կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 16:15
Իրավական

6 ամսական երեխային մայրն ու ընկերուհին շահագործել են, օգտագործել` փող մուրալու համար

6 ամսական երեխային մայրն ու ընկերուհին շահագործել են, օգտագործել` փող մուրալու համար

3-ամյա Արմենը վեց ամսականից շահագործվել է մոր` 38-ամյա Մարինեի  և  նրա ընկերուհու` 52-ամյա Արմիկի կողմից: Մոր համաձայնությամբ` Արմիկը երեխային գրկել ու մուրացկանություն է արել երևանյան փողոցներում:

 

Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով արարք կատարելու համար: Այս երկու կանայք շահագործելու դիտավորությամբ երեխային 2012 թվականի փետրվարից մինչև 2013 թվականի հունիսը պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում:

 

Գործի նյութերի համաձայն` Մարինեն, նրա եղբայր Ասատուրը, Արմիկն ու երեխան վարձակալությամբ ապրել են նկուղային մի սենյակում, որի համար օրական վճարել են 4000 դրամ:

 

Այսօրվա դատական նիստի ժամանակ էլ հարցաքննվեց վկա Անահիտ Ասատրյանը, ով վերոնշյալ անձանց վարձակալությամբ տվել է նկուղային սենյակը: Վկան դատարանում պատմեց, որ հիմնականում վարձակալների հետ շփվել է իր ամուսինը, օրավարձն էլ Մարինեն է իր ամուսնուն վճարել:

 

Սկզբում սենյակը վարձակալել է Մարինեն, ու ապրելիս են եղել եղբոր հետ: Նա այդ ժամանակ հղի է եղել, հետո մոտ երկու տարի անց նրանց միացել է Արմիկը: Վկայի պատմելով` նրանք ապրել են մի ընտանիքի պես` հաշտ-համերաշխ: Իրար օգնել են տնային գործերում ու երեխայի խնամքի հարցերում: Ամեն օր առավոտյան միասին դուրս են եկել, միասին էլ վերադարձել: Ճշտող հարցերին, թե արդյո՞ք եղել են դեպքեր, երբ Մարինեն տանն է մնացել, կամ երեխային տանը թողած լինեն, վկան պատասխանեց. «Չէ, փոքր ա էրեխեն, կուրծք ա ուտում, ո՞նց տանը թողեին»: Սակայն հարցաքննության վերջում նշեց նաև, որ Արմիկի «բռնվելուց» հետո Մարինեն սկսել է տնից հազվադեպ դուրս գալ:

 

Այս վկան իր ցուցմունքում բազմիցս հայտարարեց, թե իր թոռների պես սիրել է Մարինեի երեխային, ու նույնիսկ դատարանին խնդրեց, որ նրան մորից չհեռացնեն: Մի երկու բառով էլ գովեց Մարինեին. «Ամենակարևորը` մաքուր ա: Իր լվացքը որ տեսնեք, շատ մաքուր ա»:

 

Իսկ այն հարցին, թե եթե այդքան սիրում է այդ երեխային, արդյո՞ք չի հետաքրքրվել, թե ինչպես են ապրում, որտեղի՞ց նրանց այդքան գումար` սենյակը վարձը վճարելու համար: Իսկ վարձը ամսական կազմում է 120 հազար դրամ, ինչը, մեղմ ասած, թանկ է նկուղային մեկ սենյակի համար: Այս հարցին վկան նախ պատասխանեց, որ  նրանք այդ գումարը տվել են և կոմունալ վարձերի հետ գործ չեն ունեցել: Հայտնեց նաև, որ նրանց տուն փող բերողը եղել է Ասատուրը, ով սրան-նրան օգնել է` իրեր տեղափոխել և այլ ֆիզիկական աշխատանք կատարել փողի ու սնունդի դիմաց:

 

Տանտերը պատմեց նաև, որ նույն Ասատուրը նաև որովայնի ճողվածք է ունեցել (և դա այնքան անկհայտ է եղել, որ ինքը տեսել ու վախեցել է): Սակայն վիրահատվել է ամիսներ անց: Եվ այս դեպքում, թե արդյո՞ք տանտիրոջ համար զարմանալի չէր, որ այդ հիվանդությամբ աշխատել է Ասատուրը, վկան պատասխանեց. «Բայց էդ գրիժան իրան նեղություն չէր տալիս»:

 

Այս վկան, ի դեպ, մի քանի անգամ նշեց նաև, որ Ասատուրը նորմալ, առողջ մարդ է, այնինչ` նա հոգեկան խնդիրներ ունի: Թեև ավելի ուշ ինքն էլ խոստովանեց, որ առաջին հայացքից անծանոթ մարդու մոտ կարող է նման տպավորություն թողնել:

 

Իսկ, մասնավորապես, մուրացկանության վերաբերյալ, վկայի խոսքով, իրեն գրեթե ոչինչ հայտնի չի եղել: Մի անգամ Արմիկին տեսել է, Կիլիկիայի ավտոկայարանի մոտ գտնվող գետնանցման աստիճաններին նստած, փող մուրալիս: Բայց նա առանց երեխայի է եղել: Եկել է տուն ու Մարինեին ասել, որ այլևս նման բան չտեսնի:

 

Իսկ այն, որ երեխային էլ են ներգրավել մուրացկանության մեջ, տանտերն իմացել է միայն նրանց բռնվելուց հետո: «Ես իրա վրա էլ ջղայնացա, թե` ինչի՞ ես քո էրեխուն տվել իրա ձեռը: … Ինքն էլ վատ զգաց, որ ինձանից թաքցրել էր»,- պատմեց վկան: 

 

Հ.Գ. Տուժող երեխայի և ամբաստնյալների անունները փոխված են: