|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Yerkir.am-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ամիսներ շարունակ քննվող մի գործ:
Արտերկրից Հայաստան մեքենաների ներկրմամբ և դրանց վաճառքով զբաղվող Արման Եղիազարյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Մկոյանի և քրեական հեղինակություն` Կիլիկիայի Կլոր մականվամբ Արայիկի անօրինական գործողությունների և սպառնալիքների արդյունքում տարիներ շարունակ ֆինանսական կորուստներ է ունեցել, մասնավորապես` իրենից հափշտակվել է 206 000 ԱՄՆ դոլար գումար։ Եղիազարյանը հայտնել է, որ ամեն ինչ սկսվել է 2009-ին, երբ ինքն Արաբական Էմիրություններից ավտոմեքենաներ է ներկրել Հայասատան և զբաղվել դրանց վաճառքով։ Նա նշել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող տարածքում, երբ նոր-նոր սկսել է իր գործունեությունը` մեքենաների վաճառքը, իրեն հրավիրել է Գագիկ Մկոյանը և բացատրել, որ եթե ցանկանում է շարունակել իր գործունեությունը նրա հողի վրա` պետք է ամսական 300 լիտր բենզին կամ համարժեք դրամ տա, իսկ չհամաձայնելու դեպքում սպառնացել է խնդիրներ ստեղծել նրա համար, մասնավորապես` քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար: Ինչից հետո և սկսվել է ոստիկանության պաշտոնյայի, քրեական հեղինակության և Արմանի «համագործակցությունը»:
Մասնավորապես` Արմանն իր դիմումում հայտնել է, որ վերը նշված անձանց պահանջած գներով վաճառել է նրանց և նրանց շրջապատի մեքենաները և նույն սկզբունքով հիշյալ անձանց համար մեքենաներ գնել, ավելին` ներգրավվել է անհասկանալի բանկային գործարքների մեջ, նրանց փոխարեն վճարումներ կատարել: Ըստ Արմանի` այս ամենը ոչ միայն իր ֆինանսական կորուստների պատճառն է դարձել, այլև իրեն լուրջ փաստի առջև կանգնեցրել` կասկածի տակ դնելով իր և ընտանիքի անվտանգությունը: Իսկ հիմնական սպառնալիքը եղել է այն, որ Մկոյանը խոստացել է իրեն դատի տալ, իսկ Կլորն էլ` «գողականով հարցերը լուծել» գաղութում։
Նշենք, որ կատարվածի առնչությամբ քաղաքացին դիմում է գրել նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով հետամուտ լինել, որպեսզի իրավական գնահատական տրվի ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Մկոյանի և քրեական հեղինակություն Կլորի գործողություններին, ինչպես նաև քայլեր ձեռնարկել իր և ընտանիքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Ի դեպ, դիմումից հետո Մկոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Մեր տեղեկություններով` ՀՔԾ-ում քննվող գործով ոստիկանության` արդեն նախկին պաշտոնյան ներգրավված է որպես վկա, սակայն անհասկանալի պատճառներով գործի նախաքննությունը ձգձգվում է: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Գագիկ Մկոյանին հովանավորում է նրա ազգականը` նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ, ծնունդով ջավախքցի Հովհաննես Հունանյանը:
Yerkir.am-ը համապատասխան հարցում է ուղարկել ՀՔԾ` ճշտելու համար, թե ո՞ր փուլում է գտնվում գործը, իսկ ոստիկանության փոխգնդապետ և քրեական հեղինակություն զույգի վերոհիշյալ գործունեությանը մանրամասնորեն կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում: