Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ մշտապես աջակցելու է երկրում ապրող հայերին և Հայաստանին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Սպուտնիկի» թուրքական ծառայությունը:
«ՖՀԿՀ-ն պահանջել է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը և դրա վերաբերյալ մենք իրավական աշխատանքներ ենք տանում», - հայտարարել է Մակրոնը:
Ֆրանսիան 2012 թ. քրեականացրել էր երկրի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտումը: Սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկու տարի առաջ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական էր հայտարարել՝ նշելով, որ այն մի շարք դեպքերում կսահմանափակի խոսքի ազատությունը: ՖՀԿՀ-ն դրանից հետո հայտարարել է, որ շարունակելու է պայքարը՝ երկրի տարածքում Հայոց ցեղասպանությունը հերքումը քրեականացնելու ուղղությամբ: Ըստ այդ օրինագծի՝ օրենքը խախտողները կենթարկվեին 1 տարի ազատազրկման և 40 հազար եվրո տուգանքի:
Ֆրանսիայի նախագահն իր գոհունակությունն է հայտնել, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր. «Հայերի մղած պայքարը Ցեղասպանության ճանաչման համար է, պայքար է լռության, մոռացության դեմ: Իսկ ճշմարտության հարցում հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև կա եղբայրություն»:
Մակրոնը նաև անդրադարձել է Արցախյան հակամարտությանը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիան իր դերակատարությունն է բերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և խաղաղ բանակցությունների գլխավոր երաշխավորներից է», - նշել է Մակրոնը: