կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 12:25
Հասարակություն

Նոյեմբերի 1-ից Դիլիջանի միջազգային դպրոցում մեկնարկում է աշակերտների ընդունելությունը

Նոյեմբերի 1-ից Դիլիջանի միջազգային դպրոցում մեկնարկում է աշակերտների ընդունելությունը
Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը (DIS) դարձել է UWC-ի լիիրավ անդամ եւ կկոչվի UWC Dilijan: Այս մասին գրված է դպրոցի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

Աշակերտների ընդունելությունը կմեկնարկի նոյեմբերի 1-ից` 140 երկրներում գործող UWC Ազգային կոմիտեների միջոցով:

 

«Դիլիջանի միջազգային դպրոցն ուրախ է տեղեկացնել UWC-ին իր անդամակցության մասին: Այն երեխաները, ովքեր ցանկանում են 2014 թվականի սեպտեմբերից դառնալ մեր աշակերտները, կարող են դիմել UWC-ի Ազգային կոմիտեներ, որոնց տվյալները հասանելի են www.uwc.org կայքում: UWC Dilijan-ը մտադիր է 2014 թ-ի սեպտեմբերին ընդունել ավելի քան 90 աշակերտների 45 երկրներից», - ասել է DIS-ի ղեկավար Ջոն Պադեֆութը:

 

«Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ նրանից, թե ի՞նչ ծագում ունեն: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ»,- ասել է Դիլիջանի միջազգային դպրոցի գործընկեր-հիմնադիր եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որի շնորհիվ Հայաստանը ներկայացված կլինի համաշխարհային կրթական քարտեզի վրա: Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը կսովորեն նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով: