կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-23 12:40
Քաղաքական

Խորհուրդ չէի տա կոմպրոմատների լեզվով խոսել. Ռուբեն Հակոբյանը` Շարմազանովին

Խորհուրդ չէի տա կոմպրոմատների լեզվով խոսել. Ռուբեն Հակոբյանը` Շարմազանովին

Ըստ էության` կոմպրոմատներով խոսելն այս իշխանության գլխավոր զենքերից մեկը դարձավ, որն ուղղակի այլասերում է ամբողջ պետական կառավարման համակարգը. Yerkir.am-ին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի արձագանքին Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ առանձնազրույցի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի պարզաբանումներին:

 

Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ նախագահի արարողակարգի ղեկավարին Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ինքն ուզում է, որ հանդիպման ձեւաչափը լինի բաց, հրապարակային, այդ հանդիպմանը մասնակցեն նաեւ լրագրողները: Իսկ արարողակարգի ղեկավարը պատասխանել է, թե իրենք այդ պահին պատրաստ չեն, հավանաբար` նաեւ ինչ-որ տեխնիկական հարցեր նկատի ունենալով, եւ նախատեսել են դեմ առ դեմ` առանձին հանդիպում: Ու դրանից հետո միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ այդ դեպքում ինքը պատրաստ է առանձին հանդիպելու:

 

«Ես ծանոթ եմ, թե ինչ է ասել Շարմազանովը, ու կասեմ, որ կոմպրոմատների լեզվով խոսել խորհուրդ չէի տա երիտասարդ գործընկերոջս: Բայց եթե բանը հասել է դրան, ես կոչ եմ անում հրապարակել առանձնազրույցը: Եթե պայմանավորվել են առանձին հանդիպման, ապա ձայնագրել հանդիպումը, առավել եւս` այն բանից հետո, երբ նախագահն ասել է, որ միայն երկուսով են խոսելու... Ու հիմա էլ հայտարարում են, որ ունեն այդ հանդիպման ձայնագրությունը, ինչի առթիվ հոխորտում է պարոն Շարմազանովը, ապա ես կոչ եմ անում, որ այն հրապարակեն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Yerkir.am-ի հարցին, թե մոտավորապես ի՞նչ կարող էր նկատի ունենալ Շարմազանովը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի ժամանակ ասաց այն, ինչի մասին խոսել են, շատ բաց ու անկեղծ ներկայացրեց իրողությունը:

 

«Չկա մի թաքուն բան, որի հրապարակումից մենք վախենանք: Ես ասում եմ` թող հրապարակեն, ճիշտ կլինի, որ հրապարակեն: Այլապես իմ գնահատականն այլ կլինի, եթե այդպես հոխորտալուց հետո չհրապարակվի այդ զրույցի ձայնագրությունը»,- շեշտեց Հակոբյանը:

 

Հիշեցնենք, որ, news.am-ի հրապարակմամբ, ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման վերաբերյալ վերջինիս արձագանքին, ասել է. «Այն, ինչ լսեցի, խիստ տարօրինակ էր: Տպավորություն ստացա, որ այդ հանդիպման ժամանակ նախագահն ընդամենը 3 անգամ «ոչ» է ասել, իսկ այնուհետեւ պարոն Հովհաննիսյանը բոցաշունչ ելույթ է ունեցել այն մասին, որ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մեղավորները պետք է գտնվեն ու պատժվեն օրենքի ուժով, ինչին ի պատասխան նախագահը լռել է: Համաձայնեք, նույնիսկ զվարճալի է: Թափանցիկության ու հրապարակայնության կատարելության նմուշ մի պատմություն: Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, ստիպված պիտի լինենք հրապարակել, թե իրականում ինչ են շուրջ մեկ ժամ խոսել նախագահն ու պարոն Հովհաննիսյանը, որքան էլ որ հավատում էինք, թե դա հավուր պատշաճի կանի պարոն Հովհաննիսյանը»: