Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ 1911 թվականին մահացավ հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր Ժոզեֆ Պուլիցերը, նա կմտածե՞ր արդյոք, որ 1917 թվականին իր թողած ժառանգությունից ձևավորված մրցանակին ճիշտ 100 տարի անց կարժանանա հայազգի հանճարեղ բանաստեղծ, արձակագիր և բազմաթիվ այլ ժանրերում ստեղծագործող Փիթեր Բալաքյանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորում է հայ նորագույն գրականության պատմության շրջադարձի հերոս Փիթեր Բալաքյանին` «Օզոնային օրագիր» ժողովածուի համար` Պուլիցերյան մրցանակի արժանանալու առթիվ:
«Ականավոր մի բանաստեղծի գրչից` արձակ մի գլուխգործոց»՝ այսպես բնորոշեց «Փըբլիշըրզ Ուիքլի» շաբաթաթերթը «Ճակատագրի սև շունը» վեպ-հուշագրության ծնունդը:
Բալաքյանի գործերի մասին շատ է խոսվել: Նա ամերիկյան գրականության գորդյան հանգույցներ բերեց և չափածոյի ու արձակի թեմա դարձրեց Հայոց ցեղասպանության տարեգրությունը, որում, ցավոք, իր կորուստներն ուներ նաև գրողի ընտանիքը:
«Սա իմ տասնչորսերորդ վեպն է… Նմանապես պարտական եմ բանաստեղծ, հուշագիր և պատմաբան Փիթեր Բալաքյանին, ում գործերը կատարելապես ոգեշնչող և ուսուցանող էին։ Անգնահատելի էին բազմաթիվ գրքեր, հուշապատումներ և հոդվածներ», - իր «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի լույսընծայման առիթով նշել է ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը:
Մարկ Մուստյանը ևս փաստում է, որ «Ժանդարմը» վեպը գրել է Բալաքյանի ստեղծագործությունները կարդալուց հետո, որովհետև մինչ այդ ծանոթ չի եղել անգամ ցեղասպանության խնդրին, Առաջին համաշխարհային պատերազմին և դրանում հայ ժողովրդի մասնակցությանն ու կրած կորուստներին:
Կախարդիչ գեղեցկություն և բարձր բարոյականություն ունեն Փիթեր Բալաքյանի գործերը: «Օզոնային օրագիրը» ներառում է 54 պոեմ, որոնցում հեղինակը երևակայության ուժով և փաստերի զուգորդմամբ մերթ սիրիական անապատում է, ուր գաղթել են հայերը Մեծ եղեռնի տարիներին և որտեղ տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհ դարձած նախնիների մասունքների պեղումները, մերթ տեղափոխվում է 1990-ականների Մանհեթեն, հետո՝ Նյու Մեխիկոյի Նայրոբի գյուղ:
Ալֆրեդ Կեյզին Բալաքյանի մասին խոսելիս նրան համարել է մի բանաստեղծ, ով գիտի իսկ և իսկ անցյալի ցավը տեղադրել ներկա «պեյզաժում»՝ անձնական այն աստիճանով, որը սիրել է տալիս նրա գործերը:
Շնորհավորում ենք Փիթեր Բալաքյանին նորից և նորից՝ հավաստելով, որ մենք սիրում ենք իր գրականությունը, և ինչպես Պուլիցերյան մրցանակն աշխարհին ասաց՝ գրականությունն էլ սիրում է իրեն:
ՀՀ մշակույթի նախարարություն