կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-23 16:49
Իրավական

«Աղջի’, կտամ, գլուխդ կջարդեմ». միջադեպ` Վարդան Պետրոսյանի գործով նիստում

«Աղջի’, կտամ, գլուխդ կջարդեմ». միջադեպ` Վարդան Պետրոսյանի գործով նիստում
Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող` Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստում պաշտպանական ճառով հանդես եկան դերասանի պաշտպանները, այդ թվում` ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն:
Նա իր ճառում  նշեց, որ մեկ տարի տևած` վթարի գործի դատաքննությունը ռեալիթի-շոու էր հիշեցնում:

 

«Ես չհասկացա, թե մեկ տարվա քննությունն ինչ նպատակի է ծառայել:  Ես ամբողջ ընթացքում լսել եմ, հասկացել եմ, թե իմ գործընկերներն ինչպես են պաշտպանում Վարդանին: Բայց մեկ տարի հետո մենք նորից նույն կետում ենք: Այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, ամեն ինչ է, բացի արդարադատությունից »,- ասաց նա:

 

>
Փաստաբանը նշեց, որ այս ընթացքում ուսումնասիրել է հայաստանյան օրենսդրությունը. «Եվ ես սկսեցի ուսումնասիրել ձեր օրենքները: Բայց տեքստը ոչինչ է, կարեւորն այն է, թե ինչպես ես օգտագործում այդ օրենքը: Քանի դեռ արդարադատությունը ներկայացման նման մի բան է դառնում, այն իր նպատակին չի ծառայում»,- ասաց նա և հավելեց, որ արդարադատության նկատմամբ հավատի մի փոքր նշույլ  պահպանվել է իր մոտ:

 

«Հարգելի’ դատարան, Վարդան Պետրոսյանին Ձեզ եմ հանձնում, ես Ձեզ եմ հանձնում այն բոլոր ձախողումներով, որն ունեցել է Հայաստանի արդարադատությունը տարիներ շարունակ, խնդրում եմ` չաղավաղեք այն հսկայական հնարավորությունը և իրավունքը, որ դուք ունեք արդարադատություն իրականացնելու համար»,- եզրափակելով խոսքը` ասաց ֆրանսիացի իրավաբանը:

 

Պաշտպանի ճառն ուղեկցվեց դահլիճում ներկաների ծափահարությամբ, ինչը տեղիք տվեց տուժողների  իրավահաջորդների բարկությանը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը խանգարելու համար սանկցիա կիրառեց  և դուրս հրավիրեց տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանին, սակայն նա հայտարարեց, որ դուրս կգա այն ժամանակ, երբ բոլորը դուրս գան: 

 

Նման պահանջ ներկայացրեց նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը` նշելով, որ իրավահաջորդի պահվածքն ադեկվատ է:

 

«Երկու երեխուս գլուխը կերել ես, հիմա կանգնած` ծափ ե՞ք տալիս»,- հայտարարեց Արթուր Հակոբյանը:

 

Հակոբյանի կինն էլ` Նաիրա Հայրապետյանը,  վիճաբանության մեջ մտավ նիստերի դահլիճում ներկաներից մեկի հետ, ինչին միջամտեց Ա. Հակոբյանը: «Աղջի', կտամ, գլուխդ կջարդեմ»,- դիմելով կնոջ հետ վիճաբանողին` ասաց նա, ապա, հայտարարելով, որ չեն ցանկանում մասնակցել դատավարությանը, լքեցին դահլիճը:

 

Այս պահին վերջին խոսքով է հանդես գալիս դերասան Վարդան Պետրոսյանը: