կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-24 12:13
Հասարակություն

Քաղաքացիների դժգոհությունը կադաստրի պետական կոմիտեից նվազել է. Հովիկ Աբրահամյան

Քաղաքացիների դժգոհությունը կադաստրի պետական կոմիտեից նվազել է. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակ: Հոկտեմբերի 20-ից գործող այս գրասենյակն ստեղծվել է կոմիտեի «Կենտրոն» և «Էրեբունի» սպասարկման գրասենյակների միավորմամբ: 

 

Վարչապետ Աբրահամյանը շրջել է գրասենյակի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և ստեղծված հնարավորություններին: Կառավարության ղեկավարը զրուցել է տեղում գործարք իրականացնող աշխատակիցների և քաղաքացիների հետ, հետաքրքրվել տրամադրվող ծառայությունների որակով և ընթացքով: 

 

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումները, կարևորել էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

 

 «Վերջին հարցումների արդյունքում քաղաքացիների դժգոհությունը կադաստրի պետական կոմիտեից նվազել է: Բարեփոխումները պետք է շարունակվեն, և կառավարությունը հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքը լինի թափանցիկ, և քաղաքացի-աշխատակից շփումը նվազեցվի: Բոլոր գործարքները, որ իրականացնում է քաղաքացին, պետք է լինեն հեշտ ու մատչելի», - նշել է վարչապետը: Որպես հետագա քայլեր՝ կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել էլեկտրոնային համակարգի շարունակական ներդրումը և «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքի կազմակերպումը:

 

ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց սպասարկման գրասենյակը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով: Քաղաքացիներին տրամադրվում է անվճար խորհրդատվություն, գործում են հերթերի կառավարման և վճարման էլեկտրոնային համակարգեր, ներմուծվել է նոր՝ ծառայությունների տրամադրման որակի գնահատման և վերահսկման համակարգ, ստեղծվել են հարմարություններ՝ հաշմանդամ անձանց ազատ տեղաշարժն ապահովելու համար:

 

Առանձին պատուհանի միջոցով կապահովվի զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, հաշմանդամներին, ինչպես նաև օրենսդրությամբ նրանց հավասարված անձանց արտահերթ սպասարկումը: