| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հարակից զեկուցող` ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը, հանդիսանալով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, պարտավորություններ է ստանձնել եւ հետաքրքրվեց, թե արդյո՞ք, ԵՏՄ-ին միանալով, Հայաստանն իր պարտավորությունները փոխանցելու է ԱՀԿ-ին, և առհասարակ, ինչպե՞ս են ձևավորվելու ԱՀԿ-ի հետ հետագա հարաբերությունները, որովհետև տարբեր սակագներ են գործելու: «Ռուսաստանն էլ, ըստ էության, ԱՀԿ անդամ է, ինչպե՞ս են հարաբերվելու և' ԱՀԿ-ի, և' ԵՏՄ-ի հետ»,- հարցրեց պատգամավորը:
Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ԱՀԿ-ի հանդեպ հանձնառությունները չպետք է հակասեն ԵՏՄ առևտրային գործընթացներին, ինչը արտացոլված է համաձայնագրում: «Այնպիսի խնդիր չի լինի, որ Հայաստանը մտնի հակասությունների մեջ, կամ երրորդ երկրների հետ հարաբերությունները դիտվեն որպես ԱՀԿ-ին հակասող»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե Հայաստանը լավ բանակցելու դեպքում կարո՞ղ է չեզոքացնել այն վատ պարտավորությունները, որոնք եղել են` ԱՀԿ-ի հետ կապված:
Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ Հայաստանը, իհարկե ,կփորձի հետագայում այնպես կառուցել իր առևտրային հարաբերությունները երրորդ երկրների հետ, որպեսզի ստիպված չլինի ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք շահավետ չեն լինի Հայաստանի տնտեսության համար: «Էստեղ, իրոք, կա խնդիր, բայց դրանք տեխնիկական կանոնակարգման խնդիրներ են, այլ ոչ թե սկզբունքային հակասություններ»,- ասաց նա: