կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 18:23
Քաղաքական

Կառավարության ներկայացուցչի՝ ԱԺ չներկայանալը բարկացրեց Շարմազանովին

Կառավարության ներկայացուցչի՝ ԱԺ չներկայանալը բարկացրեց Շարմազանովին

ԱԺ արտահերթ նիստում, երբ պետք է քննարկվեր կառավարության ներկայացրած «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քարտուղարությունից իրեն տեղեկացրեցին, որ հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ուշանում է, մեկ-երկու րոպեի ընթացքում կլինի ԱԺ-ում:

 

Մինչ այդ, երբ Շարմազանովի խոսափողն անջատած էր, քարտուղարությունից Շարմազանովին մոտեցած մարդը ինչ-որ բան էր առաջարկում, գուցե ընդմիջում հայտարարել, ԱԺ փոխխոսնակն էլ զայրացավ` ասելով. «Գլուխը պատին ա տվել, հիմա ո՞նց պետք է անենք, մանկապարտեզ ա՞ ստեղ»:

 

ԱԺ փոխխոսնակը հինգ րոպե սպասելուց հետո հայտարարեց. «Կառավարության ներկայացուցիչը, չգիտեմ` ինչ պատճառով, դեռևս չի կարողանում ժամանել ԱԺ, բայց ԱԺ բնականոն աշխատանքների համար ես պետք է կանոնակարգ օրենք խախտեմ ու դադարեցնեմ նիստը: Ի՞նչ ասեմ, որպեսզի զեկուցողը և կառավարության ներկայացուցիչները հասկանան, որ պետք է ժամանակին ներկայանալ, չեմ կարծում, որ ԱԺ պատգամավորները պետք է նստեն ու սպասեն, թե երբ պետք է գա զեկուցողը»:

 

Նիստը դադարեցվեց: