կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-08 12:58
Հասարակություն

Արդարադատության նախարարը շնորհավորել է լրագրողներին

Արդարադատության նախարարը շնորհավորել է լրագրողներին

Արդարադատության նախարարը շնորհավորել է լրագրողներին Լրագրողների համերաշխության և Գրագիտության միջազգային օրերի առթիվ.

 

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ լրագրողի աշխատանքը ամենառիսկային և ամենավտանգավոր գործունեության տեսակներից է: Նորագույն պատմությունը վկայում է, որ դա համաշխարհային պրոբլեմ է. Դինքը, Գոնգաձեն, Պոլիտկովսկայան, Ֆոուլին, Սոթլոֆը ...

 

Հիշենք նաև մեր հայկական իրականության պայծառ դեմքերին՝ Վարդգես Պետրոսյան, Տիգրան Հայրապետյան, Տիգրան Նաղդալյան: Եվ ցավոք այս ցանկը եզակիների ցանկ չէ, այն ներառում է իրենց աշխատանքի և մասնագիտության հարյուրավոր, նույնիսկ հազարավոր նվիրյալների, ովքեր զոհ գնացին իրենց մասնագիտական պարտքը կատարելիս, կամ դրա արդյունքում ծնված ագրեսիայի հետևանքով:

 

Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Եվս մեկ անգամ պարտավոր ենք բարձրաձայնել լրագրողների անվտանգության, նրանց իրավունքների պաշտպանության, նրանց հանդեպ բռնությունների բացառման անհրաժեշտության մասին:

 

Այսօր, քան երբևէ մեր երկիրն անհրաժեշտություն ունի պրոֆեսիոնալ և ազնիվ լրագրողների, ովքեր ոչ միայն ապահովում են խոսքի ազատության իրավունքի իրական ռեալիզացիան, ովքեր ոչ միայն հնարավորություն են տալիս հասարակությանը տեղեկություններ ստանալ, այլև իրենց ամենօրյա գործունեությամբ ապահովում են մեր քաղաքական, հասարակական և այլ համակարգերի իմունիտետը:

 

Պետության պարտականությունն է ստեղծել լրագրողական աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական, անվտանգության և բոլոր մնացած երաշխիքները: Սակայն այս հարցում՝ բացի պետական հոգածությունից, կարևոր հանգամանք է նաև լրագրողական համերաշխությունը, ինչը մասնագիտական բարձր որակի ցուցանիշ է: Ցավոք դիտարկումները փաստում են, որ միջլրագրողական համերաշխությունը դրսևորվում է միայն ճգնաժամային իրավիճակներում:

 

Copy past-ի ժամանակաշրջանը առավել բարդացրել է լրագրողական համայնքի համերաշխությունը՝ կասկածի տակ դնելով միմյանց մասնագիտական ունակություններն ու գրագիտությունը:

 

Այսօր նաև Գրագիտության միջազգային օրն է: Այս երկու օրերի համընկնումը միգուցե պատահական չէ:

 

Գրագիտությունն ի վերջո համերաշխության նախապայման է, մասնագիտական, կոնստրուկտիվ համագործակցությունը հնարավոր է միայն գրագետ, պրոֆեսիոնալ և պատասխանատու լրատվամիջոցների և լրագրողների միջև:

 

Շնորհավորում եմ, հարգելի լրագրողներ, ձեր մասնագիտական համերաշխության օրը:

 

Շնորհավորում եմ նաև բոլորին գրագիտության օրվա առթիվ՝ մեզ բոլորիս ցանկանալով գրագետ, հետաքրքիր, արդիական և մտահոգ լրատվական «ստեղծագործություններ»: