կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-03 15:18
Մշակույթ

«Ոսկե ծիրան»` կինոփառատոն, որտեղ եփվում են կինոնախագծեր

«Ոսկե ծիրան»` կինոփառատոն, որտեղ եփվում են կինոնախագծեր

 

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 15-17-ը տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ծրագիրն արդեն կինոփառատոնի անբաժանելի մասն է դարձել:

 

«Նման հարթակները շատ կարևոր են կինոփառատոների համար, քանի որ վերջին տասնամյակում կինոփառատոների առաքելությունը նաև կինոարտադրությանը խթանելն է դարձել: «Ոսկե ծիրան»-ն էլ այս առումով ոչնչով չի զիջում միջազգային մյուս կինոփառատոներին: «Ոսկե ծիրանը» կինոփառատոն է, որտեղ եփվում են կինոնախագծեր, տարբեր հարթակներում բացվում են ճանապարհներ ֆիլմերի համար»,- ասաց Հարությունյանը:

 

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի համակարգող Լուսինե Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի մասնակցության համար ներկայացված 24 նախագծերից ընտրվել են 14-ը, որոնք էլ կներկայացվեն ու կմրցեն զարգացման երեք դրամաշնորհների համար (5000, 3500, 3500 եվրո):

 

«Այս տարի, որպես դասավարներ, հրավիրված են «Eastern Europe German Films»-ի ներկայացուցիչ և «Saxonia Entertainment-ի Producer Documentaries»-ի ղեկավար Սիմոնա Բաումանը, «ARTVIVA»-ի նախագահ և «Film TEEP»-ի նախագահ Ռուքսանդրա Չեռնատը, Եվրոպական համարտադրության ֆոնդի և «Eurimages»-ի ֆրանսիացի պատվիրակ, Ֆրանսիայի կինոկենտրոնի միջազգային համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար Ջուլիեն Էզզանոն»,- ասաց Մարտիրոսյանը:

 

ՌԱՍ նախագծի հանրային կապերի պատասխանատու Սոնա Շահբազյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը կրկին կներկայացնի «Ֆիլմեր առանց սահմանների» կինոծրագիրը:

 

«Ծրագրում կներկայացվի 17 ֆիլմ՝ վերջին տարիներին Թուրքիայում և Արևելյան գործընկերության երկրներում ստեղծված: Ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին` Վիկտորյա Տրոֆիմենկոյի «Եղբայրներ. վերջին խոստովանությունը» ուկրաինական ֆիլմի ցուցադրությամբ»,- ասաց նա: