասել են իրենց նպատակին:

 

Եվ պարզվում է, որ խրախճանքի մասնակիցները իսկապես իրենց երազում կորեկ են տեսել: ՀԱԿ-ԲՀԿ-ական մամուլի տեսաբանները պարտավոր են հասկանալ, որ ցանկացած լուրջ վերլուծություն կարող է պարզել, որ այսօր նույն հարթակից ելույթ ունեցող քաղաքական ուժերի միջև հակասությունները, չլուծված հարցերն ու մութ էջերն ավելի շատ են, ավելի էական, քան Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության և Գագիկ Ծառուկյանի կենացների դրույթներով համախմբվածության ապացույցները: Սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ կասկածի տեղ չի թողնում մտածելու, որ այսօր հարթակի վրա սեթևեթողները վաղ թե ուշ իրար մազ են քաշելու:

 

Ի տարբերություն այս երեքի մեջ պահի թելադրանքով ձևավորված կեղծ բարեպաշտական կեցվածքի, ՀՅԴ-ն նախընտրեց ազնիվ կեցվածքը` հայտարարելով, որ չի մասնակցի եռյակի հանրահավաքներին: Այսօր Հայաստանում ամենադեֆիցիտ ապրանքը ազնվությունն է` իր դրսևորման բոլոր ոլորտներում, այդ թվում` նաև քաղաքականության մեջ: Նույն ՀԱԿ-ԲՀԿ-ական լրատվամիջոցները, իրենց մեջ այդ բացը լրացնելու նպատակով, հաճախ դիմում են ավելի մեծ անազնվության` գաղափարական-քաղաքական անբարոյականության մեջ մեղադրելով այլոց, ովքեր չեն կիսում «արդեն ականազերծված» եռյակի կարծիքը սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ:

 

Բայց ընթերցողին հիշեցնենք, որ սրանք այն նույն կայքերն ու թերթերն են, որոնք իրենց գոյության ընթացքում քաղաքական անբարոյականության մեջ են հավասարապես մեղադրել թե' միմյանց և թե' հարթակի երեք ուժերին: Անձամբ մեր կարծիքով` եռյակն այսօր ոչ թե ականազերծված է, այլ գաղափարազերծված: Մենք դրա ապացույցն էլ ունենք: Հենց միայն այն փաստը, որ եռյակն արդեն ոչ թե կոնսենսուսով գործող հավաքականություն է, այլ համակենտրոնացման ճամբար, արդեն իսկ բավական է պնդելու համար, որ այդ կապը գաղափարական չէ, որ եռյակի առնվազն երկու ուժերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ավելորդ շքեղություն, որ իրեն թույլ է տվել մի փողատեր:

 

Կարող եք չհամաձայնել իմ կարծիքի հետ, բայց նախ փորձեք` կկարողանա՞ք, արդյոք, պատկերացնել մի իրավիճակ, որի դեպքում ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» պոկվեն ԲՀԿ-ից, ավելի ստույգ` Գագիկ Ծառուկյանից: Դա այսօր արդեն նոնսենս է թվում, դա այսօր հնարավոր է բացահայտ փախուստի դեպքում, ինչպես ասում են` Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի դիակի վրայով: Որքան հրաշալի բառ է այս` «ինչևէ»-ն: Ինչևէ:

 

… Եռյակին բարի բախտ ենք ցանկանում և նրանց իղձերի կատարում հոկտեմբերի 10-ին Երևանում կայանալիք, ինչպես իրենք են ասում` համապետական հանրահավաքում: Ի դեպ` համապետական հանրահավաքն այն չի, որ հանրապետությունը հավաքվի մայրաքաղաքում և հանրահավաք անի: Համապետական կարող է լինել միաժամանակ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Կապանում, Իջևանում համատեղ սկսվող հանրահավաքը: Եվ, այնուամենայնիվ, եթե Երևանի հանրահավաքը ազգափրկիչ հանրահավաք է լինելու, թող լինի, իսկ եթե գալու են, կանգնեն Ազատության հրապարակի հարթակին ու չիմանան ամեն մեկը ինչպես պահանջի իշխանափոխություն, որ մյուսը չնեղանա, ավելի լավ է այդ հանրահավաքն էլ չանեն ու վերջնականապես չփչացնեն այդքան չարչրկված «ոչիշխանական» բառը:

 

Էդիկ Անդրեասյան