Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսպէս ասած՝ «հայ-ադրբեջանական հաշտութեան ու խաղաղութեան», իսկ խորքում՝ հերոսական Արցախին ծունկի բերելու վերջին ժամանակաշրջանների դէպքերի շարանը, ահա, «արդիւնաւորւեցին» մարտի 5-ի ադրբեջանական հերթական սադրանք-ագրեսիայով, աւելի ճիշտ՝ ահաբեկչութեամբ, որի արդիւնքում էլ Արցախի Ներքին գործերի նախարարութեան ոստիկանական բաժանմունքի երեք սպայ զոհւեց, 4-րդը վիրաւոր:
Բուն դէպքերի շարանին անցնելուց առաջ պէտք է մէջբերել որոշակի պաշտօնական յայտարարութիւններ, ըստ որոնց՝
«Ռուս խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեան միջնորդութեամբ եւ ներկայութեամբ՝ փետրւարի 24-ին Արցախեան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանաւորւածութիւն է ձեռքբերւել երկրորդ հանդիպման կապակցութեամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Արցախի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Սամուէլ Շահրամանեանի գլխաւորութեամբ:
Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պրն. Շահրամանեանը կանխել է ասելով, որ եթէ պէտք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պէտք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախութեան ճանաչման թեման: Նա յաւելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազօրւած չեն եւ տւեալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»: Ըստ նոյն պաշտօնական աղբիւրի՝ դրանից յետոյ ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է Արցախեան կողմին, որ կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականութիւնը, կամ առկայ խնդիրներին որեւէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են աւելի կոշտ եւ կտրուկ քայլեր:
Ահաւասիկ, բուն դէպքերի զարգացումը մինչ այդ.-
1- Վերջերս Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում Արցախեան հիմնահարցի վերաբերեալ ընդդիմութեան կազմակերպած լսումներին, իշխանութեան միակ ներկայացուցիչ օլիգարխ Գուրգէն Արսէնեանը, որպէս վերոգրեալ խաղաղութեան ջատագով, մօտաւորապէս այսպիսի միտք արտայայտեց, ըստ որի՝ առաջնայնութիւնը պէտք է տալ 3 միլիոնանոց ՀՀ-ին եւ ոչ թէ՝ 120000-անոց Արցախին…:
Սրա արձագանգը, սակայն, չուշացաւ. նոյնինքն Ալիեւը երեք միլիոնանոց ՀՀ-ն անւանեց ոչ աւել, ոչ պակաս՝ «արեւմտեան Ադրբեջան»...
2-Այնուհետեւ Լահէի միջազգային դատարանը վճիռ կայացրեց, որպէսզի Ադրբեջանը ապաշրջափակի Լաչինի միջանցքն ու չխոչընդոտի հումանիտար օգնութիւնները, բայցեւայնպէս մինչ օրս՝ ձայն բառբառոյ յանապատի… ու դեռ աւելին՝ Բաքուն դարձեալ պնդում է Լաչինի միջանցքում իր վերահսկողութեամբ անցակէտ տեղալայելու եւ դրանով նոր սադրանքների գնալու անհրաժեշտութեան մասին:
3-Ադրբեջանական լկտիութիւնը, ապա, աւելի ուժգնօրէն դրսեւորւեց ամիսներից ի վեր բարձրացրած աղմուկի շարունակմամբ, որով պահանջում էր Արցախի նորանշանակ պետնախարարի՝ Ռուբէն Վարդանեանի հեռացումը… ու ցաւօք, երեւի ցնորամիտ խաղաղութեան անվտանգութեան սիրոյն, պետնախարարին նշանակած նոյն Արցախի նախագահը պաշտօնազրկում է կարճ ժամանակում ժողովրդական մեծ աջակցութիւն վայելող Ռուբէն Վարդանեանին:
4-Նոյն անարժանապատիւ խաղաղութիւնը իբր չվտանգելու համար, Ն. Փաշինեանը Միւնխէնեան հանդիպումներում ոչ մի կերպ ի զօրու չի լինում եւ ինչպէս բազմիցս է ապացուցել, չի ցանկանում ընդդիմանալ յոխորտացող ու լկտի Ալիեւի հակաարցախեան ու հակահայաստանեան բարբաջանքներին, քանզի հէնց ինքն էր մինչ այդ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական խաղաղութեան սպառնալիք բնութագրել ՀԱՊԿ-ն ու ՀՀ-ում ռուսական ռազմաբազաները:
5-Իսկ ամենազաւեշտալին այն, որ այդ չարչրկւած խաղաղութեանը «չվնասելու» համար էր երեւի, որ Հայաստանի վարչապետի պաշտօնն զբաղեցնողը, Բեռլինում, կանցլեր Շոլցի՝ Արցախի հարցի ինքնորոշման իրաւունքի մասին խիստ հայամէտ յայտարարութեանը (թէկուզ հետագային ասւեց, որ խօսքի այդ բաժինը հանւել է կանցլերի կայքէջից...) ոչ մի դրական արձագանգ չի ցուցաբերում…:
…Եւ այս ամենից յետոյ, ինչպէս չսպասել ադրբեջանական նոր ու հերթական գալիք ագրեսիաների, որոնք կանխարգելելու փոխարէն, հրամցւում են ժողովրդին, վերջնիս համոզելու, որ եթէ Արցախեան հարցի գծով միջազգային հանրութեան (իմա՝ թուրք-ադրբեջանական) պահանջի համաձայն նշաձողը չիջեցնենք, ապա ագրեսիաներն ու նոր պատերազմը անխուսափելի կը դառնան…: Իսկ այսօր եւեթ, նման պարտւողական կեցւածքի շարունակման դէպքում նշաձողերը կը դառնան՝ Արցախի ամբողջական հայաթափումը, ապա՝ Սիւնիքի օկուպացիան եւ վերջում էլ՝ «արեւմտեան Ադրբեջանի» ապահայացումը…:
Դերենիկ Մելիքեան
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր,
Պատմական Գիտութիւնների թեկնածու