կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-25 17:03
Առանց Կատեգորիա

Տերմենվոքս` գործիք, որը նվագում են օդում. հարցազրույց տարածաշրջանում միակ տերմենահարի հետ

Տերմենվոքս` գործիք, որը նվագում են օդում. հարցազրույց տարածաշրջանում միակ տերմենահարի հետ

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում համերգով հանդես եկավ  տարածաշրջանի միակ հայ տերմենահարուհին' Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը: Տերմենվոքսն աշխարհում միակ երաժշտական գործիքն է, որը նվագում են օդում` առանց գործիքին դիպչելու: Սաթենիկը հպարտությամբ է նշում, որ «թիթիզանալու» կարիք չունի' նվագում է միայն հայ կոմպոզիտորների գործերը' այդպիսով նպաստելով հայկական երաժշտության պրոպագանդմանը: Երաժշտի միակ աշակերտը դուստրն է, որին էլ փորձում է սովորեցնել տիրապետել գործիքին: 

 

-Ե՞րբ բացահայտեցիր գործիքը քեզ համար և ինչո՞ւ որոշեցիր դաշնամուրից անցում կատարել տերմենվոքսին /գիտեմ' սկզբում դաշնամուրային բաժինն ես ավարտել/:

-Այո, սկզբում Ռոմանոս Մելիքյանում էի սովորում' դաշնամուրի բաժնում, բայց դա քիչ էր, ներքուստ չէի բավարարվում, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ բան կիսատ եմ անում, ինչ-որ բան այն չէր: Ավարտական կուրսում ինձ միանգամից սկսեց հետաքրքրել կոմպոզիցիան, եղան մարդիկ, ովքեր օգնեցին ինձ, և Կոնսերվատորիա արդեն որպես կոմպոզիտոր ընդունվեցի: Այդ ժամանակ զուգահեռ երգեհոն էի սովորում: Փոքրուց սիրել եմ առանձնանալ, տարբերվել, և ինձ միշտ հետաքրքիր են եղել տարօրինակ գործիքները, սիրել եմ զբաղվել այն գործիքներով, որոնք քիչ են նվագում: Երբ դաշնամուրի էի գնում, ճնշվում էի, թե ինչո՞ւ դաշնամուր, քանի որ այն շատ տարածված էր: Կոնսերվատորիայում երգեհոնը «բացահայտեցի», և այն ինձ գրավեց, քանի որ, բացի ձեռքերից, ոտքերով էլ ես, չէ՞, նվագում: Կոնսերվատորիան ավարտեցի որպես երգեհոնահար և կոմպոզիտոր, այդ ընթացքում արդեն ամուսնացել էի, և երեխաներս ծնվեցին: Ընկերներիցս մեկը «Զանգակներ» խմբում էր նվագում և ինձ առաջարկեց միանալ իրենց, սիրով համաձայնեցի, քանի որ զանգակներ նվագելն էլ յուրօրինակ էր: Հենց այդ ժամանակ էլ ամուսինս' Մարտին Ուլիխանյանը, ինտերնետով ինձ տերմենվոքսը ցույց տվեց, և միանգամից սիրահարվեցի գործիքին: Ամուսինս նկատեց դա ու ասաց' կառնեմ, գործ էլ կգրեմ ու կնվագես, այսպիով' ինքը դարձավ խթանիչ ուժը:

 

-Արդյո՞ք գործիքի խորհրդավորությունը քեզ դեպի գործիք տարավ:

-Այո, իր խորհրդավորությունը, միստիկան: Գործիքի հնչողությունը շատ տիեզերական է: Կան մարդիկ, որ ասում են' այն կարծես հեթանոսական շրջանից մնացած լինի: Միստիկ երանգ ունի ձայնի տեմբրը, և իզուր չէ, որ տերմենվոքսն օգտագործում են միստիկ ֆիլմերում` պահը, կադրը սրելու համար: Ինձ հետաքրքիր էր' ինչպե՞ս են նվագում, քանի որ սա այն եզակի գործիքն է, որին չես դիպչում: Փոքրուց իմ մատները շատ ուժեղ են եղել, մեր բակի երեխաներն անգամ վախենում էին ինձնից: Երաժշտական դպրոցում ինձ միշտ ասում էին` ինչո՞ւ են քո մատներն այսքան չոր, անհոգի ես նվագում: Տերմենվոքսի հարցում ձեռքերս, կարծես, ճիշտ տեղում հայտնվեցին, քանի այն նվագելիս պետք են չոր ու կոպիտ, հստակ շարժումներ:

 

-Առաջին անգամ կատարումդ լսելով' ինձ մոտ այնպիսի տպավորություն էր' կարծես ինչ-որ մեկն էլ համատեղ երգում է:

-Այո, շատերն են նման բան ասում: Տերմենվոսքի հնչողության տեմբրը մարդկային ձայնի է նման և ոչ միայն, այն շատ նման է նաև ջութակի, թավջութակի ձայնին: Գործիքն իր վրա մի կոճակ ունի, ըստ որի' գործիքը հնչում է ինչ-որ մեկ այլ գործիքի նմանությամբ, և ինձ մոտ վոկալն է ակտիվացրած, որն էլ կանացի ձայնի հնչողության տպավորություն է թողնում:

 

-Հետաքրքիր է' գործիքը ջազում կամ ռոքում կիրառվո՞ւմ է:

-Այո, փորձեր կան արված, բայց ես դեռ չեմ փորձել, բայց նման ցանկություն ունեմ: Վերջերս մի երիտասարդի հետ էի խոսում, ով ջազ բենդում է աշխատում և առաջարկեց համագործակցել իրենց հետ: Համերգներն ավարտելուն պես կանցնեմ գործի: Ես հիմնականում դասական գործեր եմ նվագում' մեր երիտասարդ կոմպոզիտորների, հատկապես' ժամանակակիցների գործերը: Ի դեպ, մեկ անգամ համերգով հանդես եմ եկել նաև Կամերային նվագախմբի հետ, այսինքն' գործիքի կիրառությունը որևէ սահմանափակում չունի:

 

-Միայն մե՞ր կոմպոզիտորների գործերն ես նվագում:

-Ուրախալի է ու փաստ' այո: Ինձ համար դա սկզբունք է դարձել: Ամուսինս հիմա ԱՄՆ-ում է, և երբ իր ընկերներն իմացել էին, որ ես տերմենահար եմ, իրենց գործերից էին ուղարկել: Ես նայեցի նոտաները, շատ սիրուն երաժշտություն էր, բայց այն փաստը, որ երաժշտությունը հայկական չէր, խուսափեցի կատարել դրանք: Ես հպարտությամբ եմ ասում, որ իմ բոլոր համերգներին ոչ մի օտարազգի կոմպոզիտորի ստեղծագործություն չեմ նվագել ու առանձնապես ձգտում էլ չունեմ: Ես նաև հոգևոր երաժշտություն եմ նվագում' Նարեկացի, Պահլավունի... Ես շատ եմ կոմպոզիտորներին դիմում, թե` գրեք, գրեք  գործեր, շատ գրեք, որ նվագեմ:

 

-Փաստորեն, ինքնուս ես: Երաժշտական կրթությո՞ւնը հեշտացրեց գործդ, այսինքն' ես, որ մասնագիտական կրթություն չունեմ, կարո՞ղ եմ տերմենվոքսի վրա նվագել սովորել:

-Եթե երաժշտական կրթություն չունես' չես կարող: Երբ առաջին անգամ գործիքը տեսա, մի քիչ վախեցա, շատ բարդ էր թվում: Այդ ժամանակ ես քնեցնում էի բալիկիս ու ամուսնուս ու մյուս բալիկիս հետ /հղի էի/գիշերները պարապում: Ականջակալներով էի պարապում և որքան շատ էի պարապում, հասկանում էի, որ դեռ շատ անելիք կա: Սկզբնական շրջանում ինչ-որ բան այն չէր, չէր ստացվում, հետո երբ համացանցում տերմենվոքսի մասին ինֆորմացիա էի փնտրում, տեսա, որ նշված էր, թե ականջակալներով պարապելը հակացուցված է: Գործիքին ճիշտ տիրապետելու համար լավ լսողություն է  պետք ունենալ, ամեն ինչ լսողության վրա է հիմնված: 2012-ի հունվարից եմ սկսել պարապել, և 2013-ի մարտին առաջին համերգս էր: Նվագելիս հենարանս լսողությունն է դառնում, երբ գտնում եմ առաջին նոտան, արդեն հաջորդ նոտան կարողանում եմ կապել նախորդին:

 

 -Որ միակն ես ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, լա՞վ, թե՞ վատ է:

-Իհարկե, լավ է: Ամենադժվարը սկզբում էր, երբ ոչ ոք չէր օգնում ինձ, չկար մի մասնագետ, ում կարող էի դիմել: Մյուս կողմից էլ` լավ է, որ միակն եմ, քանի որ մրցակցություն չկա: Այսինքն' մրցակցություն իմ ներսում կա, բայց արտասահմանի կատարողների հետ: Թող մեծամիտ չհնչի, բայց սովորելու համար պետք է ամենալավ երաժիշտներին լսեմ, նրանց հետ մրցեմ: Երբ սկսեցի պարապել, դիմեցի հայտնի տերմենահար Լիդիա Կավինային, ով ինձ օգնեց մի շարք հարցերում:  Ի դեպ, մեր հայրենակիցներից մեկը' Արմեն Ռան, ով բնակվում է ԱՄՆ-ում, նույնպես տերմենահար է: Առաջիկայում ԱՄՆ-ում հանդես կգամ համերգով, իսկ աշնանը Գերմանիայում տերմենահարների փառատոն կա, որին կուզեմ մասնակցել, եթե հովանավոր գտնեմ:

 

Կարինե Հարությունյան