կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-25 21:08
Առանց Կատեգորիա

Very very good. Հովիկ Աբրահամյանը հավանեց Դիլիջանի միջազգային դպրոցը

Very very good. Հովիկ Աբրահամյանը հավանեց Դիլիջանի միջազգային դպրոցը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Նա ծանոթացավ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներին: Վարչապետն ամեն ինչ կարծես հավանեց եւ հայտարարեց. «Very very good»:

 

Հովիկ Աբրահամյանի շրջայցը Դիլիջանի միջազգային դպրոցումը ՝ Yerkir.am-ի տեսանյութում:

Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցն իրենից ներկայացնում է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծախսով բարեգործական նախագիծ, որի իրականացմանն աջակցել է ՀՀ կառավարությունը. 2013 թ. հունիսի 19-ին Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության հեղինակած՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն իրականացվելու է երկու փուլով՝ 110 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2014 թ.) և 80 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2017 թ.): Շինարարական աշխատանքներում ներգրավված է շուրջ 800 մարդ՝ 60-ը վարչական պաշտոններում և 740-ը՝ բուն շինաշխատանքներում, ինչպես նաև ավելի քան 20 տեղական կազմակերպություն: Կրթահամալիրի տարածքը կազմում է 88 հա՝ Դիլիջանի ազգային պարկի հարևանությամբ: Ծրագիրը միտված է նաև բարելավելու Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը` նպաստելով գործազրկության կրճատմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը, Դիլիջանի ենթակառուցվածքների արդիականացմանը և բնապահպանական կայուն զարգացմանը: Քոլեջը 16-18 տարեկան առաջին աշակերտներին կընդունի 2014 թ. օգոստոսին։ Նախատեսվում է, որ սաների թիվը 2023 թ. կհասնի առավելագույնը 650-ի: Ուսման վարձը լինելու է 30.000 ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Դպրոցի շահագործման արդյունքում ընթացիկ ծախսը տարեկան կկազմի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 110 մշտական աշխատատեղ (82 ուսուցիչ, շուրջ 30 վարչական աշխատակից): Ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից բացի, համալիրն ունի նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և բժշկական կենտրոններ: 2013 թ. հոկտեմբերից Դիլիջանի միջազգային դպրոցն անդամակցում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» (United World Colleges-UWC) կրթական ցանցին և ստացել «UWC Dilijan» անվանումը (14 քոլեջներից մեկն է): Այս տարի UWC համակարգում կարող է ուսանել ՀՀ 17 քաղաքացի` 10-ը «UWC Dilijan» միջազգային դպրոցում, 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում: Դպրոցն ստանալու է հավատարմագրում՝ Քեմբրիջի IGCSE՝ 14-16 և IB Diploma՝ 16-19 տարեկանների համար կրթական ծրագրերի համաձայն ուսուցում իրականացնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում: Դասավանդման լեզուն անգլերենն է լինելու, իսկ հայազգի քաղաքացիների համար հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր է լինելու: