Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գագիկ Խաչատրյանի՝ ֆինանսների նախարար նշանակվելուց որոշ ժամանակ անց նախարարության շենքում սկսվել են շինարարական-վերանորոգման աշխատանքներ: Ուշագրավ է, որ, մեր տեղեկություններով, այս շենքի անգամ մալուխներն են փոխում: Եվ սա այն դեպքում, երբ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի սանիկը, իր պաշտոնավարման ընթացքում նույնպես հասցրել էր շենքում շինարարական-վերանորոգման աշխատանքներ իրականացնել:
Հարց է ծագում` ինչո՞վ է պայմանավորված նույն շենքում դարձյալ շինարարական-վերանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել նախարարության շենքում Գագիկ Խաչատրյանի' նախարար նշանակվելուց հետո, եւ, ի վերջո, որքա՞ն են արժեցել այդ աշխատանքները եւ ի՞նչ միջոցներով են կատարվել:
Այս պարզ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով օգոստոսի 27-ին գրավոր հարցում ուղարկեցինք ֆինանսների նախարարություն: Եվ ահա երեկ ստացանք մեր հարցման «պատասխանը»՝ մի «գլուխգործոց»:
«Ի պատասխան Ձեր հարցման' հայտնում ենք հետևյալը. ինչպես իրավացիորեն նշել եք Ձեր հարցման մեջ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի օրոք նախարարության վարչական շենքում ՀՀ ֆինանսների նախարարության հաշվին կատարվել են որոշ շինարական աշխատանքներ (երրորդ հարկի միջանցքի և դահլիճի մի մասում): Ներկայում սկսվել են աշխատանքներ նշված վարչական շենքի այլ հատվածների վերանորոգման ուղղությամբ, հետևաբար ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ամբողջական պատասխան կտրամադրվի առաջիկայում»,- բառացիորեն մեջբերում ենք այդ պատասխանը:
Իհարկե, մենք գիտենք, որ իրավացիորեն ենք նշել, որ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի օրոք նախարարության շենքում շինարարական-վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, հակառակ դեպքում` այդ նկատառումը մեր հարցման մեջ տեղ չէր գտնի, բայց մի բան անհասկանալի է՝ մի՞թե այդքան ժամանակ էր պետք (իհարկե, հարցմանը պատասխանել են սահմանված 5 աշխատանքային օրվա ընթացքում)՝ հասկանալու համար, որ մենք իրավացիորեն ենք նշել դրա մասին մեր հարցման տեքստում:
Բայց առավել զարմանալի է շարունակությունը' մանրամասների մասին ֆինանսների նախարարությունից կտեղեկացնեն առաջիկայում, քանի որ մեր հարցերին պատասխանելու համար ո'չ հետազոտական-վերլուծական աշխատանք է պահանջվում, ո'չ բարդ ու մի քանի հարյուր փոխկապակցված անձանց կողմից ստացվող տվյալների համադրում կամ ուսումնասիրություն, այլ ընդամենը թիվ' պարզ ու հասարակ թիվ շինարարական աշխատանքների համար ծախսված կամ ծախսվելիք գումարի մասին. վարչական շենքի վերանորոգման աշխատանքները չէին կարող սկսվել ու իրականացվել առանց նախնական ծրագրի, հաշվարկների, առանց դրանց հաստատման ու այդ աշխատանքները' ծրագրով նախատեսված գումարով իրականացնելու մասին որոշման: Մի՞թե ծախսված կամ ծախսվելիք գումարը մի այնպիսի թիվ է, որ ֆինանսների նախարարությանը այդ թիվը հաշվելու կամ կարդալու համար լրացուցիչ ժամանակ է հարկավոր:
Ինչեւէ, չկորցնելով հույսը' սպասում ենք մեր հարցերի ամբողջական պատասխաններին: