կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-18 13:55
Քաղաքական

Փաստորեն, այն գումարները, որ ներդվել են, առ ոչի՞նչ են. վարչապետ

Փաստորեն, այն գումարները, որ ներդվել են, առ ոչի՞նչ են. վարչապետ

Այսօր կառավարության նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց մի ծրագրի վերաբերյալ ՎՊ ստուգումների արդյունքները, ըստ որոնց` 2006-2013թթ. 74 դպրոցների շինարարության վրա ծախսվել է 22 միլիարդ դրամ: Ըստ ծրագրի` 74 դպրոցները պետք է վերանորոգվեին, այդ նպատակով պետք է ծախսվեր 33 միլիարդ դրամ, այսինքն` մնացել է 11 միլիարդ դրամ` այդ դպրոցների շինարարությունն ավարտելու համար:

 

Իշխան Զաքարյանը նշեց, որ ՎՊ ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ 74 դպրոցներից որևէ մեկի շինարարությունը ավարտված չէ: Նա օրինակ բերեց դպրոցներից մեկը` ասելով, որ Գավառի թիվ 5 դպրոցին պայմանագրով նախատեսված է 574 միլիոն դրամ` վերանորոգելու համար, 6 տարվա ընթացքում տրամադրվել է 280 միլիոն դրամ, այսինքն` նախատեսվածի կեսը:

 

«Ցավոք, բոլոր դպրոցների համար գրեթե նույն ձեռագիրն է: ՎՊ ստուգումների արդյունքում նաև արձանագրվել է, որ կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին, և միայն հարցը բարձրացնելուց հետո քաղաքաշինության նախարարության, ՎՊ մասնագետների մասնակցությամբ հաստատվեցին, որ կան դպրոցներ, որտեղ արդեն կատարված աշխատանքները ենթակա էին քանդման, որովհետև չէր կարելի էդ գումարները ներդնել, քանի դեռ սեյսմակայունության խնդիրները լուծված չեն»,- ասաց Իշխան Զաքարյանը:

 

Նա նաև հարց ուղղեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, թե կա՞ արդյոք հստակ ծրագիր` այդ 74 դպրոցների շինարարությունը երբ է ավարտվելու, որովհետև առաջ է գալիս արդյունավետության հետ կապված խնդիր: ՎՊ-ն իր եզրակացության մեջ գրել է, որ դպրոցաշինության ծրագրի մեջ հստակ չեն պայմանագրային աշխատանքների ժամկետները, և նման մեթոդներով աշխատանքները շարունակելու դեպքում պետական բյուջեի ծախսման արդյունավետությունը դրվելու է հարցականի տակ, որովհետև, ըստ Իշխան Զաքարյանի, ոչ ոք չի կարող համոզիչ ասել, թե 7,8,9 տարվա կտրվածքով արված աշխատանքներն ինչ վիճակում են, և արդյո՞ք արդեն իսկ չկա կատարված աշխատանքների արդյունքը վերանորոգելու անհրաժեշտություն:

 

«Մտահոգությունները, որոնք հնչեցին, իրականություն են»,- ասաց քաղաքաշինության նախարարը` հավելելով, որ ծրագրից հանվելու են որոշ օբյեկտներ, որոնք վրա գումարներ են ծախսվել, և հիմա, տեխնիկական եզրակացության արդյունքում, նախորդ տարիներին կատարված աշխատանքները պետք է քանդվեն:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Խնդիրը, իրոք, շատ լուրջ է, ես մտահոգվեցի: Չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի է մի դպրոցում շինարարություն սկսել` առանց սեյսմիկ անվտանգության խնդիրները ուսումնասիրելու: Փաստորեն, այն գումարները, որ ներդվել են, առ ոչի՞նչ են»: