կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-10 17:13
Իրավական

Կրակոցներ` Պտղնիում՝ գյուղապետի որդու մասնակցությամբ. գյուղապետը հրաժարվում է սեփական խոսքից

Կրակոցներ` Պտղնիում՝ գյուղապետի որդու մասնակցությամբ. գյուղապետը հրաժարվում է սեփական խոսքից

Հոկտեմբերի 30-ին Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել գյուղապետի որդու` 40-ամյա Հ. Վիրաբյանի և նրա համագյուղացու`   38-ամյա Մհեր Բաղդասարյանի միջև:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` նրանք հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, դրան հաջորդել է փոխհրաձգություն: Սկզբում դեպքը ցանկացել են կոծկել` ձևացնելով, թե ոչինչ չի պատահել, սակայն իրավապահները, իմանալով կատարվածի մասին, երիտասարդներին ձերբակալել են, ապա` կալանավորել:

 

Մեր տեղեկություններով` երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով` զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելը): Դեպքի առթիվ նշանակվել են դատաբժշկական և համալիր փորձաքննություններ:  Մեր տեղեկություներով` Մ. Բաղդասարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

 

Գյուղացիների խոսքով` Բաղդասարյանն ու Վիրաբյանը միմյանց հետ ջերմ հարաբերությունների մեջ են եղել, քննչական բաժնում երկուսն էլ հերքել են, որ կրակոցներ են արձակել: Հ. Վիրաբյանը նախկինում զբաղվել է սպորտով, ունի երեք երեխա, ընդ որում` մեկն ամուսնացած է: Գյուղում խոսակցություններ են շրջանառվում, թե երիտասարդների կալանավորումը «սարքած գործ է», կատարվածին հնչեղություն տալն ընդամենը գյուղապետին «պատժելու» նպատակ է հետապնդել:

 

Դա է վկայում նաև գյուղապետի տանը կատարված խուզարկությունը, որի արդյունքում տարբեր տեսակի զենք ու զինամթերք էր հայտնաբերվել:

 

Մեզ հետ հեռախոսազրույցում Ներքին Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանը ո'չ հերքեց, ո'չ հաստատեց դեպքի մասին լուրը` նշելով, որ հեռախոսով ոչինչ ասել չի կարող, առաջարկեց գալ գյուղ և այդ մասին խոսել գյուղում: Սակայն մեր այցելության ժամանակ պարզվեց, որ գյուղապետը տեղում չէ: Տարօրինակ է, սակայն, երբ զանգահարեցինք Վիրաբյանին` ճշտելու` ե՞րբ կվերադառնա, նա նախ չէր պատասխանում մեր զանգերին, ապա,  վերցնելով հեռախոսը և տեղեկանալով, որ մեզ հետ է խոսում, ստեց` ասելով, թե սխալ ենք զանգահարել: Այնուհետև, երբ այլ համարով զանգեցինք և փորձեցինք ճշտել, թե ո՞րն է պատճառը, որ ստում է, գյուղապետը վրդովվեց: «Ի՞նչ եք ուզում իմ անձնական կյանքից»,- ասաց ու անջատեց հեռախոսը:

 

Ի դեպ, սեփական խոսքից հրաժարվող գյուղապետը Պտղնիում այնքան էլ լավ համբավ չունի գյուղում: Նա աչքի է ընկնում` բյուջեի հաշվին իրեն ճոխություններ թույլ տալով: Մասնավորապես` շատ է խոսվում նրա մեքենաների մասին: Ասում են` պետական շատ չինովնիկներ պարզապես կերազեին նրա վարած թանկարժեք ծառայողական մեքենաներից ունենալ: