կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-17 17:12
Իրավական

Լարված մթնոլորտ` երեխայի մահվան գործով դատավարության ժամանակ. փաստաբանները հայտարարում են դատավորի աչառու լինելու մասին

Լարված մթնոլորտ` երեխայի մահվան գործով դատավարության ժամանակ. փաստաբանները հայտարարում են դատավորի աչառու լինելու մասին

Բժշկությունն ուշացնել չի սիրում. 2 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով դատարանում տված իր ցուցմունքում նշեց դատաբժշկական փորձագետ Գագիկ Հարությունյանը: Արդեն չորրորդ դատական նիստն է, ինչ հարցաքննվում է և պնդում, որ, այնուամենայնիվ, բժշկական սխալ եղել է երեխայի մահվան դեպքում:

 

Փորձագետի խոսքով` եթե երեխային հիվանդանոց ընդունելու պահից սկսած, բավարար և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեին, ապա հավանական է, որ երեխայի առողջական վիճակը բարելավվեր, հիվանդությունն արագ չընթանար, և ելքը մահ չլիներ: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ միանշանակ չի կարելի ասել, որ եթե բոլոր այդ միջոցառումները կատարվեին` արդյո՞ք բուժումն արդյունավետ կլիներ:

 

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, ընթանում է «Արաբկիր» ԲՀ-ի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի դեմ հարուցված գործի քննությունը: Համաձայն մեղադրականի` նրանք ոչ պատշաճ են կատարել մասնագիտական պարտականությունները՝ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդի մահ:

 

Այսօրվա դատական նիստը բավական լարված մթնոլորտում էր անցնում: Պաշտպանները մի քանի անգամ հայտարարեցին, թե դատարանը, իրենց կողմից փորձագետին տրվող որոշ հարցեր հանելով, զրկում է իրենց պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից:

 

«Ինձ մոտ տպավորություն է, որ փորձագետի եզրակացությունը հաստատված հանգամանք է դատարանի համար, և դատարանը չի փորձում նշված հարցերի մեջ խորանալ»,- նշեց Զ. Այվազյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

 

Դատավորը պարզաբանեց, որ պետք է հնչեն փորձագիտական եզրակացությանը վերաբերող հարցեր, այնինչ` փաստաբանները դատավարությունը վերածել են «պետական քննության»:

 

Իսկ ավելի ուշ, երբ փաստաբանները նորից խոսեցին դատարանի ոչ անաչառ վերաբերմունքի մասին, դատավոր Լ. Ավետիսյանը «հուշեց» նրան, որ կարող են իրեն բացարկի միջնորդություն ներկայացնել:

 

Լարված մթնոլորտում  հարցաքննությունը երբեմն վերածվում էր աղմուկի` տարբեր կողմերից խոսակցությունները խառնվում էին իրար: Դատավորը մի քանի անգամ դիտողություն արեց Լ. Վարդանյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանին` խնդրելով չընդհատել փորձագետին, երբ նա պատասխանում է: Ի վերջո, կրքերն այնպես թեժացան, որ դատավորը փորձագետին խնդրեց նստել դահլիճում և քննարկեց Գ. Հովհաննիսյանի հանդեպ դատավարական սանկցիա կիրառելու հարցը: Դատավարության կողմերը դեմ էին սանկցիա կիրառելուն, և դատարանը որոշեց, ևս մեկ անգամ դիտողություն անելով, սահմանափակվել:

 

Գագիկ Հարությունյանի հարցաքննությունից հետո նիստերի դահլիճ հրավիրվեց մեկ այլ փորձագետ` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Սակայն, ինչպես դատավորը գնահատեց, նրա` «մանկաբուժության մասին դասախոսությունը» գործին վերաբերելի չէր, իսկ փորձագետի ձեռքի տակ չկար փորձագիտական եզրակացությունը, որպեսզի բավարար կերպով պատասխաներ դատավարության կողմերի հարցերին: Դատարանը խնդրեց նրան մյուս նիստին ներկայանալ համապատասխան փաստաթղթերով, այլ ոչ թե «դատարկ ձեռքերով»:

 

Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 2-ը: