կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-13 14:05
Քաղաքական

Մենք մի քանի տնտեսական հարցերում սահմանափակվում ենք. Արա Աբրահամյանը՝ ԵՏՄ-ի մասին

Մենք մի քանի տնտեսական հարցերում սահմանափակվում ենք. Արա Աբրահամյանը՝ ԵՏՄ-ի մասին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գովեց Գագիկ Ծառուկյանին` միաժամանակ, դժվարանալով պատասխանել լրագրողների այն հարցին` կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը փոխարինել Սերժ Սարգսյանին: «Գիտեք, ես այդպիսի քննության չեմ ենթարկել, ամեն մեկն իր տեղն ունի: Չի կարելի ասել մեկը մյուսից լավն է, թե` ոչ»,- ասաց նա:

 

Արա Աբրահամյանը նշեց, որ կարող է շատ լավ բաներ ասել Գագիկ Ծառուկյանի մասին, որ նա շատ լավ քաղաքացի է, շատ հայրենասեր, որ շատ մտահոգված է, որ երկրում կայուն տնտեսական և քաղաքական վիճակ ստեղծվի:


Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Արա Աբրահամյանը ասաց, թե ինքն ուսումնասիրել է և' ԵՏՄ-ի, և' ԵՄ-ի առաջարկած պայմանները և հասկացել, որ ԵՏՄ-ն ավելի լավ պայմաններ է առաջարկում:

 

Լրագրողների դիտարկմանը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կարող է սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը, նա արձագանքեց, թե չկա մի երկիր, որ ինչ-որ միջազգային պայմանագիր ստորագրելու պարագայում ինչ-որ երկրից կախված չլինի:


«Մեր անվտանգությանը վտանգ չի սպառնում, ուղղակի մենք մի քանի հարցում սահմանափակվում ենք, այդ սահմանափակումները միայն տնտեսական են»,- ասաց Աբրահամյանը և հավելեց, որ Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ Ղարաբաղին ինչ-որ վտանգ սպառնա և սահմանների հարցում խնդիր առաջանա: Ավելին` նա չի կարծում, որ Ղարաբաղի հարցով կարող է խնդիր ստեղծվել, նույնիսկ` «այն կօգնի, որ Ղարաբաղի տնտեսությունը զարգանա»:


Եռյակի հանրահավաքի ու պահանջների մասին խոսելով` Արա Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ կարևորը երկրում կայունություն ապահովելն է, և որ ընդդիմությունը պետք է փորձի համագործակցել իշխանությունների հետ:


«Այ, խոսքը գնում է ԵՏՄ-ին անդամակցության մասին, դեմ են խոսում դրան: Թող գան, ներկայացնեն իրենց ծրագրերը, թե ինչպե՞ս երկիրը հանենք տնտեսական, սոցիալական ծանր վիճակից: Գիտեք, այն, ինչ ասվում է` «Մենք կանենք», դա բավարար չէ: Եթե ես իմանամ, որ կա հստակ ծրագիր, և այդ ծրագիրը լավն է, միգուցե ես էլ համաձայնեմ: Ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանը հիմա ամեն ինչ անում է, որ մեր երկիրը լինի կայուն և՛ քաղաքական, և՛ տնտեսական դաշտում: Երբ որ ես գալիս եմ իր մոտ, չկա մի խնդիր, որ ասեմ, ինքը չընդառաջի»,- ասաց Արա Աբրահամյանը: