Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-09-09 15:22
Իրավական

Ես կուզեի Ձեր տղայի տեղ մահացած լինել. լարված իրավիճակ` տնտեսագիտականի ուսանողի սպանության գործով նիստից հետո

Ես կուզեի Ձեր տղայի տեղ մահացած լինել.  լարված իրավիճակ` տնտեսագիտականի ուսանողի սպանության գործով նիստից հետո

«Որոշ մարդկանց կարծիքն ինձ առանձնապես չի հետաքրքրում: Մարդիկ պարզապես չեն գիտակցում կամ, գիտակցելով հանդերձ, չեն ուզում ընդունել` ինչ են արել»,- այսօր դատարանում իր ճառում հայտնեց նախորդ տարվա ապրիլի 9-ին սպանված` տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի հայրը` տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանը: «Առանց առիթի կտրել խաղաղ, սովորական առօրյայով ապրող ընտանիքի ծուխն ու դրանից հետո փորձել արդարանա՞լ»,- հավելեց նա և նշեց, որ ինքը դատարանում մարդկայնություն սահմաններ չտեսավ: Հայրապետյանը դատարանից խնդրեց ամբաստանյալների նկատմամբ սահմանել առավելագույն պատիժ, որպեսզի նրանք ժամանակ ունենան մտածելու և հասկանալու, թե ինչ են արել:

 

Հիշեցնենք, որ այսօր մեղադրող դատախազ Մելքոնյանը Տիգրան Հայրապետյանի սպանության մեջ մեղադրվող Հայկ Աղամալյանի համար պահանջեց ազատազրկում` 10 տարի ժամկետով, իսկ մյուս ամբաստանյալի` Դավիթ Մանուկյանի նկատմամբ պատիժ նշանակել երեքուկես տարի ժամկետով, որը, սակայն, չկիրառել և նրան համաներման ակտով ազատ արձակել:

 

Նիստի ավարտից հետո լարված իրավիճակ ստեղծվեց նիստերի դահլիճից դուրս: Ամբաստանյալ Հայկ Աղամալյանի հայրը վիճաբանության մեջ բռնվեց որդու պաշտպանի` փաստաբան Սեյրան Գրիգորյանի միջև: Հնարավոր քաշքշուկը կանխեցին դատական կարգադրիչները:

 

Իսկ ամբաստանյալի մայրը` Նարինե Արիստակեսյանը, մահացածի հորը` Պատվական Հայրապետյանին, փորձում էր հավատացնել, որ իր որդին մեղավոր չէ, և որ ինքն այս գործով նոր փաստեր ունի, սակայն չի կարողանում ներկայացնել, քանի որ իրեն մինչ օրս դատախազությունում չեն ընդունում: Տուժողի իրավահաջորդը,  դիմելով ամբաստանյալի մորը, ասաց. «Ես համբերատար մարդ եմ, արեք ամեն բան, որ, եթե ինքը չի, իր անմեղությունն ապացուցեք, բայց եթե վերջում պարզվի, որ ինքն է եղել…. Երբ որ Աստված չանի Դուք երեխա կորցնեք, կհասկանաք ինձ»: Արիստակեսյանն էլ հուզված պատասխանեց. «Ես հասկանում եմ, ես կուզեի` Ձեր տղայի տեղ մահացած լինեի, որ էսօր իմ տղան ստեղ չլիներ»:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: