կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-28 18:01
Քաղաքական

Մարությանը նույնիսկ իր լայն ընտանիքում հեղինակություն չի, որ խրախուսի՝ քվե տալ ՔՊ-ին, անէական պաշտոնյա է․ Թեհմինա Վարդանյան

Մարությանը նույնիսկ իր լայն ընտանիքում հեղինակություն չի, որ խրախուսի՝ քվե տալ ՔՊ-ին, անէական պաշտոնյա է․ Թեհմինա Վարդանյան

Մարությանն ուղղակի թքած ունի այն աթոռի վրա, որին հիմա նստած է, ուղղակի թքած ունի Երևանի վրա և թքած ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա, ինչն արդեն ակնհայտ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը՝ մեկնաբանելով  վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ նախընտրական փուլում Մարությանն իշխող թիմին հանրային աջակցություն չցուցաբերեց։

Թեհմինա Վարդանյանն ընդունում է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ունենա նեղվածություն Մարությանից, և հիշեցնում է, թե Մարությանն ում շնորհիվ է դարձել Երևանի քաղաքապետ․ մեկ անձի ռեյտինգի շնորհիվ, սակայն չի ընդունում, որ Հայկ Մարությանը որևէ կերպ դեմ է գնացել «Քաղաքացիական պայմանագրին»։

«Այսինքն, ինչո՞վ դեմ գնաց, որևէ բան խոսե՞ց, ո՛չ, իհարկե․ երևանցին պետք է իմանա՝ իր քաղաքապետն ի՞նչ դիրքորոշում ունի կապիտուլյացիայի հետ կապված։ Մարությանը ուղղակի լռեց, գնաց հերթական արձակուրդը, որը նրան շատ բնորոշ է, Մարությանն ընդհանրապես քաղաքապետարանի շենքում շատ քիչ է նկատվում, վերացող տեսակ է արդեն այդ շենքից, սա թերևս այն է, ինչ սպասվում էր բոլորի կողմից»,-ասաց նա։

Այն, որ Մարությանից այդ կուսակացությունը բազմաթիվ դժգոհություններ ունի, ավագանու անդամը վաղուց արձանագել է, բայց նաև նկատում է, ոչ «Մարությանը չի խերվում»․ ինքն ու Դավիթ Խաժակյանը կապիտուլյացիայից անմիջապես հետո նախագիծ էին ներկայացրել՝ պահանջելով կառավարության հրաժարականը, բայց Մարությանը այդ նախագծին դեմ քվեարկեց։

«Ի դեպ, միայն ես և պրն․ Խաժակյանն ենք կողմ քվեարկել այդ նախագծին, իշխող խմբակցությունից որևէ մեկը կողմ չքվեարկեց, և Մարությանը շատ լավ գիտեր, որ իր «խիարը թարս է բուսնելու», որովհետև այնտեղ վստահաբար ջրերը վաղուց արդեն մեկ առվով չեն հոսում»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։

Այն, որ ընտրությունների անմիջապես հաջորդ օրը Մարությանը սկսեց քանդել կրպակները, ավագանու անդամի համար ևս մեկ ապացույց է, որ տարաձայնության պատճառը ոչ թե Հայկ Մարությանի համոզմունքներն են, այլ ներկուսակցական անհաշտությունը։

«Մտավ «բրուտալ տղամարդու» կերպարի մեջ և փորձեց որոշակի քանդուքարափներ անել քաղաքում՝ որը օբյեկտիվ, որը ոչ օբյեկտիվ, որովհետև, որքան ես գիտեմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության հետ փոխկապակցված անձանց կրպակներն ամենևին չեն ապամոնտաժվել, իսկ ես դրան շատ ուշի ուշով հետևում եմ, այդտեղ խնդիրն իրենց կուսակցության ներսում է»,-ասաց նա։

Մարությանը կուսակացության ապազգային գծին, նրա համոզմամբ, դեմ չի գանցել․ դեմ գնալն այն կլիներ, որ Երևանի մեծամասնությա՝ շուրջ 81 տոկոսի քվեն ստացած քաղաքապետը որևէ վատ կամ լավ տեսակետ արտահայտեր։

«Անկեղծ ասած, թքած ունեմ՝ այն կուսակցության որ անդամը՝ կլինի դա Մարությանը, կլինի դա Փաշինյանը, կլինի դա Արայիկ Հարությունյանը, միմյանց միջև ինչ փոխհարաբերություններ ունեն, ամեն մարդ ստանում է այն, ինչին արժանի է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս շուտով վստահաբար ստանալու է այն, ինչին արժանի է»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։

Իսկ որ ՔՊ-ն Երևանում զգալիորեն քիչ ձայն է հավաքել, ավագանու անդամի համոզմամբ, Մարությանի միտումնավոր անգործության հետևանքը չէ։

«Հայկ Մարությանը նույնիսկ իր լայն ընտանիքի շրջանում հեղինակություն չի, որ ինչ-որ մեկին կոորդինացնի կամ խրախուսի՝ քվե տալ ՔՊ կուսակցությանը, անէական պաշտոնյա է»,-ասաց նա։

Թեհմինա Վարդանյանը նկատեց, որ դրանում երևանցիներն արդեն համոզվում են 3 տարի շարունակ, որովհետև Հայկ Մարությանն՝ ինքն էլ, չգիտի ինչով է զբաղված։

Աննա Բալյան