Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում ավարտվեց ոչ իշխանական երեք ուժերի իրազեկման հերթական հանրահավաքը:
Ելույթով հանդես եկած` ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ներկաներին վստահեցրեց, որ «իշխանությունները պատասխան են տալու»: Նա նշեց, որ իշխանությունները ոչ թե վատն են, այլ այսքան ժամանակ իրենց արհամարհանքի ենթարկեցին: Ուրիխանյանը հայտարարեց, թե իշխանափոխություն են պահանջելու:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Ստեփան Մարգարյանն ավելի մեղմ գտնվեց` հայտարարելով, որ նախագահը գնալու է, երկրում նոր իշխանություններ են ձեւավորվելու, եւ հենց դրանք են լուծելու այսօրվա խնդիրները:«Խնդիրները լուծվելու են, եւ դրանք լուծելու են նոր իշխանությունները: Սահմանադրությունը չպետք է փոխվի: Խնդիրները լուծելու է այն իշխանությունը, որը նոր է գալու, նա գալու է ձեր ընտրությամբ»,- ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, սակայն, հայտարարեց, որ պետք չէ սպասել մինչեւ 2018 թվականը եւ իշխանափոխության պահանջը պետք է իրականացնել հիմա: «Համակարգը պետք է փոխվի, այդ համակարգը մենք պետք է ձեւավորենք»,- ասաց նա:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ մամուլը շատ է գրում, թե արդյո՞ք ոչ իշխանական ուժերի լիդերները լինելու են հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, բայց այդպես էլ չասաց՝ լինելու են, թե` ոչ, միայն հայտարարեց. «Կարեւորն այն է՝ ժողովուրդը գալո՞ւ է, թե՞ ոչ»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կրկնեց Վանաձորում արած իր հայտարարությունը. «Այս իշխանությունը պետք է հեռանա»:
Կոնկրետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ որեւէ ԲՀԿ-ականի շուրթերից չհնչեց: Ավելի «համարձակ» գտնվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Մեզ մեկ քաղաքական օրակարգ է միավորել, դա ամբողջական իշխանափոխություն է: Նկատի ունենք ե'ւ նախագահի, ե'ւ ԱԺ նախագահի, ե'ւ կառավարության, մենք ամբողջ համակարգի իշխանափոխություն ենք պահանջում»,-ասաց նա:
Ուշագրավ է, որ մինչ ոչ իշխանականները «իշխանափոխություն» էին բղավում, ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ մեզ հետ զրույցում հայտարարում էին, որ հանրահավաքի չեն գնա, մեկն էլ ասաց, որ մեզ թվացել է, թե ԲՀԿ-ն իշխանափոխություն է պահանջում: