կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 15:05
Քաղաքական

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին տեղափոխել են հիվանդանոց

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր` ժամը 3-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է նիստ գումարեր`  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների մի զգալի մասին ոստիկանություն տանելուց հետո, բողոքի դուրս եկած մնացած քաղաքացիները, տեղեկանալով, որ ՀԾԿՀ-ն նիստ չի հրավիրելու, որոշել են շարժվել ոստիկանության կենտրոնական բաժանմունք, որտեղ բերման են ենթարկել տասնյակ քաղաքացիների:

 

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ է ոստիկանությունը ուժ կիրառել բողոքող քաղաքացիների նկատմամբ, ի պատասխան ասել է, որ ոստիկանությունը գործել է օրենքին համապատասխան, և որ ոստիկանությունը այդ օրենքի շրջանակներում իրավունք ունի հատուկ դեպքերում բերման ենթարկել այն քաղաքացիներին, ովքեր հասարակական կարգն են խախտել:

 

Հարցին` որքա՞ն մարդ է բերման ենթարկվել, Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, և որ այդ հարցին կպատասխանեն ոստիկանության տեղեկատվության բաժնից:

 

Ինչ վերաբերում է այն բանին, թե ոստիկանությունը պատրաստվո՞ւմ է արդյոք հատուցել որոշ քաղաքացիների ու լրագրողների կրած նյութական վնասը, որովհետև բողոքի ակցիան ցրելու հետևանքով ջարդվել են լրագրողների և օպերատորների տեխնիկական սարքերը, պատառոտվել քաղաքացիների հագուստները, Վալերի Օսիպյանն ասաց. «Այդպիսի բան չի կարող լինել, որ ոստիկանները ջարդեն որևէ բան, եթե նման բան է եղել, ես ներողություն եմ խնդրում»:

 

Նշենք, որ բողոքող քաղաքացիներից մեկի` Արա Կարագյոզյանի կրծքավանդակի շրջանում հարվածի հետևանքով կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը, և նրան տեղափոխել են հիվանդանոց: