կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 13:21
Սպորտ

«Ծանր հրետանին» վերադառնում է

«Ծանր հրետանին» վերադառնում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին կանցկացնի Եվրո-2014-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ մրցակցի հարկի տակ մրցելով խմբի ֆավորիտ` Պորտուգալիայի ընտրանու հետ:


Ուսումնասիրելով  պորտուգալացիների ցույց տված արդյունքներն ընտրական այս փուլում` կասկածի տակ է դրվում խմբում նրանց` ֆավորիտ լինելու հանգամանքը:


Աշխարհի առաջնությունում ձախողվելուց  հետո պորտուգալացիները նաև  անհաջող սկսեցին Եվրո-2016-ի ընտրական փուլը` մեկնարկային խաղում սեփական հարկի տակ  զիջելով Ալբանիայի ընտրանուն: Հարկ է նշել, որ հանդիպմանը չէր մասնակցել պորտուգալացիների առաջատար՝  Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող  Կրիշտիանո Ռոնալդուն: Հաջորդ խաղում Սանթուշի թիմը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Դանիային:   

  

Մեր հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում 2 խաղերից հետո ունի 1 միավոր: Ընտրական փուլի մեկնարկային խաղում մեր տղաները, Բեռնար Շալանդի գլխավորությամբ, արտագնա խաղում 1:2 հաշվով զիջեցին դանիացիներին: Այս հանդիպմանը չմասնակցեցին մեր թիմի առանցքային խաղացողներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը, իսկ Մխիթարյանը հաշիվը բացելուց հետո փոխարինվեց` վնասվածքի պատճառով:  Հաջորդ՝ Սերբիայի հետ կայանալիք հանդիպումից առաջ սկսվեց վնասվածքների տարափը: Մովսիսյանին և Օզբիլիսին միացան նաև Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Հրայր Մկոյանը: Սակայն անելանելի թվացող իրավիճակում շվեյցարացի մասնագետը կարողացավ  իրագործել իր խաղային փիլիսոփայությունը, որը տվեց դրական արդյունք:

 

Սերբիայի հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու մարզիչը հայտարարեց, որ իրեն զգում է որպես խոհարար, ով իր ձեռքի տակ եղած բանջարեղենով կպատրաստի հիանալի ապուր, իսկ եթե լինի խավիար ու փափուկ միս, ապա կմատուցի անկրկնելի տոնական աղցան:

 

Այժմ Շալանդն ունի իր պատկերացրած «խավիարն ու փափուկ միսը»: Շվեյցարացին  արդեն ցուցադրել է իր «խոհարարական» հմտությունները, որոնք հույս են ներշնչում, որ մեր տղաները 3 միավորով կվերադառնան Պորտուգալիայից:  Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ այնտեղ հանդես է գալիս նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին 2 անգամ արժանացած Կրիշտիանո Ռոնալդուն, որին պետք է ստվերի նման հետապնդել ամբողջ խաղի ընթացքում: Չմոռանանք, որ 2007-ին հենց Ռոնալդուի անհատական բարձր վարպետության շնորհիվ պորտուգալացիները Երևանում կարողացան խուսափել պարտությունից:  

 

Առաջիկա խաղից առաջ  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տրամադրության տակ են նաև թիմի առաջատարները, բացառությամբ Արաս Օզբիլիսի: Մնում է հուսալ, որ տղաները նույն ոգով  խաղադաշտ դուրս կգան,  ինչպես սերբերի հետ խաղին, իսկ մեր «ծանր հրետանին» կկարողանա դիպուկ «կրակել» թիրախին:

 

Ընտրական խմբում թիմերի դասավորությունն այսպիսին է`

Թիմեր

Խ

Հ

Ո

Պ

ԽԳ

ԲԳ

Մ

Ալբանիա

2

1

1

0

2

1

4

Դանիա

3

1

1

1

3

3

4

Պորտուգալիա

2

1

0

1

1

1

3

Սերբիա

1

0

1

0

1

1

1

Հայաստան

2

0

1

1

2

3

1

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ