կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-04 12:59
Քաղաքական

Մենք՝ իբրև համահայկական քաղաքական կուսակցություն, չենք կարող մեր պետության կողքին չլինել կարևոր ու էական հարցերում

Մենք՝ իբրև համահայկական քաղաքական կուսակցություն, չենք կարող մեր պետության կողքին չլինել կարևոր ու էական հարցերում

Այս օրերին Լիբանանում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և նախագահ Սիմոն Սիմոնյանը: Այցելության ընթացքում նրանք հանդիպումներ ունեցան պետական և լիբանանահայ գաղութի տարբեր շրջանակների ու կառույցների ներկայացուցիչների հետ:

Այս առիթով «Ազդակ»-ը հարցազրույց է ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

«ԱԶԴԱԿ».- Նախորդ տարվա խորհրդարանական արտակարգ ընտրություններից հետո Դաշնակցությունը դուրս մնաց Հայաստանի խորհրդարանից: Այս իրողությունն ինչպիսի՞ փոփոխություններ առաջացրեց Դաշնակցության հայաստանյան մայր կազմակերպության գործունեության մեջ՝ իբրև արտախորհրդարանական քաղաքական ուժի:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ.- Դաշնակցության դերը և ազդեցությունը երբեք պայմանավորված չեն եղել այն քվեով, որ նա ստացել է խորհրդարանական ընտրություններում: Եթե դրանից առաջ 5 կամ 6 տոկոս ներկայություն ունեինք խորհրդարանում, Դաշնակցության իրական կշիռը և ազդեցությունը 5 կամ 6 տոկոս չէ Հայաստանի քաղաքական դաշտում: Խորհրդարան չանցնելուց հետո, անշուշտ, մենք կորցրել ենք քաղաքական որոշումների վրա ազդելու կարևոր ամբիոն, բայց, խորհրդարանում չլինելով, այսօր Դաշնակցությունը Հայաստանի ամենաաշխույժ, ամենակազմակերպված քաղաքական կուսակցություններից մեկն է: Այս իրականությունը մենք փաստել ենք անցած 9 ամիսների ընթացքում: Անշուշտ, որոշակի վերանայումներ իրականացրել ենք մեր թերացումների, բացթողումների ու շատ հարցերի հետ կապված և հիմա մեծ թափով, մեծ ծավալով աշխատանք ենք սկսել մեր հասարակության հետ:

«Ա.».- Տարեսկզբին նախ՝ ՀՅԴ Ընդհանուր ժողովը, հետո՝ ՀՅԴ հայաստանյան կազմակերպության Գերագույն ժողովն իրենց հայտարարությունների մեջ մատնանշեցին, որ, իբրև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ, այսուհետև Դաշնակցությունը մաս չպիտի կազմի որևէ կոալիցիոն կառավարության և պիտի ձգտի սոցիալիստական ու ազգային գաղափարներին, Դաշնակցության գաղափարների առանցքի շուրջ իշխանության կազմավորման: Այս ուղղվածությունը կյանքի կոչելու համար Դաշնակցությունն ինչպիսի՞ քայլերի է դիմում:

Ի.Ս.- Սրանք ես համարում եմ շատ կարևոր հայտարարություններ, որոնք մեր ժողովների հայտարարություններն էին: Այո՛, մենք հայտարարել ենք, որ ամեն ինչ պետք է անենք, որ հաջորդ իշխանությունը ձևավորվի Դաշնակցության առանցքի շուրջը: Այս պահին որևէ միավորման, որևէ համախմբման մասին խոսք չկա, մեր օրակարգում նման հարց չկա, այս պահին մենք՝ իբրև ընդդիմադիր քաղաքական ուժ, փորձում ենք ընդդիմության հետ համախմբում ստեղծել որոշ օրակարգերի շուրջ. գիտեք` Դաշնակցությունն առաջին նման նախաձեռնությունն արեց, և կուսակցություններով՝ միասին ստորագրեցինք հայտարարություն դատական համակարգի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ, դրանից առաջ Արցախում մեծ ֆորում արեցինք, ուր կային տարբեր կուսակցություններ: Այս պահին մենք միավորման հարց չունենք մեր օրակարգում, բայց ունենք առաջնահերթ կարևոր օրակարգեր և ձգտելու ենք, որ ընդդիմությունը միավորվի դրանց շուրջը:

«Ա.».- Իբրև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ` Դաշնակցության Գերագույն մարմինը ստեղծել է մասնագիտական ոլորտների 12 հանձնախումբ, որոնք զանազան բնագավառների վերաբերյալ հաճախ մասնագիտական ուսումնասիրություններ և եզրակացություններ են ներկայացնում: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նաև նախաձեռնել էր արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ` ընդհանուր օրակարգերի շուրջ համաձայնության հանգելու նպատակով: Ինչպե՞ս եք գնահատում երկու ուղղություններով տարված աշխատանքները:

Ի. Ս.- ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախ ստեղծեց 12 մասնագիտական հանձնախմբեր, որոնց նպատակն է մեր երկրի բոլոր բանագավառներւ վերաբերյալ ունենալ մասնագիտական կարծիք և եզրակացություն: Այս հանձնախմբերում ընդգրկված է շուրջ 180 հոգի, և հետզհետե այդ թիվն ավելի կմեծանա: Այստեղ շատ կարևոր է, որ հանձնախմբերում ընդգրկված են նաև մեր սփյուռքյան կառույցների ներկայացուցիչները, որոնք ունեն համապատասխան մասնագիտություններ, գիտելիքներ. Ամերիկայից, Ֆրանսիայից, Պարսկաստանից, Լիբանանից և տարբեր երկիրներից ունենք ընկերներ, որոնց մասնագիտական փորձը և կարողությունը օգտագործում ենք մասնագիտական եզրակացություններ ունենալու համար: Այս առումով, մեր հանձնախմբերը բավական լավ են աշխատում և առաջիկայում իրենց գործունեությունն ավելի են ընդլայնելու: Սա շատ կարևոր է, որովհետև մենք` իբրև ընդդիմություն, երբ քննադատում ենք կառավարությանը, նաև առաջարկում ենք այլընտրանքը, ճանապարհը, թե մենք ինչպես ենք պատկերացնում հարցերի լուծումը: Իսկ ընդդիմության հետ կապված` մենք փորձում ենք կարևոր օրակարգի շուրջ համաձայնության գալ և միասին պայքարել այն հարցերի դեմ, ուր համարում ենք, որ իշխանությունը սխալ ճանապարհով է գնում, սրա ամենացայտուն օրինակներից մեկը դատական համակարգի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են:

«Ա.».- Հայաստանի իշխանությունները, դատական համակարգի բարեփոխումների պատրվակով շարունակական ճնշումներ  են գործադրում դատական իշխանությունների վրա և փորձեցին գործադիր ու օրենսդիր իշխանություններն իրենց ձեռքը վերցնելուց հետո նաև սեփականացնել դատական իշխանությունը: Ո՞րն է Դաշնակցության մոտեցումը՝ իշխանությունների վարած այս հակասահմանադրական քայլերի դեմն առնելու իմաստով:

Ի. Ս.- Իշխանությունը իր գործողություններով, ըստ էության, դատական համակարգում բարեփոխումներ անելու անվան տակ ներկայացնում է հանրային պահանջ ու ժողովրդի պահանջ և փորձում է ունենալ սեփական կառավարելի դատական իշխանություն: Մենք շատ հստակորեն այս մասին մեր գնահատականը տվել ենք, այս է իրականությունը: Իշխանությունը, փոխանակ իրական բարեփոխումներ իրականացնելու դատական համակարգում, այս պահին ավելի շատ հետաքրքրված է ոչ թե բարեփոխումներով, այլ նրանով, որ դատական իշխանության գլուխ կանգնած մարդիկ լինեն կառավարելի և յուրային:

«Ա.».- ՀՅԴ Ընդհանուր ժողովից անմիջապես հետո հրապարակված հայտարարությունը հատուկ ուշադրության առանցք էր դարձրել Արցախը, մանավանդ՝ շեշտը դրված էր Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու անհրաժեշտության վրա, այս ուղղությամբ էլ, Դաշնակցության կազմակերպությամբ և հայաստանյան ու արցախյան զանազան քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ֆորում: ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն ինչպիսի՞ միջոցների է դիմում ռազմաքաղաքական դաշինքի այս առաջադրանքը իրականություն դարձնելու համար:

Ի. Ս.- Ես այդ ֆորումը մեծապես կարևորում եմ, իրոք, շատ հաջող էր. այն տեղի ունեցավ մայիսի սկզբներին Ստեփանակերտում, որից հետո ստեղծվեց կազմկոմիտե, որն այս ժամանակահատվածում բավական աշխատանք իրականացրեց, և մենք պատրաստվում ենք հավանաբար նոյեմբերին արդեն Երևանում անցկացնել մեծ ֆորում, որն, ըստ էության, Արցախի ֆորումի շարունակությունն է: Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են շարունակվում:

«Ա.».- Ի տես Հայաստանի նոր իշխանությունների կողմից հայության մեջ բաժանարար գծեր ստեղծելու մոտեցման, ինչպես նաև այդ իշխանությունների վարած ոչ ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականության` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը բազմիցս քաղաքականապես լրջանալու կոչ ուղղեց  նրանց, Ազատության հրապարակում «Լրջացե՛ք» ընդհանուր խորագրով հանրահավաք կազմակերպեց: Այս ամենից հետո ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը:

Ի. Ս.- «Լրջացե՛ք»-ի հայտարարությունը դեռ ուժի մեջ է, որովհետև իշխանությունն այս ժամանակահատվածում շարունակում է շատ հարցի վերաբերվել անլուրջ: Երբ իշխող ուժն ընդդիմություն էր ժամանակին, այն բոլորովին այլ էր. գործողությունները, որ ընդդիմության կարգավիճակում արել է, հիմա, իբրև պետության գլուխ կանգնած ուժ, իրավունք չունի անելու: Հետևաբար, մենք այս մասին շատ ենք խոսել, որ մեր հասարակության և ժողովրդի սպասելիքները իշխանություններից շա՜տ են, ու երկրում իրական համակարգային բարեփոխումներ անելու պահանջն էլ շատ մեծ է: Իշխանությունը պետք է կենտրոնանա այս խնդիրները լուծելու վրա: Իշխանությունը պետք է լուծի մեր երկրի առջև կանգնած բազմաթիվ դժվարություններ և մարտահրավերներ, բայց այս ընթացքում այն շարունակում է մնալ անցյալում, շարունակում է ապրել անցյալով, ներկայի և ապագայի մասին որևէ լուրջ և ծրագրված գործողություններ չկան: Այսօր ակնհայտ է, որ իշխանությունը չունի երկիրը զարգացնելու երկարաժամկետ ռազմավարական ծրագիր: Այս իմաստով՝ լրջանալու կոչն ուժի մեջ է:

«Ա.».- Մեր ընթերցողները հետաքրքրվում են վերջին ժամանակաշրջանում քաղաքական օրակարգում իրեն «պարտադրած» բնապահպանական, մասնավորապես՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը արդարացիորեն մտահոգություն հայտնեց այս հանքի շահագործման հարցի շուրջ կառավարության որդեգրած կեցվածքի կապակցությամբ, կոչ ուղղեց՝ հարցի լուծման համար դիմել ժողովրդական հանրաքվեի, իսկ ՀՅԴ շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտի հանձնախումբը վերջերս հրապարակած իր մասնագիտական եզրակացության մեջ նշեց, որ եթե հանքի շահագործման պատճառով վտանգներ պիտի առաջանան, պետք չէ շահագործել այն: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի վերջնական հանգուցալուծումը:

Ի. Ս.- Մենք վերջին հայտարարության մեջ շատ հստակ ասել ենք՝ քանի դեռ չունենք հիմնավորված, փաստարկված եզրակացություններ, որ հանքի շահագործումը վտանգ չի ներկայացնում մեր երկրի համար, նկատի ունենալով Սևանի ջրային աղբյուրները, հանքը չպիտի շահագործվի, իսկ մինչև հիմա եղած ուսումնասիրությունները և եզրակացությունները այդ հիմնաւվորումը մեզ չեն տվել: Մենք մինչ այդ հրապարակված եզրակացությունից և վարչապետի հայտարարությունից հետո անմիջապես ասացինք, որ եզրակացությունը և բովանդակությունը մեր ունեցած բոլոր մտահոգությունները չեն փարատել, հետևաբար՝ պետք է շարունակել ուսումնասիրությունները, և եթե պարզվի, որ փոքր վտանգ գոյություն ունի, հանքը պետք չէ շահագործել:

«Ա.».- Վերջերս հայտարարեցիք, որ բացառում եք Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ որևէ կոալիցիոն համագործակցություն, բայց, ինչպես միշտ, պետության և ազգի շահն ապահովելու հարցերում Դաշնակցությունը պատրաստ է որևէ ձևով օգտակար լինել: Ձեր կարծիքով՝ որտե՞ղ են սկսվում և որտե՞ղ են ավարտվում մի կողմից արմատական, բայց պատասխանատու ընդդիմության, իսկ մյուս կողմից` համագործակցության որոշ եզրեր գտնելու սահմանները:

Ի. Ս.- Սա ամենակարևոր հարցերից մեկն է: Մենք ասել ենք, որ բացառում ենք կառավարության մաս կազմելը, որովհետև մենք այս կառավարության հետ նաև գաղափարական տարաձայնություններ ունենք, բայց նաև մենք` իբրև համահայկական քաղաքական կուսակցություն, որն ունի բազմաթիվ հնարավորություններ, միջազգային կապեր, կուսակցություն, որը սփյուռքյան համայնքներում ունի լրջագույն դերակատարություն, մենք չենք կարող մեր պետության կողքին չլինել կարևոր և էական հարցերում, որովհետև որևէ իշխանություն անցողիկ է, իսկ պետությունը` մնայուն, հետևաբար՝ բոլոր համահայկական և միջազգային օրակարգերում, ուր մեր պետության շահը և իրավունքները պաշտպանելու հարց կա, մենք լինելու ենք մեր պետության կողքին: Այսօրվա մեր՝ Լիբանան այցելությունն ասվածի լավագույն օրինակներից է, մենք հայ ժողովրդին ոչ թե պառակտող, ժողովրդի մեջ բաժանարար գծեր դնող կուսակցություն ենք, այլ` համախմբող, միավորող, որովհետև մենք համարում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հնարավորությունները և աղբյուրները պետք է մեկտեղենք մեր Մայր հայրենիքը զարգացնելու, ժողովուրդը կազմակերպելու և մեր առջև դրված խնդիրները լուծելու համար:

«Ա.».-Անցնող օրերին Լիբանանում գտնվելով` դուք հանդիպումների հագեցած օրակարգ ունեցաք: Կիրակի ներկա գտնվեցիք նաև ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի Հանրային կապերի մարմնի կազմակերպած` Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված տոնակատարություն-փառատոնին, ի՞նչ  կարծիք ունեք այս տոնակատարության մասին:

Ի. Ս.- Մենք արդեն երրորդ օրն է, որ Լիբանանում ենք և ունեցել ենք շատ կարևոր քաղաքական-պետական հանդիպումներ, այցելել ենք Լիբանանի հայկական կրթօջախներ, ժողովրդային մեծ հանդիպում ունեցել Այնճարում, նաև մասնակցել ենք Լիբանանի Կենտրոնական կոմիտեի կազմակերպած փառատոնին: Լիբանանում շփվելով կառավարության անդամների հետ` տեսել ենք, թե որքա՛ն մեծ հարգանք և վստահություն կա առհասարակ հայ համայնքի, հայ պաշտոնյաների նկատմամբ: Սա շատ կարևոր հանգրվան է նաև Հայաստան-Լիբանան հարաբերությունները զարգացնելու համար: Այս առումով՝ մենք հինգ նախարարի հետ ենք հանդիպել և քննարկել Հայաստանի ու Լիբանանի տվյալ ոլորտների հարաբերությունները: Մենք այս հնարավորությունը պետք է օգտագործենք Հայաստան-Լիբանան հարաբերությունների աշխուժացման և գործնական դաշտ տեղափոխելու համար: Այս առումով, մեծապես կարևորում եմ այդ հանդիպումները:

Շատ տպավորիչ էր, որ Բուրջ Համուդի մարզադաշտում նման մեծ հանդիսությամբ, մեծ շուքով և պատասխանատվությամբ նշվում էր Հայաստանի անկախության տոնը: Մենք մասնակցել ենք անկախության այդ տոնին, կրկին հայ ժողովրդի միասնականության կոչ ուղղել, կրկին կարևորել մեր երկրի ներքին կայունությունը, կրկին կարևորել մեր հայ ժողովրդի միասնական լինելը, և շատ կարևոր էր, որ այդ տոնակատարությունը կրում էր «Մի՛շտ միասին» կարգախոսը: Սրան հակառակ՝ եղան որոշ անհատներ ու շրջանակներ, որոնք փորձեցին այս տոնակատարությունը այլ ուղղությամբ տանել, համեմատական կատարել այլ գաղութների մեջ տեղի ունեցած հանրահավաքի հետ և ինչ-որ ձեռնածություններ անել, սա անընդունելի է և դատապարտելի. մեզ համար Սփյուռքի հայ գաղութների միջև չկան տարբերություններ. անշուշտ, Լիբանանի հայկական գաղթօջախը Սփյուռքի ամենակազմակերպված ու կարևոր գաղթօջախներից մեկն է: Սա միասնակամության և Հայաստանի անկախության տոնը նշելու միջոցառում էր, ուր ե՛ւ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը, ե՛ւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը հանդես եկան միասնականության կոչով` հայ ժողովրդին համախմբելու և առաջ տանելու համար:

«Ա.».- Հաջորդ տարի հայությունը պիտի նշի Հայաստանի Առաջին  Հանրապետության մեծագույն իրագործումներից մեկի՝ Սևրի դաշնագրի ստորագրության և Վիլսոնյան իրավարար վճռի հրապարակման 100-ամյակը: Ի՞նչ ասելիք ունեք այս առնչությամբ և ինչպե՞ս եք նախատեսում այս հոբելյանի նշումը Հայաստանում` պետական, թե՝  հասարակական մակարդակով:

Ի. Ս.- Մենք 19 և 20 թիվը, իբրև հոբելյանական տարիներ` կապված ե՛ւ Առաջին  Հանրապետության, ե՛ւ Սևրի դաշնագրի, ե՛ւ վերջերս պետական համալսարանի հիմնադրման հետ,  նշելու շատ կարևոր միջոցառումներ ունեինք, որոնք, դժբախտաբար, պետական մակարդակով, պատշաճ կարգով չնշվեցին և չկարևորվեցին: Նշվածներին էլ պետք եղած շուքն ու կարևորությունը չտրվեց: Հայաստանի այսօրվան հանրապետությունը Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդն ու շարունակությունն է: Շատ կարևոր է, որ մեր պատմության փառավոր էջերին ճիշտ գնահատական տանք և կարևորենք: Այս իմաստով՝ մենք ունենք բազմաթիվ թերացումներ:


Հարցազրույցը վարեց` ԺԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ