կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-21 11:59
Քաղաքական

Կուտակային կենսաթոշակի մասին օրենքն ընդունվեց կանոնակարգի խախտումներով. հաջորդեց սկանդալ

Կուտակային կենսաթոշակի մասին օրենքն ընդունվեց կանոնակարգի խախտումներով. հաջորդեց սկանդալ

Քիչ առաջ Ազգային ժողովում քվեակության դրվեց կուտակային կենսթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Կողմ քվեարկեց 67 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային:

 

«Որոշումն ընդունվել է»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

Քվեարկությունից հետո ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ բացակայի փոխարեն քվեարկել են, պետք է սա արձանագրել և հետևություն անել: «Տղամարդկությունը էն չի, որ օրենքը խախտենք: Տղամարդկությունը էն է, որ ամեն մեկը իր գործն անի: Էս մեթոդներով շատ հեռու չենք գնալու»,- ասաց Աղվան Վարդանյանը: Նա կոչ արեց պատգամավորներին լինել օրենքի սահմաններում:

 

«Որը, ի դեպ, կատարում ենք»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:

 

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ իրենց խմբակցությունը չմասնակցեց կուտակային օրենքի քվեարկությանը: Երկրորդ` ԱԺ դահլիճում միայն ՀՀԿ խմբակցության և անկախ պատգամավորների թիվը 64 է, և սա պետք է արձանագրել: Երրորդ` կենսաթոշակային օրենքը չի կարող այսօր ընդունվել, քանի որ դա կանոնակարգի խախտում է: Երբ Արծվիկ Մինասյանը փորձում էր թվարկել այսօրվա նիստի մյուս խախտումը, նրա խոսափողն անջատեցին:

 

Այնուհետև խոսեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը: Նա ասաց, որ իրեն զրպարտում են, թե քվեարկում է ուրիշի տեղը: «Տղամարդկությունն ապացուցելու համար տեղեր կան: Ես ձեզ կապացուցեմ իմ տղամարդկությունը»,- ասաց Մելիքյանը:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դահլիճում բռնել են շանտաժի ճանապարհը: Նա «դաշնակցական իր ընկերներին» առաջարկեց կատարել «հաշվետարի դեր» և հաշվել քվեարկությանը մասնակցած 67 պատգամավորին:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ քառյակը և անկախ պատգամավորները դեմ են այս օրենքին, բայց չեն քվեարկել, որ օրենքը չանցնի: Նա խնդրեց 20 րոպե ընդմիջում, որ խմբակցությունները քննարկեն կանոնակարգի «սիստեմատիկ խախտումները»:

 

«Ես կարծում եմ` արդեն քաղաքական դաշտից դուրս եք եկել, տեխնիկական դաշտ եք մտել»,- ասաց Գալուստ Սահակյանը` փաստացի մերժելով Զուրաբյանի պահանջը:

 

Այնուհետև Սահակյանն ուզում էր անցնել մյուս հարցերի քվեարկությունը: Սակայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը սկսեց դժգոհել` ասելով, որ իրեն նվաստացած է զգում, և Գալուստ Սահակյանը իրավունք չունի մերժել 20 րոպե ընդմիջման պահանջը:

 

Գալուստ Սահակյանը դարձյալ մերժեց:

 

Անդրադառնալով «հաշվետարի» մասին դիտարկմանը` Աղվան Վարդանյանն ասաց, որ ընդամենը կոչ են արել պահպանել օրենքները: Վարդանյանի խոսքով` եթե այսօր ոմանք հնարավորություն ունեն այսպես առաջ գնալու, ապա 5-10 տարի հետո չեն կարողանալու, և օրենքն այսօր խախտողներն իրենք են խնդրելու, որ օրենքը պահպանվի:

 

Այնուհետև Գալուստ Սահակյանը մերժեց նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խնդրանքը` կրքերը հանդարտեցնելու նպատակով հայտարարել 20 րոպե ընդմիջում:

 

Սահակյանը շարունակեց քվեարկության դնել օրակարգի մյուս հարցերը, որոնք ընդունվեցին: