Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ իշխանական 4 ուժերի համատեղ նիստում այսօր որոշվել է հոկտեմբերի 10-ին անցկացնել հանրահավաք: Թեեւ նախապես հայտարարվել էր, որ այն հրավիրվում է ամիսներ առաջ իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջների կատարման վերջնական գնահատականը տալու նպատակով, սակայն քառյակի նիստից հետո պարզ է դարձել, որ, բացի դրանից, օրակարգում լինելու է նաև սահմանադրական բարեփոխումների` իշխանության նախաձեռնության հարցը: Այս հանգամանքն էլ պատճառ է դարձել, որպեսզի ՀՅԴ-ն հրաժարվի հանրահավաքին մասնակցությունից:
Այսօր հրավիրված ասուլիսում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրել է հանրահավաքին ՀՅԴ-ի չմասնակցելու պատճառները: Ըստ նրա` սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է ներկայացվեր հոկտեմբերի 15-ին, որից հետո միայն հասկանալի կդառնար` արդյո՞ք այն ծառայում է իշխանության վերարտադրությանը, թե՞ բխում է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու` իրենց համար առանցքային սկզբունքից և պատկերացումներից, արդյո՞ք իշխանությունը հակված է ընդունելու իրենց առաջարկությունների փաթեթը:
Ելնելով դրանից` ՀՅԴ-ն քառյակի գործընկերներին առաջարկել է մի քանի օր հետաձգել հանրահավաքը, և եթե այդ ընթացքում ներկայացվելիք նախագծից և իշխանության վարքագծից պարզ դառնա, որ իսկապես այն անցկացվում է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրումն ապահովելու նպատակով, հանդես գալ միասնական դիրքորոշմամբ: Մինչդեռ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը մերժել են առաջարկը` նշելով, թե, իշխանությունների մտադրությունների հետ կապված, արդեն իսկ ամեն ինչ պարզ է, ցանկացած դեպքում իրենք դեմ են սահմանադրական փոփոխություններին, և սպասելու անհրաժեշտություն չկա: Սա հաստատել է նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «Կան էական տարաձայնություններ` սահմանադրական փոփոխությունների հետ կապված, և, բնականաբար, հանրահավաքում չէր կարող սահմանադրական փոփոխությունների մասին խոսք չլինել»:
Հանրահավաքին ՀՅԴ-ի չմասնակցելն իբրև քառյակի ձևաչափի փլուզում ներկայացնելը, իհարկե, առնվազն քաղաքական անհասություն է: Նախ` այն երբեք ֆորմալ բնույթ չի կրել և կառուցված չի եղել փոխադարձ ֆիքսված պարտավորությունների վրա, որպեսզի հիմա էլ փլուզվի:
Երկրորդ` դրա մասին գոնե պաշտոնական մակարդակով չեն խոսում ո'չ ՀՅԴ-ն, ո'չ էլ մյուս երեք ոչ իշխանական ուժերը` շատ լավ հասկանալով, որ համագործակցությունն ի սկզբանե կրել և կրում է հատվածական բնույթ և կառուցվում է բացառապես կոնսենսուսային որոշումների վրա: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների շուրջ այդ կոնսենսուսը չի կայացել, մյուս գրեթե բոլոր օրակարգային հարցերի շուրջ այն, կարծես, առկա է: Դրա վկայությունն է այն փաստը, որ կայանալիք հանրահավաքի ընթացքում երեք ուժերը ներկայացնելու են նաև ՀՅԴ-ի գնահատականները իշխանությանը ներկայացրած 12 կետանոց իրենց պահանջների կատարման վերաբերյալ, որը միասնական դիրքորոշման արգասիք է: Բայց այս պրոցեսում ամենաէականը սա չէ:
Իրական ինտրիգը թաքնված է հանրահավաքի օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցը ներառելու` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» դիրքորոշման կամ արդեն կայացված որոշման մեջ, որն իրականում առնվազն երկու պատճառով քաղաքական որևէ հիմնավորում կամ տրամաբանական հենք չունի: Նախ` ակնհայտ է, որ հանրահավաքի ընթացքում այս երեք ուժերը փորձելու են հանրությանը համոզել կամ հիմնավորել, թե ինչու և ինչպես է իշխանությունը սահմանադրական փոփոխություններն օգտագործելու իր վերարտադրումը երաշխավորելու համար: Բայց հարց է առաջանում, թե ինչի՞ հիման վրա են արվելու այդ պնդումները:
Քանի դեռ սահմանադրական փոփոխությունների կոնկրետ նախագիծ չի դրվել սեղանին, դրանք հիշեցնելու ենք քաղաքական սպեկուլյացիաներ, որովհետև զուրկ են լինելու փաստական հիմքից: Որպեսզի եռյակը հանրությանը համոզի իր իրավացիության մեջ, նախ պետք է ներկայացնի, թե կոնկրետ ինչ մեխանիզմով է իրականացվելու վերարտադրությունը, ԱԺ նախագահի ձեռքում կառավարման ո՞ր լծակների կենտրոնացման դեպքում է այն զբաղեցնողը ձեռք բերելու անսահմանափակ իշխանություն: Հանրահավաքի ժամանակ դա անել եռյակը չի կարողանալու, որովհետև ձեռքի տակ չի ունենալու իր պնդումներն ապացուցող` փոփոխություններից բխող հիմնադրույթները: Առողջ, հասուն քաղաքականության տեսանկյունից սա ոչ թե նույնիսկ ավելորդ շտապողականություն է, այլև անլրջություն:
Ու որքան էլ տարօրինակ թվա, դրա մասին հրաշալի գիտեն նաև եռյակում, առնվազն` ԲՀԿ-ում: Այս կուսակցության ղեկավարն ընդամենը երեք օր առաջ zham.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հենց սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը, բառացիորեն ասում էր հետևյալը. « Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու»:
Այսինքն` ըստ Ծառուկյանի տրամաբանության` ստացվում է, որ կա'մ եռյակն է որոշել մտնել անլուրջ պրոցեսի մեջ, քանի որ հանրահավաքին խոսելու է մի բանի մասին, որ դեռ հայտնի չէ, կա'մ էլ ԲՀԿ-ն է իր ղեկավարի այս ռացիոնալ մոտեցումն անլուրջ համարում: Եվ ստացվում է, որ առնվազն ԲՀԿ-ն, ուղղակի թե անուղղակի, ՀՅԴ-ին մեղադրում է հենց իր ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի կողմից ճիշտ համարվող ճանապարհով ընթանալու մեջ:
Երկրորդ` մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, փաստորեն, ՀՅԴ-ին «չի ներվում» կառավարման մոդելի փոփոխության հարցում դրսևորած անփոփոխ սկզբունքայնությունը: Բայց ինքնին հանրահավաքի անցկացումը հետաձգելու նրա առաջարկը մերժելը քայլ է քառյակի նույնիսկ այս` ոչ ֆորմալ ձևաչափը խաթարելու, վերջնականապես արժեզրկելու ուղղությամբ` ներսում ժամանակավրեպ դավաճանների, վհուկների որս սկսելու միջոցով: Սա ոչ այնքան հանրահավաքն ամեն գնով կազմակերպելու հարցում հետևողականության ցուցադրություն է, մանավանդ, որ այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ գործողություններ են հետևելու, օրինակ, 12 պահանջների կատարման վիճակն անբավարար գնահատելու պարագայում, որքան ընդդիմադիր դաշտում գործընկերներին վարկաբեկելու փորձերի միջոցով հեգեմոնիա ձեռք բերելու թաքնված միտում:
Պատահական չէր թերևս, որ հենց քառյակի վերջին նիստից առաջ մամուլում շրջանառության մեջ դրվեցին, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությունների հողի վրա դաշտը սևի ու սպիտակի բաժանելու, դավաճաններին քաղաքական աղբանոցը ներտելու մասին գաղափարները: Եվ եթե սա առանց այն էլ հեղհեղուկ դաշտը ապականելու մտածված գործողությունը չէ, ապա, համենայն դեպս, կամա թե ակամա, լուծում է այդ խնդիրը` իբրև թիրախ ընտրելով ՀՅԴ-ն:
Գևորգ Աղաբաբյան