կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-16 10:47
Առանց Կատեգորիա

Ղարաբաղյան հարցում նոր զիջո՞ւմ` Ադրբեջանին

Ղարաբաղյան հարցում նոր զիջո՞ւմ` Ադրբեջանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրեն (Ֆրանսիա) ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում հերթական այցն են կատարել տարածաշրջան: Նրանց հետ չէ ԱՄՆ-ը ներկայացնող Ջեյմս Ուորլիքը, ով իր թվիթերյան էջում այսօր պարզաբանել է, թե գործընկերներին չի կարողացել միանալ ընտանեկան գործերի պատճառով:

 

Երեկ համանախագահները, ինչպես նաև նրանց ուղեկցող` ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ պաշտոնական տեղեկատվության` քննարկվել են բանակցությունների ներկայիս վիճակին և հեռանկարներին վերաբերող հարցեր: Չափազանց սուղ այս տեղեկատվության ֆոնին, սակայն, հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն արել է մի հետաքրքրական հայտարարություն, որը նոր լույսի ներքո է մատուցում ոչ միայն համանախագահների այցը, այլև, ընդհանրապես, բանակցային գործընթացի ներկայիս հանգրվանը:

 

Ըստ ադրբեջանական 1news.az-ի` Մամեդյարովն ասել է, թե Ադրբեջանը և Հայաստանը շուտով կարող են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ սկսել կառուցվածքային բանակցություններ փորձագետների մակարդակով` նպատակ ունենալով առաջ մղել խաղաղ կարգավորման գործընթացը: Արտգործնախարարը նաև հավելել է, թե նման բանակցություններ սկսելու առաջարկը հնչեցրել են ՄԽ համանախագահները, որին Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը և սպասում է Երևանի արձագանքին:

 

Մամեդյարովը չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի` «կառուցվածքային բանակցություններ» ասելով, և արդյո՞ք դրանք նախատեսվում են մադրիդյան սկզբունքների շրջանակում: Սակայն նրա հայտարարությունից պարզ է դառնում առնվազն երեք նոր հանգամանք:

 

Առաջին` ըստ էության, խնդիր է դրված փոխել բանակցությունների ձևաչափը: Ինչպես հայտնի է, բանակցությունների ամբողջ 20 տարիների ընթացքում դրանք ծավալվել են բանակցող կողմերի արտգործնախարարների և նախագահների, 2001-2003թթ. մի որոշ հատվածում` նաև նախագահների հատուկ ներկայացուցիչների մակարդակով: Փորձագետների մակարդակով պաշտոնական բանակցություններ երբևէ չեն վարվել: Եվ դա եղել է տրամաբանական, քանի որ առարկան եղել է բացառապես կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումը, ինչը քաղաքական կամքի դրսևորման հարց է և գտնվում է բացառապես հիմնական որոշումները կայացնողների, այսինքն` նախագահների կոմպետենցիայի շրջանակում:

 

Փորձագետներին բանակցությունների մեջ ներգրավելը տրամաբանական ու հասկանալի կարող է լինել միայն այն դեպքում, երբ խնդիրը տեղափոխվում է կարգավորման գործընթացի մեխանիզմներն ու մանրամասները, գործողությունների հաջորդականությունը հստակեցնելու հարթություն: Մինչդեռ ո'չ Երևանի, ո'չ Բաքվի, ո'չ էլ համանախագահող երկրների կողմից դեռևս չի եղել որևէ հայտարարություն այն մասին, որ բանակցող կողմերին հաջողվել է համաձայնությունների գալ կարգավորման սկզբունքների հարցում:

 

Երկրորդ` Մամեդյարովի խոսքից պարզ է դառնում, որ այդ առաջարկությունը համանախագահողների կողմից արվել է բանակցությունների շարունակումն ապահովելու համար: Այսինքն` ստացվում է, որ մեռյալ կետից բանակցությունները շարժելու միակ տարբերակը եղել է փորձագետներին բանակցություններում ներգրավելը: Եվ քանի որ Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը, նշանակում է` այդ տարբերակը բխել է հենց նրա շահերից, այսինքն` բանակցությունների տապալումը կանխելու համար համանախագահները հերթական անգամ բավարարել են Բաքվի կապրիզները:

 

Եվ երրորդ` Հայաստանը դեռևս հստակ չի արտահայտել իր դիրքորոշումն այս կապակցությամբ, ինչը նշանակում է, որ այնքան էլ միանշանակ չի համարում այդ տարբերակով առաջնորդվելը: Բայց, մյուս կողմից, տատանումը, պատասխանի ձգձգումը նաև վկայում է այն մասին, որ Երևանը առնվազն չի կարողացել մերժել այդ առաջարկը, ինչը տվյալ դեպքում, թերևս շատ ավելի խոսուն և մտահոգիչ փաստ է:

 

Բանն այն է, որ եթե առանց կարգավորման սկզբունքներն ամբողջությամբ համաձայնեցնելու արդեն բանակցությունները փորձագետների միջոցով տեղափոխվում են դրանցից բխող գործողությունների պլանի մշակման հարթություն, նշանակում է` անտեսվում է ԼՂ կարգավիճակի հստակեցման հարցը, որն ամենասկզբունքայինն է հայկական կողմի համար, և որի շուրջ հակասությունների պատճառով հնարավոր չէր դառնում վերջնական համաձայնության գալ Մադրիդյան սկզբունքների շուրջ: Այդ պատճառով էր Բաքուն երեք տարի շարունակ առաջ է մղում հիմնարար սկզբունքների համաձայնեցումը մի կողմ թողնելու և միանգամից խաղաղության մեծ պայմանագրի մշակմանն անցնելու անհրաժեշտությունը, որը ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը, ԼՂՀ-ի սուվերենության փաստը բանակցություններում շրջանցելու թերևս լավագույն միջոցն է:

 

Մյուս կողմից` հայկական կողմի լռությունն առնվազն խոսում է այն մասին, որ Երևանը կա'մ չի կարողացել կանխել միայն Բաքվին և միջոնորդներին դիվիդենդներ բերող` Ադրբեջանի դիվանագիտական մանևրը, կա'մ գուցե նաև արդեն ներքուստ համաձայնել է համանախագահների շուրթերով հնչող` ադրբեջանական այս թակարդ-առաջարկին:

 

Սեպտեմբերի սկզբին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում կայացած Ալիև-Սարգսյան բանակցություններից հետո Բաքվում Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե նախագահները «ընդգծել են» ԼՂ վերաբերյալ խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը: Դրանից օրեր անց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց. «Ժամանակն է, որ բանակցությունները տարվեն մեկ այլ մակարդակի վրա: Արդեն բավական չէ, որ նախագահները կամ արտգործնախարարները երբեմն հանդիպում են: Պետք է լինի պաշտոնական բանակցային գործընթաց, և պետք է կողմերը որոշեն, թե այն ինչպես պետք է լինի»: Փորձագետների ներգրավման մասին Մամեդյարովի վերջին հայտարարությունը լիարժեքորեն բացահայտում է, թե բանակցությունները «այլ մակարդակ» տանելու մասին իր ակնարկով ինչ էր ուզում ասել ամերիկացի համանախագահը:

 

Թեեւ, փաստորեն, բանակցությունների ձևաչափը, նույնիսկ էությունը փոխելու այս մտահղացումը կոնկրետ առաջարկությունների տեսքով բանակցությունների սեղանին է գտնվում առնվազն մեկ ամիս, հայկական կողմն առ այսօր ձևացնում է, թե նման խնդիր գոյություն չունի: Հիմա, սակայն, այդ «լիմիտը» սպառվել է:

 

Գևորգ Աղաբաբյան