կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-14 16:41
Արցախ

Ճշմարիտ ու սկզբունքային արվեստագետը վեր է ամենայն քաղաքական նկրտումներից. Մոնսերատ Կաբալիե

Ճշմարիտ ու սկզբունքային արվեստագետը վեր է ամենայն քաղաքական նկրտումներից. Մոնսերատ Կաբալիե

Իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Մոնսերատ Կաբալիեն արցախյան առաջին այցից հետո ՄԱԿ-ում իր տպավորություններն ու կարծիքն է ներկայացրել Արցախի ու նրա բնակչության մասին: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցի կոնֆերանս-սրահում հրավիրած մամլո ասուլիսում նշել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 

«Նախարարի խոսքով՝ Ադրբեջանն իր տխրահռչակ «սև ցուցակ»-ով ցանկանում է արգելել հեղինակավոր անձանց այցելություններն Արցախ, քանի որ մտավախություն ունի, որ հակառակ դեպքում միջազգային հանրության համար կբացահայտվի իր տարածած ապատեղեկատվությունը, ինչպես նաև հայտնի կդառնա Արցախի ու նրա հիմնախնդրի մասին ողջ ճշմարտությունը։ Սակայն տիկին Կաբալիեն իր երկրորդ այցելությամբ, այս անգամ՝ ընտանյոք հանդերձ, ապացուցեց, որ ճշմարիտ ու սկզբունքային արվեստագետը վեր է ամենայն քաղաքական նկրտումներից։

 

Առաջին այցը, որը կայացել էր անցյալ տարվա հունիսին և ճանաչողական բնույթ էր կրում, հիմք ծառայեց «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի ստեղծման համար, որում երգչուհու երգերի համադրությամբ ներկայացված է հայկական 7 եկեղեցիների պատմությունը:

 

Աղաբալյանը մանրամասնել է, որ ալբոմի շնորհանդեսը կայացել է նույն տարվա դեկտեմբերին՝ Փարիզում, որտեղ ի պատասխան ԼՂՀ նախագահի հրավերի, երգչուհին խոստացել է կրկին այցելել Արցախ՝ այս անգամ համերգով հանդես գալու համար։ Տիկին Կաբալիեն նաև նամակ էր գրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, որտեղ նշել էր, թե իր վրա ինչպիսի մեծ տպավորություն են գործել արցախցիների ջերմ ընդունելությունը, եկեղեցիները և այն ամենը, ինչ տեսել է այստեղ։

 

Եվ, որպես այսօր կայանալիք նրա համերգի խորագիր, ընտրվել են նամակում նրա արտահայտած խոստումը. «Ես կգամ ու կերգեմ հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման»:

 

«Իր այցով տիկին Կաբալիեն վերահաստատեց այն միտքը, որ մեծ արվեստագետի համար չեն կարող արգելք հանդիսանալ Ադրբեջանի քաղաքական նկրտումները և որ ինքն ազատ է՝ այցելելու և բարեկամներ ընտրելու այնտեղ, որտեղ ցանկանում է։ Այս ծրագրով շատ մեծ բարեկամության սկիզբ ենք դրել։ Լավ նախադրյալներ ունենալով՝ մենք ցանկանում ենք Արցախում զարգացնել օպերային արվեստը»,- ասաց Ն. Աղաբալյանը՝ հավելելով, որ նախատեսվում է Մ. Կաբալիեի և նրա օգնությամբ հրավիրված մասնագետների կողմից վարպետության դասերի անցկացում արցախցի շնորհալի երեխաների ու երիտասարդների հետ, որը մեծապես կնպաստի այդ նպատակի իրականացմանը»,- հայտնում է «Արցախպրեսը»։