կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 13:02
Հասարակություն

Գերազանցության ծրագիրը պետք է նպաստի հանրակրթության մակարդակի բարձրացմանը. Լևոն Մկրտչյան

Գերազանցության ծրագիրը պետք է նպաստի հանրակրթության մակարդակի բարձրացմանը. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  աշխատանքային հանդիպում է ունեցել «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում «Այբ»-ի ներկայացուցիչները նախարարին  ներկայացրել են «Արարատյան բակալավրիատի»  և Կրթության գերազանցության ազգային ծրագրերը:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ Արարատյան բակալավրիատը ստեղծվել է որպես միջազգային բակալավրիատի ազգային ծրագիր, որն այս պահին դիտվում է  պետական կրթական չափորոշչին համապատասխանող փորձնական-այլընտրանքային կրթական ծրագիր՝  գերազանցության համաշխարհային կրթական պլատֆորմների հենքով /համարժեք a-level մակարդակին/: 

«Այբ» կրթական հիմնադրամի մշակած Արարատյան բակալավրիատը հայալեզու ծրագիր է, որն ունի ազգային կարևոր առանձնահատկություն: Նախարարին զեկուցվել է, որ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն` Արարատյան բակալավրիատի արդյունքների ճանաչման վերաբերյալ: 

Կարևորելով ծրագրի գաղափարը՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է գերազանցության ծրագրի դերակատարումը կրթության  համակարգի զարգացման գործում: «Շատ կարևոր է, որպեսզի մենք Գերազանցության ազգային ծրագրի հիմքում դնենք հետևյալ գաղափարական սկզբունքը` գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության համակարգի զարգացման շոգեքարշը: Այն անպայման պետք է կարողանա իր հետևից տանել ողջ համակարգը, որպեսզի ծառայի իր  հիմնական նպատակին: Գերազանցության ծրագրի սահուն  ինտեգրումն ընդհանուր հանրակրթության համակարգ պետք է  նպաստի ընդհանուր հանրակրթության մակարդակի բարձրացմանը, որը պակաս կարևոր չէ, քան գերազանցության գաղափարը: Ծրագրի շուրջ պետք է ապահովենք մասնագիտական փոխհամաձայնություն, որպեսզի այն դառնա լուրջ հնարավորություն կրթության  զարգացման համար»,-  շեշտել է Մկրտչյանը:  

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև  գերազանցության կենտրոն-դպրոցների ընտրության, ֆինանսավորման, քննությունների արդյունքների ճանաչման և համադրելիության խնդիրներին: 

Լևոն Մկրտչյանը հանձնարարել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավական դաշտի համապատասխանության պահանջները, ինչպես նաև  կմշակի Գերազանցության ազգային ծրագրի իրագործման փորձնական դպրոցների ընտրության  չափանիշները: