Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդդիմադիր քառյակի վերջին միասնական նիստից հետո կողմերը հայտարարեցին, թե ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվող հանրահավաքին, ինչպես եւ վերջինիս հետեւող հանրահավաքներին ՀՅԴ-ն չի մասնակցի: Հանրահավաքներ նախաձեռնող եռյակի ներկայացուցիչները կոռեկտ կերպով հայտարարեցին, թե հարգում են Դաշնակցության դիրքորոշումը եւ պարզաբանեցին, թե սա չի նշանակում, որ ավարտվում է չորս ուժերի համագործակցությունը: Նույն ուժերի ներկայացուցիչներն իսկ, որպես Դաշնակցության չմասնակցելու հիմնավորում լուսաբանեցին, թե պատճառը ՀՅԴ-ի դրական դիրքորոշումն է սահմանադրական բարեփոխումների նկատմամբ:
Առանց մեկնաբանության էլ դժվար չէ ենթադրել, որ գալիք հանրահավաքների ժամանակ կազմակերպիչները դեմ են արտահայտվելու սահմանադրական բարեփոխումներին (ինչը բավական ժամանակ արդեն իսկ անում են ամենակոշտ ձեւով) եւ այդ պարագայում անհասկանալի, եթե չասենք անհեթեթ, պետք է լիներ նույն հանրահավաքում օրակարգային հիմնական մեկ հարցում հակառակ դիրքորոշում ունեցող կողմերի մասնակցությունը: Ինչպես ասվեց հանրահավաքի կողմնակիցները դիմացինի նկատմամբ պարկեշտ կեցվածքով ներկայացրեցին խնդրի էությունը: Բայց մենք սխալված կլինեինք, կամ թե բարոյապես փոխված պետք է լինեին մեզ վաղուց լավ ծանոթ ուժերը, եթե այս «ջենթլմենական» պահվածքը պահպանվեր մինչեւ վերջ: Նշված հայտարարություններին անմիջապես հետեւեցին զանգվածային ցեխարձակումները ՀՅԴ-ի նկատմամբ:
Իհարկե տեղի ունեցածի համար ոչ հուզվել է պետք եւ ոչ զարմանալ, քանի-որ այս գործելակերպը հին է եւ ծանոթ, ինչպես մեր նորանկախ երկրի ողջ քաղաքական կյանքը: Ըստ էության այս գործելակերպը երբեք էլ չի մոռացվել, այլ երբեմն-երբեմն ժամանակավորապես դարդարեցվել է՝ որոշակի տակտիկական նկատառումներով: Դարձյալ հրապարակ նետվեցին զազրախոսությունները, թե Դաշնակցությունը գործարքի մեջ է իշխանությունների հետ, թե Դաշնակցությունը դավաճանեց ընդդիմությանը, թե Դաշնակցությունը պատրաստվում է կոալիցիա մտնել եւ այլն: Ամեն մարդ, որ քիչ թե շատ հետեւում է քաղաքական գործընթացներին, կարող է հիշել, որ նույն այս »բացահայտումները» հնչում են տարիներ ի վեր ու թեեւ ժամանակն ապացուցում է դրանց սնանկությունը, բայց նույն ուժերը, նրանց ծառայող գրչակներն ու լրատվամիջոցները շարունակում են նույն երգը երգել, հավանաբար առաջնորդվելով »նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով: Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա դարձյալ ամենազոր հիշողությանը դիմելով կարելի է փաստել, թե մասնավորապես սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ ովքեր են խոսել, ովքեր են սկզբունքների հարցում հետեւողական մնացել եւ ովքեր են դավաճանել, առաջին հերթին, իրենք իրենց:
Միաժամանակ նույն այս խնդիրը եւս մեկ ցայտուն օրինակ է այն բանի, որ Դաշնակցությունը անցնող տարիների ընթացքում ետ չի կանգնել իր ոչ մի քաղաքական պահանջից, առավել եւս 180 աստիճանով չի փոխել սկզբունքները: Ինչ վերաբերում է ընտրած ճանապարհին, ապա կա երկու հստակ մոտեցում. մենք ի՞նչ ենք ուզում փոխել այս երկրում՝ նախագահ անձին՝ մեկ այլ անձով, թե՞ արատավոր համակարգը: Փորձենք հասկանալ հասարակության փափագը Սերժ Սարգսյանի աթոռին Լեւոն Տեր Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին կամ ուրիշ ոչ անհայտ որեւէ անձի տեսնելն է, թե՞ քաղաքական բարեփոխումն է՝ որպեսզի այս երկրում ցանկացած անձ ընտրվի օրինական ճանապարհով, իշխանության թեւերի իրական հավասարակշռությունը փոխարինի անձի մենիշխանությանը, դատական համակարգը դառնա անկախ եւ անպատժելի մարդիկ չլինեն այս երկրում եւ այլն:
Ի վերջո սահմանադրական բարեփոխումները մերժելով եւ նախագահի անձի փոփոխության հարցը գերխնդիր դարձնելով մենք ո՞ր խնդիրը կկարողանանք լուծել: Բոլորն են պնդում, որ անցնող, ավելի քան քսան տարիների ընքացքում, այս երկրում տեղի է ունեցել ընդամենը անձերի փոփոխություն եւ ոչ պետաիրավական ու ոչ էլ կադրային համակարգի փոփոխություններ չեն կատարվել: Այսքանից հետո Դաշնակցությանը զանազան «խորիմաստ» վերլուծություններով վարկաբեկելու փոխարեն կարելի էր ուղղակի խոստովանել, թե Սերժ Սարգսյանին ուզում ենք փոխարինել «Մեր ախպորով», կամ «մեր շեֆով» կամ… Բայց իհարկե հասկանալի է, որ այս նպատակի մասին չի կարելի միանգամից եւ ուղղակիորեն հայտարարել, այլապես ապագա հանրահավաքներին, իրենց կամքով, կներկայանան միայն դրանց կազմակերպիչները:
Փոխարենը կրկին գործի է դրվել շանտաժի մեթոդը: Երեկվա գործընկերոջը վարկաբեկելով պարտադրել դառնալու իրենց խաղի մասնակիցը, կամ այլ խոսքով, կասկածելի հեռանկարով գործակցության կցորդը: Իհարկե քաղաքական գործընթացն այն երեւույթն է, որը նախ եւ առաջ տեսանելի է եւ ապա՝ կոնկրետ խնդիրներն ու նպատակները հնարավոր չէ երկար ժամանակով քողարկել:
Այնպես որ այս պղտոր ալիքն էլ իր ճանապարհին պատահած ամեն բան աղտոտելով ի վերջո կհեռանա եւ կրկին զուլալ ճշմարտությունը դուրս կգա մակերես: Հայտնի կդառնա նաեւ, թե որտեղ էր հետապնդվում ընդհանուր եւ որտեղ՝ մասնավոր շահը: Կարծում եմ ակնհայտ կդառնա նաեւ, որ չի կարելի խաղ անել պետականության հետ՝ հանուն ջրի երեսին մնալու նպատակի: Թեեւ ոմանց համար այսօր էլ առաջնորդող է մնում «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսը:
«Դրօշակ»