կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 15:27
Քաղաքական

Ոչ իշխանական եռյակը քննարկել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը. մանրամասներ հանդիպումից

Ոչ իշխանական եռյակը քննարկել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը. մանրամասներ հանդիպումից

Ոչ իշխանական եռյակը հերթական քննարկումն է անցկացրել: Քննարկումից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քննարկել են «համաժողովրդական շարժման» քաղաքական խորհրդի, կենտրոնական շտաբի և տեղերում` մարզերում, ձևավորվելիք կոորդինացիոն աշխատանքները, կանոնագրային խնդիրները:

 

«Մի քիչ ավելի արագ տեմպերով պետք է աշխատենք»,- ասաց նա:

 

Պատգամավորի խոսքով` եռյակը քննարկել է նաև Սերժ Սարգսյանի այն հարցազրույցը, որում կան որոշակի ուղերձներ, որ պետք է անդրադառնան 12 կետերին:

 

«Այդ 12 կետերի մեջ կան կետեր, որոնք չեն պահանջում ֆինանսնական միջոցներ և ճանապարհային քարտեզ, և իշխանությունը եթե ունի ցանկություն և ազնիվ մղումներ, կարող է դրանք հանգիստ իրականացնել: Օրինակ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, դա ժամանակ չի պահանջում, և ցանկության դեպքում իշխանությունը կարող է մեկ-երկու ժամում նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ այդ դեպքում խորհրդարանական մնացած ուժերն էլ միասին կպաշտպանեն այդ նախաձեռնությունը և կհրավիրվի արտահերթ նիստ:

 

«Կրկնում եմ` եթե անկեղծ է իշխանության նպատակը, ուզում ենք տեսնել ինչքանով է իրական այս մոտեցումը, ինչքանով է դա իմիտացիա կամ իրականություն: Գործնականում իշխանությունը պետք է ապացուցի, որ պատրաստ է քննարկել»,- ասաց նա:

 

Քննարկվել է նաև հանրահավաքների հարցը: Առայժմ օրակարգում մնում է շտաբների ձևավորման հարցը: Եվ, ըստ էության, գոնե առաջիկայում հանրահավաք չի նախատեսվում: