կարևոր
2362 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-07 11:19
Քաղաքական

Փորձում են աչք փակել Փարաքար գյուղապետի մասնակցությամբ միջադեպի վրա. «Ժողովուրդ»

Փորձում են աչք փակել Փարաքար գյուղապետի մասնակցությամբ միջադեպի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն:

Քաղաքական իշխանությունները իրավապահներին հասկացրել են, որ համայնքի ղեկավարն իրենց «սրտի պաշտոնյան» է, ու պետք է թեման փակել։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ ընթացք ստացավ համայնքի ղեկավարի մասնակցությամբ գրանցված միջադեպը, ինչին ի պատասխան՝ Կոմիտեի լրատվականից հայտնեցին. «Փարաքարի գործով երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է»։ Նշենք, որ մեղադրյալներից մեկը հենց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, ու երկրից բացակայելու արգելք դրվել։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Armlur.am-ը գրել էր, որ Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թեժ կռիվ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով եւս մի անձ, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ եւ ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետեւ նույն վարքագիծը դրսեւորել ակումբից դուրս՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթեւեկությունը: Ու սա ներվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում