կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-19 13:47
Քաղաքական

Ոչ իշխանական եռյակը դեկտեմբերի 10-ին «հզորագույն երթ» է անցկացնելու

Ոչ իշխանական եռյակը դեկտեմբերի 10-ին «հզորագույն երթ» է անցկացնելու

Ավարտվեց եռյակի հերթական հանդիպումը:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ արդյունավետ քննարկում է եղել: Քննարկվել է, թե ինչ կարծիք ունի եռյակը Հովիկ Աբրահամյանի ու Սերժ Սարգսյանի առաջարկների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը առաջարկել էր կառավարությանը` վերանայել ընդդիմության եւ այլընտրանք ԲՀԿ-ի ներկայացրած 12 կետերը, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` աշխատանքային խումբ ձևավորել ու սկսել 12 կետերի քննարկումները:

 

«Եռյակը 12 կետերի շուրջ բանակցությունները համարում է անիմաստ: 12 կետերի շուրջ բանակցությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ անպտուղ ու իմիտացիոն քննարկումների մեջ եռյակին ներքաշելու փորձ` ժամանակ ձգելու նպատակով: Սա է եռյակի պատասխանը Սերժ Սարգսյանին ու Հովիկ Աբրահամյանին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Նա նշեց, որ, եռյակի գլխավորությամբ, «համաժողովրդական շարժումը» դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ կներկայացվի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում:
«Այդ օրը հզորագույն երթ ենք անցկացնելու Երևանում»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

 

Նա նշեց, որ եռյակը պլանավորում է արտահերթ նիստ անցկացնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու և ընտրողների ցուցակները հրապարակելու վերաբերյալ:

 

«Խորհրդակցելու ենք խորհրդարանական խմբակցությունների, առաջին հերթին` Դաշնակցության հետ, որովհետև իրենք, ինչ-որ առումով, այդ կետի «սեփականատերն» են: Եթե իշխանությունները հայտարարում են 12 կետերի կատարման մասին, մենք ներկայացնում ենք այդ կետը` ստուգելու համար՝ Սերժ Սարգսյանը իր խոսքին տեր կանգնո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Զուրաբյանը` հավելելով, որ արտահերթ նիստի կոնկրետ օրը կհայտարարեն հաջորդ քառօրյայի ժամանակ: