կարևոր
15277 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-21 11:54
Իրավական

Հերթական փիառ ռեբուսը` քննչական կոմիտեից․ «Հրապարակ»

Հերթական փիառ ռեբուսը` քննչական կոմիտեից․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Հերացու անվան պետական բժշկական համալսարանին առնչվող կոռուպցիոն չարաշահումների գործով 5 անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ դատախազությունում վարույթ է նախաձեռնվել: Նրանց թվում են ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, եւս երեք անձ։ Նրանք՝ բոլորը, մեղադրյալի կարգավիճակում են։ Ըստ ՔԿ-ի՝ 5 մեղադրյալների եւ նրանց փոխկապակցված անձանց անվամբ, նախնական տվյալներով, հաշվառված է առկա 36, օտարված 15 անշարժ գույք եւ 37 շարժական գույք։ Դատախազությունը դրանք ուսումնասիրելու է եւ եթե հարկ համարի, բռնագանձման վարույթ է սկսելու։

Գործը, հիշեցնենք, հարուցվել էր 4 տարի առաջ՝  2019 թվականին, արարքները վերաբերում են 2015-ից հետո ընկած ժամանակահատվածին։ Հիմքը Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողության ծառայության տեղեկանքն է եղել, որը փոխանցվել է ԱԱԾ-ին, հետո գնացել է ՀՔԾ, ապա՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ 2 տարի գործը մնացել է դարակներում։ Այս մարմիններից ոչ մեկը, փաստորեն, չի տեսել այդ բազմաթիվ, բազմապիսի անհայտ գույքերը, եւ 22 թվականի նոյեմբերին, երբ վարույթը փոխանցվել է Քննչական կոմիտե, նոր թափ ստացավ։ 
Թե ովքեր են 5 մեղադրյալները, քննչականը չի հաղորդում։

Նշված է միայն երկու մեղադրյալի անուն՝ բժշկականի նախկին ռեկտոր, 70-ամյա բժիշկ Միքայել Նարիմանյանի, ում մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ Բժշկական համալսարանի հիմնադրամից 40 մլն դրամի գույք հափշտակելու համար, եւ նախկին կրթնախարար Արմեն Աշոտյանի, ում մեղադրում են «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերեւույթ չարաշահումների համար։ Նույն գործով անցնում է նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայրը՝ «Ծովասար» հյուրանոցային համալիրի այն ժամանակվա տնօրեն Վաչիկ Սաղաթելյանը, որից, ըստ մեղադրանքի, Նարիմանյանը շուկայականից բարձր գներով հանգստի տներ էր ձեռք բերել համալսարանի համար։

Քննչական կոմիտեի «ռեբուս» հաղորդագրությունը կարդալով՝ տրամաբանական է ենթադրել, որ 36 անշարժ, 37 շարժական, 15 օտարված գույքի մեծ մասը հենց նրանց է պատկանում։ Միքայել Նարիմանյանի փաստաբան Սիմոն Հարությունյանը, ով տեղյակ չէր ապօրինի գույքի վերաբերյալ տվյալների փոխանցման մասին, ասաց, որ վստահ է՝ իր պաշտպանյալին դա չի վերաբերում։ «Միքայել Նարիմանյանի մասով հստակ կարող եմ ասել, որ նա 2 գույք ունի, 2 բնակարան` ընդամենը։ Մեկում, որն իրեն անցել է իր հայրիկից, ինքն է ապրում, մյուսում, որն ինքը ձեռք է բերել ամբողջ կյանքի ընթացքում, իր երեխան է ապրում»,- ասաց փաստաբանը։ Հարությունյանը նաեւ հայտնեց, որ Միքայել Նարիմանյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը՝ յուրացում։ «Բովանդակությունը նույնն է։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք նախաքննության մարմնին։ Աբսուրդի ժանրից է այդ մեղադրանքը։ Ի՞նչ է յուրացրել մարդը, եթե Բժշկական համալսարանի միջոցներով այդ համալսարանի համար ձեռք է բերել գույք, որն այս պահին էլ կա, եւ կրկնակի անգամ այդ գույքը՝ հանգստյան գոտին Սեւանի ափին, թանկացել է»։

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն նա հունիսի 19-ի ասուլիսում բժշկականի համար հանգստի գոտու ձեռքբերման գործարքը քրեականացնելու փորձում չարաշահումներ տեսնելը մեկնաբանել էր որպես «հոգեբուժական, ոչ թե իրավաբանական դեպք»։ Իսկ ավելի վաղ պարզաբանել էր, որ 2015 թվականին Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հյուրանոցից Բժշկական համալսարանը գնել է 4 բնակարան եւ կոնֆերանս դահլիճ՝ գույք, որը մինչ օրս էլ պատկանում է նշված սեփականատերերին եւ օգտագործվում է նրանց կողմից, եւ այդ անշարժ գույքի արժեքը գրեթե կրկնապատկվել է: 

Մենք հարց ուղղեցինք նաեւ Իշխան Սաղաթելյանին, նա ասաց, որ իր հայրը կապ չունի ապօրինի գույքի հետ կապված վարույթի հետ։ Պարզ չէ, թե ՔԿ նշած 36+15+37 գույքն ում է պատկանում։ Եթե այս անձանց անուններն են գրված հաղորդագրության մեջ, կարող ենք կարծել, որ նրանցն է։ Քննչական կոմիտեից պատասխանում են, որ ավելացնելու ոչինչ չունեն։ «Գրված է՝ հինգ մեղադրյալներին եւ նրանց հետ փոխկապակցված անձանց, ուրեմն 5-ին էլ վերաբերում է»,- ասաց ՔԿ խոսնակը, առանց անուններ նշելու։

Սա առաջին դեպքը չէ, երբ Քննչական կոմիտեն «կոռուպցիոն» ծուխ է փչում հանրության դեմքին` ապօրինության եւ թալանի շղարշ է ստեղծում հանրային անձանց անվան շուրջ, առանց անգամ հստակեցնելու, թե ինչ են նրանք թալանել։ Մեր քննչական մարմինների եւ դատախազության մանիպուլյատիվ հնարավորություններն ահռելի են։ Տպավորություն ստեղծելը նրանց մոտ լավ է ստացվում։ Օրինակ, մի երկու ամիս առաջ 2004 թվականի Կրեդիտ-Երեւան բանկի սնանկանալու արդյունքում պետությանը վերադարձրած 500 հազար դոլարի պատմությունը ներկայացվել էր այնպես, թե իբր այդ գումարը վերադարձվել է մեկ ակտիվի՝ Մոլդովական փողոցում գտնվող շենքի տեսքով, որը ՊՆ-ն, երբ նախարարը Սերժ Սարգսյանն էր, 90 հազարով վաճառել է Անելիք բանկին։ Փոքր հետաքննության արդյունքում, սակայն, պարզեցինք, որ որեւէ չարաշահում չէր կարող լինել, քանի որ 500 հազար դոլարի պարտքը վերադարձվել էր ոչ թե մեկ, այլ մի քանի ակտիվների տեսքով, իսկ շենքը, որը ՊՆ-ին օգնելու համար գնել էր «Անելիքը», 50 հազար դոլար էլ չարժեր։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։