կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-24 14:49
Քաղաքական

Պորտից ներքև չիջնեք. ՀՀԿ-ական տղամարդիկ սաստեցին Փոստանջյանին

Պորտից ներքև չիջնեք. ՀՀԿ-ական տղամարդիկ սաստեցին Փոստանջյանին

Այսօր` ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարկվում էր Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության հարցը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հայտնի է ԵՏՄ-ին դեմ լինելով, առանձին ելույթ էր պատրաստել:

 

Նա հայտարարեց, որ բոլորի համար է ակնհայտ, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է, որը ծնվել է ի հակադրություն ԵՄ-ի, որովհետև մեկ տարի առաջ Հայաստանը Վիլնյուսում պետք է ստորագրեր  Ասոցացման համաձայնագիրը, որը բանակցությունների արդյունքում պատրաստ էր: Սակայն պարզվեց, որ մեկ տարի առաջ` սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը  մեկ գիշերվա մեջ որոշել է անդամակցել Մաքսային միությանը: Հետո, ըստ Զարուհի Փոստանջյանի, պարզվեց, որ Մաքսային միության կարիքը չկա, քանի որ ստեղծվում է ԵՏՄ:

 

«Հիմնավորում են, իբրև դա դրախտ է լինելու ու մեր շահերից է բխելու, բայց ես հիմա կասեմ, որ դա ամենևին էլ դրախտ չի լինելու»,- ասաց պատգամավորը` ներկայացնելով իր փաստարկները: Նա նշեց, որ Ռուսաստանը վերջին տասնհինգ տարիների ընթացքում, ըստ էության, չեկիստական պետություն է դարձել, որտեղ երկու միլիոնից ավելի չեկիստներ բյուջեից գումարներ են ստանում: Փոստանջյանը նշեց, որ Ռուսաստանի տնտեսությունը խիստ կոռումպացված է, որ այն մեռնող պետություն է` ժողովրդագրական առումով, որովհետև չունի բժշկական համապատասխան օգնություն:

 

«Մեր անդամակցությունը որևէ օգուտ չի տալու Հայաստանին, որովհետև Ռուսաստանը մեծ խնդիր ունի Հյուսիսային Կովկասում, որն անմիջականորեն առնչվում է մեր անվտանգության հետ: Այս պետությունը հուսալի տնտեսական պարտնյոր չի կարող լինել: Այս պետության մեջ ճչացող, ակնհայտ բևեռացում կա օլիգարխների ու քաղաքացիների միջև: Չեմ ասում` Պուտինի միլիարդավոր աֆերաների մասին, որից մեկը Սոչիի օլիմպիադան էր, որից Ռուսաստանի քաղաքացիները որևէ օգուտ չստացան:

 

Մեր խմբակցությունը բազմիցս հանդես է եկել, որ մինչ այս կամ այն միությանը անդամակցելը պարտադիր պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը: Չճանաչելով Արցախը` մենք թույլ ենք տալիս Արցախի հետ սահմանին բերել, օտար ոտք մտցնել: Այս պահին համոզված եմ` իրավունք չունենք օտար ոտք բերել ու տեղադրել մեր և Արցախի միջև սահմանին: Այս գորընթացը ապազգային է, հեղինակը` Սերժ Սարգսյանը, թող չվիրավորվի, իր ողջ գործունեությունը չի բխում քաղաքացու շահերից, ուստի ապազգային է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

 

Նա հավելեց, որ շուտով խորհրդարան է բերվելու մի նախագիծ Սերժ Սարգսյանի պաշտոնակնության գործընթացը սկսելու վերաբերյալ, և հորդորեց բոլոր պատգամավորներին` դեմ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, այլապես` կհամարվեն դավաճան:

 

Նրա այս վերջին հայտարարությունը զայրացրեց հանրապետական տղամարդկանց: Վարդան Այվազյանը տեղից նախատեց. «Տիկի'ն Փոստանջյան, մի քիչ Ձեզ կոռեկտ պահեք: Ասել եմ` պորտից ներքև չիջնեք: Ես եմ, դեմ եմ քվեարկում, իրավունք չունեք ինձ դավաճան անվանել»:

 

Սուքիաս Ավետիսյանը տեղից նույնպես նախատեց. «Չափի մեջ մնացեք, մի' փորձեք վիրավորել»:

 

Արտակ Զաքարյանն էլ ասաց. «Դե, հիմա էդ էլ մեր դժբախտություն է, ինչ անենք»:

 

Իսկ Խոսրով Հարությունյանը ռեպլիկի կարգով ասաց, թե որքան տխուր կլիներ հայ ազգի վիճակը, եթե վերջին նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվեր Հայաստանի նախագահ: