| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության առևտրա-տնտեսական հարցերով խորհրդական Մարգարիտա Ցիվինսկայան, ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ԱՊՀ վարչության Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի բաժնի վարիչ Նինել Ռուստամյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Հանդիպման հիմնական նպատակն էր ճշգրտել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի օրակարգը. նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 23-24-ը Մինսկում, հայկական կողմի համանախագահն է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախարար Կարեն Ճշմարիտյանը, ողջունելով դեսպանին, հայտնել է, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը կարևոր հարթակ է երկու երկրների տնտեսական հարաբերությունները վերանայելու և համագործակցության նոր ուղիներ մշակելու համար: Նա նաև նշել է, որ Հայաստանի և Բելառուսի գործարար ներկայացուցիչների համար պետք է բարելավել գործարար միջավայրը, ինչը փոխգործակցության նոր խթան կդառնա նրանց համար:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպան Սուխորենկոն նշել է, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերի արդյունքում հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունն ավելի տեսանելի է դառնում, և որպես օրինակ նշել է Հայաստանի կառավարության օժանդակությամբ մեծ քանակի գյուղատնտեսական մեքենաների ներկրումը: Այժմ աշխատանքներ են տարվում այդ մեքենաների սպասարկման և վերանորոգման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնական հանդիպումները Բելառուսի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: