կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-11 13:35
Քաղաքական

Մեկ մլն դոլար՝ խորհուրդ տվողներին. Տիգրան Սարգսյանի ավանդույթները շարունակվո՞ւմ են

Մեկ մլն դոլար՝ խորհուրդ տվողներին. Տիգրան Սարգսյանի ավանդույթները շարունակվո՞ւմ են

ԱԺ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ներկայացված` ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիրը վավերացնելու մասին հարցը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շեշտեց, որ  հարցի քննարկումից անմիջապես հետո կազմակերպվելու է հարցի քվեարկություն: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ծրագրի նպատակն է Հայաստանին տրամադրել 13 միլիոն 900 հազար դոլարի հատուկ փոխառությանը համարժեք միջոցներ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների շարունակականության և ոլորտի կարողությունների բարելավման նպատակով:

 

Կառավարության կողմից հարկերի մասով 20 տոկոս համաֆինանսավորում է նախատեսված, վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 5-ը` արտոնյալ ժամկետով: Նախարարը կարևորեց համաձայնագիրը` համոզմունք հայտնելով, որ ոլորտը կբարեփոխվի լավագույն ձևով:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարց ուղղեց նախարարին վարկային ծրագրում նախատեսված խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ:

 

«Ի՞նչ է նշանակում խորհրդատվական ծառայություններ և խորհրդատուների ծառայություններ, ո՞րն է դրանց տարբերությունը: Դուք ասում եք, թե խորհրդատվական ծառայություններին տրամադրված ծախսերը մինիմումին են հասցված, բայց ես համաձայն չեմ Ձեզ հետ, որովհետև 14 միլիոնից մեկ միլիոնը տրամադրվում է այդ ծառայություններին»,- հարցրեց պատգամավորը:

 

Նախարարը պարզաբանեց, թե խորհրդատվական ծառայություններ և խորհրդատուների ծառայություններ հասկացությունները, ըստ էության, պետք է դիտարկել մեկ հարթության մեջ:

 

Վահան Բաբայանը կրկին ընդգծեց, որ, ըստ աղյուսակի, գրված է, որ խորհրդատվական ծառայություններին տրվելու է մեկ միլիոն դոլար, ինչը ահռելի թիվ է: Իսկ խորհրդատուների տրվող գումարի չափը հստակ նշված չէ: «Խորհրդատուներին տրվող գումարը ո՞րն է այդ ընդհանուր գումարի մեջ, ասեք` թող հասարակությունը իմանա, թե կառավարությունը խորհուրդ տվող սուբյեկտների վրա որքան է ծախսելու»,- ասաց պատգամավորը:

 

«Բնական է, որ հասարակությունից թաքցնելու բան չունենք: Ես ինձ մոտ չեմ տեսնում այդ աղյուսակը այս պահին, բայց խոստանում եմ Ձեզ հետո պարզաբանումներ ներկայացնել»,- ասաց նախարարը: